Խուան Անտոնիոն Հայկական Երաժշտությունն Զգում Է Այնպես, Ինչպես Ես Եմ Զգում
07 Jun 2018 Մշակույթ, Սփյուռք Comments OffOn Խուան Անտոնիոն Հայկական Երաժշտությունն Զգում Է Այնպես, Ինչպես Ես Եմ Զգում 675 VuesԳերմանահայկական մշակութային օրերի շրջանակում Բեռլինի Կարլսհորստ մշակույթի տանը հունիսի 2-ին տեղի ունեցավ թավջութակահար Արմեն Անտոնյանի մենահամերգը իսպանացի հայտնի դաշնակահար, Մադրիդի թագավորական երաժշտական կոնսերվատորիայի պրոֆեսոր Խուան Անտոնիո Ալվարեզ Պարեխոյի նվագակցությամբ: Համերգը, որը տեղի ունեցավ Բունդեսթագի նախկին պատգամավոր Մարտին Պետցոլդի և Լիխտենբերգի թաղապետ Միխաել Գրունստի հովանու ներքո, նվիրված էր Գերմանիայի Դաշնային Վաստակավոր Խաչի շքանշանակիր Ալինա Պետցոլդի (Մարտիրոսյան) հիշատակին: Արվեստագետներին Մադրիդից հրավիրել էր միջոցառման կազմակերպիչ, «Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիայի» նախագահ Միքայել Մինասյանը: «Մենք այս տարվա համերգը կազմակերպելիս շեշտը դրեցինք գործիքային կատարման վրա և արդյունքում ընտրեցինք Արմեն Անտոնյանին, որովհետև նա հայկական մշակույթը Եվրոպայում տարածող ծիծեռնակներից է եղել ու մինչև այսօր էլ Եվրոպական Միության և Հայաստանի միջև մշտապես մշակույթային նոր կապեր է ստեղծում»,- մեզ հետ զրույցում նշեց Մ. Մինասյանը: Ելույթի իր խոսքում պարոն Մարտին Պետցոլդը նշեց, որ հպարտ է իր հայկական արմատներով և շնորհակալություն հայտնեց, որ միջոցառումն իր վաղամեռիկ մոր հիշատակին է նվիրվում և նման բարձրակարգ արվեստագետներ են հրավիրվել: «Մայրս հայ-գերմանական մշակութային կամուրջ էր կառուցում, և մեր ընկերությունը գնալով ավելի է խորանում, որովհետև պարոն Մինասյանն այս միությամբ դարձյալ կամուրջ է կառուցում: Երկու մեր երկրներին ավելի շատ բաներ են իրար միացնում, քան մարդիկ կարծում են: Այս փոքրիկ ու հին երկրի մշակույթն է, որ թելադրել է այն արժեքները, որ այսօր մենք Գերմանիայում ունենք: Իսկ Հայաստանի սկսած ներկա դժվարին ճանապարհին Եվրամիությունը պարտավորված է աջակցել, որ ժողովրդավարությունը կայանա»: Թավջութակի մենակատար Արմեն Անտոնյանն ավարտել է նախ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցը, ուսանել Երևանի Կոմիտասի անվան երաժշտական կոնսերվատորիայում թավջութակի հայտնի պրոֆեսոր Գերոնտի Թալալյանի մոտ: 1982 թ. նա համերգներ է ունեցել Հայաստանի պետական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ, իսկ ավելի ուշ մենակատարումներով հայկական Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգային շրջագայություններ է կատարել եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում: Հյուրախաղերով հանդես է եկել նաև մերձբալթյան երկրներում և նախկին ԽՍՀՄ-ի տարբեր երկրներում: 1987-ից մինչև 1992-ը աշխատել է Երևանի Կոմիտասի անվան երաժշտական կոնսերվատորիայում և որպես մենակատար հայտնի նվագախմբերի հետ համերգներ է տվել: 1993-ից երաժիշտ արվեստագետն ապրում և ստեղծագործում է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում: Նա այստեղ մասնակցել է բազմաթիվ փառատոնների, ինչպես օրինակ, Մադրիդի Clasicos de Verano-ն կամ Կանտաբրիայի Caprichos Musicales de Comillas-ը: 1993 թ. նրա՝ Մադրիդում հաստատվելը թյուրիմացաբար է եղել: Ավստրիա հյուրախաղերին մեկնել է Իսպանիայով: Այստեղ նրա անձնագիրը վերցրել են ստուգելու՝ արդյոք հանցագործությունների շարքից է: Եվ դա տևել է մեկ ու կես տարի: Արդյունքում նա կորցրել է այդ ժամանակ ունեցած աշխատանքային բոլոր հնարավորությունները թե’ հայրենիքում և թե’ արտերկրում: Եվ ակամայից սկսել է ապրել ու աշխատել Մադրիդում: Արմեն Անտոնյանը տաս տարի է արդեն, ինչ այստեղ հիմնադրել է երաժշտական դպրոց, կոչել 20-րդ դարի հայտնի թավջութակահար Պաբլո Կազալսի անունով, ուր դասավանդում է թավջութակ, դաշնամուր, կիթառ, կանտրաբազ, ջութակ, սոլֆեջո և այլն: Դաշնակահար Խուան Անտոնիո Ալվարեզ Պարեխոյի հետ տարիներ է, որ ճանապարհ են անցնում «Բարեգործական համերգներից մեկի ժամանակ միասին նվագեցինք Դոն Կառլո օպերան՝ երեք ժամանոց, ավարտին Խուան Անտոնիոն, այս հայտնի դաշնակահարն ինձ ասաց, երբ քեզ դաշնակահար պետք լինի, կասես, ես քո կողքին կլինեմ, ու այդ օրվանից իմ կողքին է: Նա հայկական երաժշտությունն զգում է այնպես, ինչպես ես եմ զգում, նույնն էլ ինքս իսպանականը, դրա համար համագործակցությունն ինքնին ստացվեց: Համերգներին նվագելով շատ մարդկանց եմ օգնել, աղքատներին, փախստականներին և ամենատարբեր: Մարդկանց օգնելով ինձ շատ լավ եմ զգում, դա մեծ հարստություն է»,- եզրափակեց Արմեն Անտոնյանը:
Գայանե Առաքելյան