Գերմանահայ Թեմի Առաջնորդը և Բունդեսթագի Պատգամավորը Հայկական Կազմակերպության Անդամներ Դարձան
24 Jul 2017 Սփյուռք Comments OffOn Գերմանահայ Թեմի Առաջնորդը և Բունդեսթագի Պատգամավորը Հայկական Կազմակերպության Անդամներ Դարձան 798 VuesՀուլիսի 15-ին Բեռլինի Լիխտենբերգ շրջանի «Փրկչի» եկեղեցին մարդաշատ էր: Այստեղ հանդիսավոր արարողությամբ «Հայ և եվրոպացի մասնագետների ասոցիացիա» ՀԿ պատվավոր անդամներ դարձան Գերմանիայի Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ, նորին սրբ.արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանը և Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր պարոն դր.Մարտին Պետցոլդը: Անդամության կոչումները նրանց հանձնեց կազմակերպության նախագահպարոն Միքայել Մինասյանը, ով հանդես եկավ նաև բացման խոսքով:
Մեզ հետ զրույցում պարոն Մինասյանը նշեց, որ վերջիններս նշանակալի գործունեություն են ծավալել գերմանահայոց համար, մասնավորապես մեծ է նրանց դերը արևելյան Բեռլինի հայերի համար: «Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը և դր. Մարտին Պետցոլդը մեծ դերակատարում են ունեցել նաև մեր միության համար և եղել են շարժիչ ուժ: Այդ պատճառով վարչությունը որոշեց և անդամության ժողովն էլ հաստատեց վերջիններիս ընտրել որպես պատվավոր անդամներ: Նրանց շնորհիվ է, որ մենք այս եկեղեցում կարողանում ենք պատարագներ ու միջոցառումներ անցկացնել, գերմանահայկական մշակութային օրերը կազմակերպել, Պետցոլդի դերը մեծ էր, օրինակ, ցեղասպանության բանաձևի ընդունման հարցում և այլն: Միայն կարող ուժերն են իրավիճակ փոխել կարողանում, հարկավոր է նրանց արածը գնահատել»:
Միջոցառմանը Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը ներկա չէր, որովհետև աշխատանքային ծառայություններով գտնվում էր Ստամբուլում: Նրա կոչումը հանձնվեց Արլ. Գերմանիայի հոգևոր առաջնորդ Տեր Գնել քահանա Գաբրիելյանին: Այնուհետև «Հիսուսի հրաշագործությունները»թատերական ներկայացմամբ հանդես եկան հայկական կիրակնօրյա դպրոցի սաները: Միջոցառումն ավարտվեց եկեղեցու բակում շախմատի մրցույթով, որին մասնակցում էին տարբեր տարիքային խմբերի թե՛ գերմանացի, թե՛ հայ երեխաներ:
Գայանե Առաքելյան