IMG-LOGO

Բեռլինում գերմանահայկական մշակութային օրերն ավարտվեցին տպավորիչ համերգով

10-07-2016
IMG Հուլիսի 3-ի երեկոյան Բեռլինի «Կարլսհորստ» մշակույթի տանը տեղի ունեցավ «Նաղաշ» անսամբլի համերգը` վերջինիս գեղարվեստական ղեկավար Ջոն Հոդյանի գլխավորությամբ, որով եզրափակվեց գերմանահայկական մշակութային օրերի ծրագիրը: Համերգն անցավ ջերմ մթնոլորտում: Հանդիսատեսն ավարտին իր երկարատև և հոտնկայս ծափահարություններով, նաև բացականչելով պահանջեց ևս մեկ կատարում: «Նաղաշ» անսամբլը Բեռլինում ելույթ ունեցավ արդեն երկրորդ անգամ: Նախորդ տարվա կատարումներից տպավորված գերմանացի հանդիսատեսն ու Լիխտենբերգ թաղամասի մշակույթի գծով պատասխանատուները խնդրել են խմբին նորից հրավիրել: Բեռլինի Լիխտենբերգ թաղամասի մշակույթի գծով պատասխանատու տիկին դր. Կատրին Գոքշն իր ելույթում նշեց այս մասին և հավելեց, որ հայերն ունեն համաշխարհային բարձրության հասնող մի երգչախումբ, որն իր փայլուն կատարումներով հիացրել էր իրենց, ինչն էլ առիթ դարձավ անսամբլին նորից ունկնդրելու: Անդրադառնալով մշակութային օրերի ընթացքին Բունդեսթագի պատգամավոր դր. Մարտին Պետցոլդն իր ելույթի խոսքում նշեց, որ հայկական մշակույթի մեջ շատ բան կա սովորելու: Ինքը շատ ուրախ է, որ այս համերգը լսելու հնարավորություն ունի. «Երբ նայում ենք հետ հայերի պատմության զարգացմանը, տեսում ենք մի բարձրագույն մշակույթ, որը նաև տառապանք է տեսել: Հայ ժողովուրդը այն ժողովուրդն է, ով կրում է այս բարձրարժեք մշակույթը: Կուզեի, որ նման միջոցառումներ կրկին լինեին: Ես տեսնում եմ, որ հանդիսատեսն այս միջոցառումների շնորհիվ ավելի շատ է ընկալում հայկական մշակույթը: Ես էլ որպես Բունդեսթագի պատգամավոր լիովին աջակից կլինեմ»: Համերգի ավարտին Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը շնորհակալություն հայտնեց երգչախմբին տպավորիչ և հրաշալի կատարումների համար` նշելով, որ հպարտ է, որ այսպիսի երգչախումբ ունենք: Մեզ հետ զրույցում միջոցառումների կազմակերպիչ, ՀԵՄԱ նախագահ Միքայել Մինասյանը հիշեցրեց, որ այս տարվա մշակութային օրերը նվիրված էին ՀՀ-ի և Արցախի անկախության 25-ամյակին: Գնահատելով ընթացքը նշեց, որ միջոցառումների շարանով հայկական կողմը բավականին ներդրում արեց և աշխուժություն մտցրեց Բեռլինի Լիխտեմբերգ թաղամասի մշակութային կյանքում: «Սկզբնական շրջանում, հատկապես Արցախին նվիրված միջոցառումները այս համատեքստում միանշանակ չէին ընդունվում, իհարկե գերմանական հասարակության կողմից, քանի որ Արցախը ճանաչված պետություն չի, որոշակի թերահավատության տեղիք էր տալիս: Սակայն ինչպես տեսնում եք մշակույթը ինքը խոսում է անկախ քաղաքականությունից: Իրենց ելույթներում գրեթե բոլորն էին դա նշում: Եվ որպեսզի մենք կարողանանք մեր մշակույթն ու արվեստը, երկիրն ու պատմությունը առավել ամբողջական ու գեղեցիկ ներկայացնենք, հարկավոր է, որ նման միջոցառումներին ՀՀ կառավարությունն աջակցի իր անմիջական մասնակցությամբ»,- ամփոփեց Միքայել Մինասյանը:   Գայանե ԱՌԱՔԵԼՅԱՆ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/07/04/711448/ © 1998 - 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից