Sanctus-ի հասցեին դրվատանքով է խոսել կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը Հայաստանյան մշակութային կյանքում հաճախ չենք հանդիպում վոկալ անսամբլների: Եթե չենք սխալվում՝ դրանք այսօր երկուսն են՝ «Ավետում» (ղեկավար՝ Լիլիթ Սաֆարյան) եւ Sanctus (ղեկավար՝ Ռադիկ Մելիքյան)՝ չհաշված եկեղեցիներում գործողները: Փոքր կազմով վոկալ անսամբլները նույնիսկ անհրաժեշտ են՝ հնչեցնելու համար հոգեւոր երաժշտություն ու Կոմիտաս, ինչպես նաեւ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Անհրաժեշտության դեպքում համերգի կազմակերպիչները դիմում են Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, որտեղ վոկալ բաժնի ուսանողներից կազմվում են անսամբլներ: Օրերս Գերմանիա կատարած հյուրախաղերից վերադարձավ Sanctus վոկալ անսամբլը: Վերջինիս՝ 2007թ. «Երեւան պրոդաքշնի» կողմից թողարկված առայսօր միակ CD-ի ներդիրում Sanctus-ի հասցեին գովեստի խոսքեր է շռայլել անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Իսկ անսամբլը ստեղծել է 2004թ. խմբավար Ռադիկ Մելիքյանը, որի ղեկավարությամբ Sanctus-ը հաճախակի է հանդես գալիս ոչ միայն Հայաստանում, այլեւ արտասահմանում: «Առավոտի» հետ զրույցում Ռադիկ Մելիքյանն ասաց, որ հիմնադրումից հետո ընդամենն ամիսներ անց՝ 2005թ., Sanctus-ը մասնակցել է Գերմանիայի Լիմբուրգ քաղաքում կազմակերպվող երգչախմբային ու անսամբլների ամենամյա մրցույթին եւ վոկալ անսամբլների անվանակարգում շուրջ 300 խմբերի թվում արժանացել է 2-րդ մրցանակի: Նույն թվականին, եղեռնի 90-ամյակի տարելիցին ելույթ է ունեցել Սիրիայում, ապա մասնակցել Կանադայում Քվեբեկ քաղաքում ավանդաբար անցկացվող Sacret musik փառատոնին: «Կանադական հոգեւոր այս փառատոնը մի առանձնահատկություն ունի. մասնակցում են միայն տեղի երգչախմբեր ու վոկալ անսամբլներ եւ ամեն տարի կազմակերպիչներն արտերկրից հրավիրում են ընդամենը մեկ կոլեկտիվ»,- նշեց մեր զրուցակիցը: Հավելեց, որ այդ հյուրախաղերի ընթացքում պատիվ են ունեցել մասնակցել Մոնրեալի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հիմնադրման 20-ամյակի շրջանակներում անցկացվող միջոցառումներին: Մեր զրուցակիցը ժպտալով նշեց, որ 2005թ.-ն անսամբլի համար առատ տարի էր հյուրախաղերի մասով եւ հայտնեց, որ համերգներ են ունեցել նաեւ Շվեյցարիայի քաղաքներում՝ Ժնեւում, Բազելում, Ցյուրիխում. «Մասնակցեցինք Բազելում կայացած մանսուրյանական փառատոնին, իսկ Ցյուրիխում մեզ դիմավորեց հատկապես Եվրոպայում մեծ պահանջարկ վայելող կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանը»: Ինչ վերաբերում է վերջերս Գերմանիա կատարած համերգային շրջագայությանը, Ռադիկ Մելիքյանը հայտնեց, որ կազմակերպիչն էր տեղի հայկական AEAE կազմակերպությունը (նախագահ՝ Միքայել Մինասյան), որը մի շարք ոլորտների, այդ թվում՝ նաեւ մշակութային, համագործակցում է գերմանական արտգործնախարարության հետ: «Այս շրջագայության ժամանակ ընդամենը ունեցանք մեկ համերգ Բեռլինի Erloserkirche-ում՝ տեղի կաթոլիկ եկեղեցում, ներկայացրինք հայ հոգեւոր երաժշտություն, Կոմիտաս… Ելույթից հետո մասնագետների կողմից «ողողվեցինք» բարձր գնահատականներով ու կարծիքներով՝ ուղղված մեր հոգեւոր արվեստին: Գերմանացի երաժիշտներից մեկն էլ խնդրեց իրեն վաճառենք Կոմիտասի նոտայագրված ստեղծագործությունները: Բնականաբար, մենք դրանք նվիրեցինք»,- ասաց երաժիշտը: Ռադիկ Մելիքյանը 2014թ. հանդիսանում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր խմբավարը: Վերջերս կայացած Բիզեի «Կարմեն» օպերայի պրեմիերայից հետո (ռեժիսոր՝ Արմեն Մելիքսեթյան, բեմադրող դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան) մասնագետները իսկապես հիացած էին երգչախմբով: Հարցին, թե այժմ ի՞նչ բեմադրություններ են պատրաստվում օպերայում, խմբավարը նշեց Պուչինիի «Տոսկա», Բելինիի «Նորմա» օպերաները եւ ասաց, որ մինչեւ տարեվերջ, հավանաբար, երեխաները տարիների ընդմիջումից հետո կարող են դիտել մանկական օպերային ներկայացում, այն է՝ Սոֆա Ազնաուրյանի «Չիկարելին»: ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ «Առավոտ» օրաթերթ 29.10..2015 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/10/30/623471/ © 1998 – 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից