Եվս Մեկ Երեկո Պարույր Սևակի Հետ
19 May 2018 Սփյուռք Comments OffOn Եվս Մեկ Երեկո Պարույր Սևակի Հետ 760 VuesՕրերս Բեռլինի Լիխտենբերգ թաղամասի ավետարանական «Փրկչի» եկեղեցու հարևանությամբ գտնվող Պաուլ Գերհարդի անվան սրահում տեղի ունեցավ պոեզիայի երաժշտական ընթերցանության երեկո՝ «Երեկո Պարույր Սևակի հետ» խորագրով: Այն կազմակերպել էր «Հայ և եվրոպացի մասնագետների ասոցիացիա» ՀԿ-ն նախագահ Միքայել Մինասյանի գլխավորությամբ: Վերջինիս գնահատմամբ միջոցառումն ունի խորհրդանշական բնույթ, քանի որ այսօրվա քաղաքական իրադարձություններին վերաբերվող թեման նույնպես արծարծվեց նրանում: Երեկոյի ընթացքում հայերեն և գերմաներեն լեզուներով ներկայացվեցին բանաստեղծի ստեղծագործություններից «Եղիցի լույս» շարքը և «Ու ծակում հոգիս» գիրքը: Բանաստեղծությունները հայերենով ասմունքեցին Երևանի Կամերային երաժշտության թատրոնի դերասանուհի, բեռլինաբնակ Անուշ Համբարձումյանը և Սկանդինավիայում կենտրոնական Եվրոոպայի հայրապետական պատվիրակի փոխանորդ հայր Եղիշե վարդապետ Ավետիսյանը: Վերջինս Ստոկհոլմից Բեռլին էր ժամանել երեկոյին մասնակցելու նպատակով: Իսկ գերմաներեն ընթերցանությամբ հանդես եկան թարգմանիչներ Միքայել Մինասյանը և բանաստեղծուհի Ագապի Մկրտչյանը, ով նույնպես իր թարգմանությունների ասմունքով հանդես գալու համար Դյուսելդորֆից Բեռլին էր ժամանել: Երեկոյին «Եղիցի լույս» շարքի մոտիվներով իր գեղանկարների շարքը ցուցադրեց գեղանկարիչ, երգահան և բժիշկ տիկին Սրբուհի Մարտիրոսյանը, իսկ միջոցառման երաժշտական ձևավորմամբ զբաղվել էր երգիչ Արտակ Կիրակոսյանը: Մեզ հետ զրույցում Հայր Եղիշե վարդապետ Ավետիսյանը նշեց, որ Սևակի պոեզիան իրեն միշտ ուղեկից է եղել, դեռ մանկության տարիներից սևակյան միջավայրում ապրելու առիթ է հանդիսացել այն հանգամանքը, որ իրենց գյուղում՝ Այգեկում է ապրելիս եղել բանաստեղծի բարեկամուհին՝ գրականագետ Ռուզաննա Արիստակեսյանը, որը գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն է եղել և շատ ուսումնասիրություններ ունի Սևակի պոեզիայի մասին: Զրուցակիցս ուրախությամբ նշեց, որ իր համար պատիվ է ինը տարի անց կրկին Բեռլինում Սևակի պոեզիան ասմունքել: Առաջին անգամ 2008-2011 թթ. Բեռլինում հոգևոր ծառայության եղած ժամանակ հնարավորություն է ունեցել կազմակերպելու Պարույր Սևակի պոեզիայի գրական առաջին երեկոն դարձյալ Միքայել Մինասյանի հետ: «Գրական երեկոյի ժամանակ ասմունքողների հայերեն և գերմաներեն ներկայացումները փաստեցին, որ Սևակը ամենապահանջված բանաստեղծներից է հայոց սփյուռքում, քանի որ ազգային ինքնաճանաչողության յուրահատուկ բովանդակություն ունի բանաստեղծի ամեն մի տողը՝ համեմված հայրենասիրական, մարդասիրական ու հոգեքննական բովանդակությամբ, որոնք երբեմն բյուրեղանում ու կատարելության են հասնում իրենց արտահայտչականությամբ՝ դառնալով հայ մարդու համամարդկային արժեքային մի անբողջություն ու սեփականություն»,- իր խոսքում նշեց վարդապետ Ավետիսյանը։ Գայանե Առաքելյան