IMG-LOGO

Հայկական մշակույթ, պլյուս գերմանական աջակցություն

01-12-2015
IMG

Արտասահմանում գործող կրթական-մշակութային կառույցները, ըստ էության, ստեղծված են տվյալ երկրում, Հայաստանում եւ Արցախում մասնագիտական ներուժը համախմբելու ու այն ներդնելու բազմաբնույթ ծրագրերի իրականացման համար:   11059621_832615233442421_5790372747591194430_o «Առավոտը» հյուրընկալել էր Հայ եւ եվրոպացի մասնագետների ասոցիացիայի (ՀԵՄԱ) նախագահ Միքայել Մինասյանին: Մեր զրուցակիցը նշեց, որ իր ղեկավարությամբ գործող կառույցը երիտասարդ է, սակայն կարճ ժամանակահատվածում կարողացել է ծրագրերի շուրջ համախմբել գերմանահայ մասնագետների, ստեղծել համագործակցության հարթակ նաեւ հայկական եւ գերմանական այնպիսի կառույցների հետ, ինչպիսիք են Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդարանը, Հալլե քաղաքի «Մեսրոպ» հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնը, Ավետարանական Պաուլ Գերհարդի անվան էկոնոմիկայի եւ լեզվի ինտեգրացիոն դպրոցը եւ այլն: «Մեր հանրային կազմակերպությունն իր գոյության արդեն երրորդ տարում հատկապես Բեռլինի եկեղեցական եւ մշակութային հայ համայնքի հետ համագործակցության արդյունքում վերաճեց ու դարձավ մեկ միասնություն, որն այսօր շատերը բնորոշում են որպես Արեւելյան բեռլինահայերի համայնք»,- հավելեց պարոն Մինասյանը: Նշեց, որ համատեղ ջանքերի շնորհիվ այս տարվա մայիսի 3-ից մեկնարկել է մշակութային համատեղ ծրագիրը: «Բեռլինի Լիխտենբերգ շրջանի ավետարանական «Ամենափրկիչ» եկեղեցում կայացած միջոցառումը, որը ընդգրկեց տոնական բանախոսություններ, օպերային կատարումներ, հովանավորել էին գերմանական Բունդեսթագի պատգամավոր Մարտին Պետցոլդը եւ Բեռլինի Լիխտենբերգ շրջանի մշակույթի գծով պատասխանատու Կերստին Բոյերիխը: Մշակութային օրերը շարունակվեցին Բեռլինի Կառլսհորստ շրջանի մշակույթի կենտրոնի պատկերասրահում, որտեղ ներկայացված էին ժամանակակից հայ աբստրակտ նկարչության աշխատանքներ: Ցանկություն ունեմ տեղեկացնել բոլոր միջոցառումների մասին, բայց հասկանալի պատճառով կնշեմ մեկ-երկուսը:   Օրինակ, հիշատակման են արժանի «Նաղաշ» երգչախմբի կատարմամբ՝ ամերիկահայ Ջոն Հոդյանի մշակմամբ հայկական հոգեւոր երաժշտության բարձրարվեստ կատարումը կամ բեռլինաբնակ հայ արվեստագետ Արչի Կալենցի «Հայ աբստրակտ արվեստի արդի զարգացումները» թեմայով դասախոսությունները»,- հայտնեց Միքայել Մինասյանը: Հավաստիացրեց նաեւ, որ հայ համայնքի եւ գերմանացիների հետաքրքրությունը կայացած միջոցառումների հանդեպ այնքան մեծ էր, որ ՀԵՄԱ-ն որոշեց շարունակել մշակութային միջոցառումները, ինչի արդյունքում սեպտեմբերի 21-ից նոյեմբերի 2-ը տարբեր նախագծեր ու ձեռնարկներ իրականացվեցին Բեռլինի Լիխտենբերգ-Հոհենշյոնհաուզեն եւ Շառլոտենբուրգ-Վիլմերսդորֆ շրջաններում: Իսկ այս անգամ մշակութային ծրագրի գլխավոր հովանավորությունն իր վրա է վերցրել Գերմանիայի արտաքին գործերի գերատեսչությունը: «Հայաստանի Հանրապետության 24-րդ տարելիցին նվիրված իսկապես բացառիկ միջոցառում կայացավ. Բեռլինի պետական բալետի մենակատար, բալետմայստեր Արշակ Ղալումյանը իր չորս կոլեգաների հետ ներկայացրին «Ազատություն» պարային ներկայացումը: Վերջինս նկարագրում է հայի ազատատենչ ոգին:   Sanctus «Սանկտուսը» Գերմանիայում:   Տիգրան Մանսուրյանի «Ճանապարհից» մինչեւ Կարեն Մայիլյանի «Հայոց հովիկ» ստեղծագործությունները, որոնց ներքո էր բեմադրված ներկայացումը, տպավորիչ ասած՝ ասելիք էր դարձել գերմանացի արվեստագետների շրջանում: Տպավորիչ էր նաեւ գրական ներկայացումը, որի կորիզն էր Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը»,- պատմեց պարոն Մինասյանը: Ներկայացրեց նաեւ Հայաստանից ժամանած «Սանկտուս» վոկալ անսամբլի (ղեկավար՝ Ռադիկ Մելիքյան) գերմանական ելույթը. «Այս երեկոն, երբ Կոմիտասը հանդիպում է Բախին, այսինքն՝ հայ երգարվեստը՝ գերմանականին, հաճելիորեն զարմացրեց գերմանացի ունկնդրին: Գերմանական սրահներից մեկում էլ տեղի ունեցավ Հայաստանի գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի «Փաստերի եւ ականատեսների վկայությունների հիման վրա 21-րդ դարում ցեղասպանական հանցանքների կանխարգելիչ միջոցառումներ» թեմայով դասախոսությունը»,- հայտնեց մեր զրուցակիցը: Նշեց, որ դասախոսությունն իր բանախոսական շարունակությունը գտավ Հայաստանից ժամանած արցախյան ազատամարտի մասնակից, ՀՀ խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանի՝ հայ խաղաղապահների առաքելության մասին զեկույցով, որի նպատակներից մեկն է առաքելության երկրներում կանխարգելելու ցեղասպանական հանցարարքները: Ավարտին էլ ելույթ է ունեցել Երեւանի օպերային թատրոնի մեներգիչ Արտակ Կիրակոսյանը:   Զրույցի ավարտին ՀԵՄԱ նախագահ Միքայել Մինասյանն ասաց, որ իրենց ուրախացնում է այն հանգամանքը, որ միջոցառումից միջոցառում, տարեցտարի նոր գործընկերներ են ձեռք բերում, ինչն էլ հետագայում վերաճում է հաճելի համագործակցության: Իսկ այս տարվա միջոցառումները նվիրված էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:   ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ Լուսանկարում` Միքայել Մինասյանը՝ Բեռլինի Լիխտենբերգ շրջանի մշակույթի պատասխանատու Կերստին Բոյերիխի հետ: «Առավոտ» օրաթերթ 26.11..2015   Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/11/27/632812/   © 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից