Հայաստանն Էլ Իրավունք Ունի Որպես Եվրոպայի Մի Մասնիկ Սեղանի Շուրջ Նստելու. Գեղանկարչուհի Անահիտ Մկրտչյան
Ավանդական դարձած ամենամյա գերմանա-հայկական մշակութային օրերը Բեռլինում այս տարի անցկացվեցին մայիս-հունիս ամիսներին՝ դարձյալ Կարլսհորստի մշակույթի տանը: Եվ սովորաբար դրանք նվիրվում են հայերի կամ Հայաստանի հետ կապված տվյալ տարվա ամենակարևոր առիթին:
«Այս տարի, ցավոք, կորուստ ունեցանք ու միջոցառումների ողջ շարքը նվիրեցինք կյանքից վաղաժամ հեռացած Ալինա Պետցոլդ-Մարտիրոսյանի հիշատակին: Սա շատ խորհրդանշական է, որովհետև նա այս մշակութային օրերի ստեղծման ջատագովներից մեկն է եղել, իսկ նրա որդին՝ Մարտինը, Հայոց Ցեղասպանության բանաձևի ճանաչման հարցում անմասն չի մնացել և առնվազն ընդունումը չհետաձգելու մեջ էական դեր է խաղացել»,- մեզ հետ զրույցում պարզաբանեց միջոցառումների կազմակերպիչ, ՀԵՄԱ ՀԿ նախագահ Միքայել Մինասյանը:
Մշակութային օրերի առաջին երկու միջոցառումները կրում էին «Կամուրջ» խորագիրը: Զրուցակցիս հավաստմամբ այդ միջոցառումների՝ գեղանկարների ցուցահանդեսի և մենահամերգի (թավջութակահար Արմեն Անտոնյան) մասնակիցների ընտրությունը ահա այս հանգամանքով էր պայմանավորված՝ նրանք ունակ են կամրջելու և միջմաշակութային կապեր հաստատելու:
«Կամուրջ» խորագրով ցուցահանդեսի համադրող և մասնակից Անահիտ Մկրտչյանն արդեն քսան տարի է Բեռլինում է ապրում, բայց մտքով ու սրտով հայրենիքում է. «Ինչպես, որ մեր պատշգամբից արված կտավում («Մեր վեցերորդ հասցեն…») եմ պատկերել, կայսերական շրջանի շքեղ շենքեր են իրար կողք կողքի և Բեռլինի մի քանի այլ խորհրդանշական վայրեր, նկարելուց ես իմ աղջկան էի տեսնում ու երազում եմ, որ մի գեղեցիկ օր էլ իմ դուստրը կվերադառնա Հայաստան, ինչպես ոսկեզօծ Էլզան գերմանա-ֆրանսիական պատերազմից հետո հաղթանակի պսակն է բերում իր ժողովրդին: Կարծում եմ, որ միշտ է այդպես, մարդ միշտ իրենն է տեսնում ու համեմատում»,- նշեց տիկին Մկրտչյանը:
Մեկ տարի առաջ ցուցահանդեսը կազմակերպելու առաջարկին սիրով է համաձայնվել ու լուրջ վերաբերվել: Այդ նպատակով նախ մեկնել է Երևան, հանդիպել իր ընտրած արվեստագետներին և հանգամանորեն կազմակերպել նրանց մասնակցությունը: Ցուցասրահում Բեռլինի հանդիսատեսին ներկայացան Արտավազդ և Աղասի Թալալայան եղբայրները՝ Երևանից, Անուշ Մաթևոսյանը՝ Մոսկվայից և լուսանկարչուհի Սիրարփի Ասատրյանը՝ Բեռլինից: Եվ ինչպես պարզաբանում է տիկին Անահիտը, նպատակը հենց կամուրջ ստեղծելն է երկու կողմերի միջև: Նկարչուհու համոզմամբ մենք բաց ժողովուրդ ենք, հին ու մշակույթով հարուստ և փորձում ենք թե’ սովորել դիմացինից, թե’ նրան տալ մերը:
«Այս ամենի նպատակը նաև շատ ավելի հեռուն է գնում՝ հետաքրքրություն արթնացնել Հայաստանում ստեղծվող մշակույթի նկատմամբ, Եվրոպայի դռները բացել, ուզում ենք ասել հերիք եղավ արդեն, Հայաստանն էլ իրավունք ունի որպես Եվրոպայի մի մասնիկ սեղանի շուրջ նստելու, թող ճանաչեն մեզ»,- նշեց տիկին Անահիտը:
Ցուցահանդեսի փակումից առաջ ՀԵՄԱ ՀԿ կազմում գործող հայկական կիրակնօրյա դպրոցի սաները հանդես եկան ելույթներով և թատերական ներկայացմամբ` խաղալով Միքայել Մինասյանի հեղինակած «Տիգրան Մեծ» պատմական պիեսը (գեղ. ղեկավար Գայանե Խաչատրյան): Այն հայերենից գերմաներեն էր թարգմանել ճառագիր Վազրիկ Բազիլը:
«Մենք սրա միջոցով ուզում ենք ասել, որ ունակ ենք դասեր քաղելու, ունակ ենք տեսնելու մեր ուժեղ և թույլ կողմերը, ունակ ենք վերակազմավորվելու և հզորանալու»,- իր խոսքը եզրափակեց Միքայել Մինասյանը:
Գայանե Առաքելյան
https://www.nowarmenia.com/2018/06/28/%d5%80%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b6-%d5%a7%d5%ac-%d5%ab%d6%80%d5%a1%d5%be%d5%b8%d6%82%d5%b6%d6%84-%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab-%d5%b8%d6%80%d5%ba%d5%a5%d5%bd-%d4%b5%d5%be%d6%80%d5%b8/?lang=hy