«Հայերի երկրի միջով» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությամբ մայիսի 18-ին Բեռլինի Կարլսհորստ շրջանի մշակույթի տան ցուցասրահում մեկնարկեցին Բեռլինի
«Գերմանա-հայկական մշակութային օրերը», որն ավանդաբար կազմակերպվում է
«Հայ և եվրոպացի մասնագետերի ասոցիացիա» (ՀԵՄԱ) հասարակական կազմակերպության կողմից:
«Հայերն այսօր»-ի տեղեկացմամբ, բացման արարողությանը ներկա էին ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Արցախի մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը, Գերմանիայի Հայոց թեմի հոգևոր հովիվ Հայր Եղիշե վարդապետ Ավետիսյանը, Բեռլինի եկեղեցական և մշակութային հայ համայնքի ատենապետուհի Սոնա Այպպերը, Բեռլինի Լիխտենբերգ շրջանի քաղաքապետի ներկայացուցիչ Կատրին Ֆրամկեն, Գերմանական Բուդեսթագի նախկին պատգամավոր, պրոֆ. դր. Մարտին Պետցոլդը և այլ հյուրեր: Բեռլինի «Գերմանա-հայկական մշակութային օրերը» կայանում են Բեռլինի Լիխտենբերգ շրջանի բյուրգերմայստեր Միխայիլ Գրունստի և գերմանական Բունդեսթագի նախկին պատգամավոր (2012-17թթ.) պրոֆ. դր. Մարտին Պետցոլդի հովանավորությամբ: Միջոցառմանը գունավոր լուսանկարների տրամադրումով աջակցել է նաև ՀՀ սփյուռքի նախարարությունը՝ համագործակցելով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ: Ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցել է նաև Բեռլինի Կարլսհորստ շրջանի մշակույթի տունը: Ողջույնի խոսքով հանդես է եկել Կատրին Ֆրամկեն՝ նշելով, որ ամեն անգամ Հայաստանի մասին խոսելիս՝ հիշում է վաղամեռիկ Ալինա Պետցոլդ-Մարտիրոսյանին, որն իր կատարած աշխատանքներով զգալիորեն հարստացրել է Բեռլինի Լիխտենբերգ շրջանի մշակութային կյանքը և իր հայկական հետքը թողել այնտեղ: Պրոֆ. դր. Մարտին Պետցոլդին հատուկ շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին, առանձնապես ՀԵՄԱ հ/կ առաջին նախագահ Միքայել Մինասյանին՝ ծավալած արդյունավետ գործունեության և հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար:
Ապա Մարտին Պետցոլդը մեծ ոգևորությամբ ողջունել է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական դրական տեղաշարժերը և երկրում ընթացող դրական փոփոխությունները: Ներկաներին ողջունել է նաև ՀՀ արտակարգ և լիազոր Աշոտ Սմբատյանը՝ գերմանացի բարեկամներին շնորհակալություն հայտնելով հինգ տարի շարունակ ՀԵՄԱ հ/կ-ին, մշակութային օրերի կազմակերպման նպատակով, նյութական աջակցություն ցուցաբերելու համար: Ելույթ են ունեցել նաև Արցախի մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը և արվեստաբան, արվեստագիտության թեկնածու, լրագրող Գայանե Առաքելյանը: Ցուցահանդեսի գեղարվեստական հատվածում երաժշտական կատարումներով հանդես են եկել դաշնակահարուհի Կարինե Գիլանյանը և ջութակահարուհի Լիլիթ Ռոստոմյանը: Հավելենք, որ արդեն հինգերորդ անգամ տեղի ունեցող ցուցահանդեսը գործելու է մինչև հունիսի 23-ը, որի ընթացքում գերմանացիները հնարավորություն են ունենալու ծանոթանալու Հայաստանի պատմամշակութային արժեքներին: