Մայիսի 13-ին Բեռլինի «Կարլսհորստ» մշակույթի տանը մեկնարկեցին արդեն ավանդական դարձած գերմանահայկական մշակութային օրերը: Միջոցառումների շարանը նախաձեռնել և կազմակերպել է «Հայ և եվրոպացի մասնագետների ասոցիացիան»` ՀԵՄԱ-ն` նախագահ Միքայել Մինասյանի գլխավորությամբ: Այս տարի ևս այն անց է կացվում Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր դր. Մարտին Պետցոլդի (մայրը`գյումրեցի Ալինա Մարտիրոսյան) և Բեռլինի Լիխտենբերգ շրջանի մշակույթի գծով պատասխանատու տիկին Կերստին Բոյրիխի հովանու ներքո: Միջոցառումների համար ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Բեռլինի Լիխտենբերգ շրջանի թաղապետարանը: Իսկ գործընկերությամբ հանդես են գալիս Գերմանիայում ՀՀ դեսպանատան մշակութային բաժինը, ԼՂՀ մշտական ներկայացուցչությունը, Արչի Գալենցի «InteriorDAsein/Berlin» արվեստանոցը, Բեռլինի «Երևան» ռեստորանը, Լիխտենբերգ շրջանի թաղապետարանը և «Կարլսհորստ» մշակույթի տունը: Մշակութային օրերի առաջին միջոցառումը համերգ էր` «Դասականը միավորում է» խորագրով, որը կազմակերպիչները նվիրել էին ՀՀ և ԼՂՀ անկախության 25-րդ տարեդարձին: Համերգի ընթացքում, որը վարում էր ՀԵՄԱ նախագահ Միքայել Մինասյանը, ողջույնի խոսքերով ելույթ ունեցան հրավիրյալները: Մարտին Պետցոլդ Բունդեսթագի պատգամավոր Մարտին Պետցոլդն իր խոսքում նշեց, որ շատ ուրախ է, որ այս մշակութային օրերը տեղի են ունենում Բեռլինի այն շրջանում, որը ներկայացնող պատգամավորն ինքն է: Նա կարևորեց գերմանահայկական մշակութային կապը և արդյունավետ փոխգործակցությունը. «Մենք գիտենք, որ Հայաստանը Քրիստոնեությունն ընդունած առաջին երկիրն է և որ քրիստոնյա մարդու բնութագիրը, ծագումը գալիս է Հայաստանից: Սա որպես հիմնաքար միտք տվեց մեր համագործակցությանը: Հայաստանն արդեն 25 տարի է՝ անկախ է, որը մեծ առաջընթաց եմ համարում: Չեմ ուզում քաղաքական ելույթի վերածել խոսքս, միայն հիշեցնեմ, որ հունիսի 2-ին Բունդեսթագում մենք կբարձրացնենք Հայոց Ցեղասպանության մասին հարցը»: Խոսքը եզրափակելով նա հույս հայտնեց, որ ՀՀ-ն ճանապարհ կգտնի դեպի Եվրոպա, իսկ ինքն այդ պարագայում պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել որպես Բունդեսթագի անդամ: Հասմիկ Սահակյան Գերմանիայում ՀՀ դեսպանության մշակույթի գծով պատասխանատու Հասմիկ Սահակյանը դրական գնահատեց մշակութային օրերի անցկացումը. «Այս տարի յուրահատուկ թեմա է ընտրված, 1991-ից մեր ազգն անկախացավ և փորձում է ինքնորոշվել խաղաղ ճանապարհով: Մեր ճանապարհին, սակայն մեր հարևաններն են քարեր դնում, բայց մենք շարունակում ենք մեր երկիրը կառուցել»: Կերստին Բոյրիխ Ելույթ ունեցողների թվում էր նաև Բեռլինի Լիխտենբերգ շրջանի մշակույթի գծով պատասխանատու տիկին Կերստին Բոյրիխը, ով նշեց, որ իրենք հպարտ են, որ արդեն երկրորդ անգամ գերմանահայկական մշակութային օրերը տեղի են ունենում իրենց շրջանում: Դասական համերգի ընթացքում հնչեցին թե‘ հայկական, թե‘ գերմանական կատարումներ` Կոմիտաս, Մոցարտ, Շուբերտ և այլն: Բեմում հանդես եկան բացառապես հայ արվեստագետներ` Արտակ Կիրակոսյան (տենոր), Կարինե Գիլանյան (դաշնամուր), Դավիթ Խաչատրյան (ջութակ), Անժելա Ամիրյան (սոպրանո) և Ստեֆանիա Կուրտիկյան (սոպրանո): Գայանե ԱՌԱՔԵԼՅԱՆ արվեստագիտության թեկնածու Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/05/15/692018/ © 1998 - 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից