Լուսանկարների Ցուցահանդես Բեռլինում. Մեկնարկեց Գերմանահայկական Մշակութային Ամիսը
21 May 2019 Մշակույթ, Սփյուռք Comments OffOn Լուսանկարների Ցուցահանդես Բեռլինում. Մեկնարկեց Գերմանահայկական Մշակութային Ամիսը 35 VuesՄայիսի 18-ին Բեռլինի Կարլսհորստ մշակույթի տանը տեղի ունեցավ 5-րդ գերմանահայկական մշակութային օրերի հանդիսավոր բացումը: Նախատեսված առաջին միջոցառումը լուսանկարների ցուցահանդեսն էր, որը կրում է «Հայերի երկրի միջով» խորագիրը: «Նախորդ տարիներին մենք ներկայացրել ենք Հայաստանի բարձր մշակույթը, տարբեր կողմերով, բայց ամենակարևորը բաց էինք թողել. չէինք ներկայացրել, թե Հայաստանը որտեղ է, ինչ է այն իրենից ներկայացնում և ովքեր են հայերը, որոնք են հայկական ծեսերն ու սովորույթները: Հիմա մենք այդ բացթողումը լրացնում ենք, որ գերմանացի հանդիսատեսն իմանա՝ Հայաստան գնալիս որտեղ և ինչ կարելի է զգալ, ապրել, տեսնել»,- բացման իր խոսքում նշեց միջոցառման կազմակերպիչ, Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիա (ՀԵՄԱ) Հ/Կ առաջին նախագահ պարոն Միքայել Մինասյանը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Բեռլինի Լիխտենբերգ շրջանի քաղաքապետի ներկայացուցիչ տիկին Կատրին Ֆրանկեն, Բուդեսթագի նախկին պատգամավոր, դր., պրոֆ. Մարտին Պետցոլդը (մայրը հայուհի), Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Աշոտ Սմբատյանը, Բեռլինի հոգևոր հովիվ Եղիշե վարդապետ Ավետիսյանը, Բեռլինի եկեղեցական և մշակութային հայ համայնքի ատենապետուհի տիկին Սոնա Այպպերը և բազմաթիվ հայ և գերմանացի արվեստասերներ: Տիկին Կատրին Ֆրանկեն իր ելույթում նշեց, որ անչափ ուրախ է ավանդական այս գերմանահայկական մշակութային օրերին մասնակցելու համար. «Պատիվ եմ ունեցել անձամբ ճանաչելու լուսահոգի տիկին Ալինա Պետցոլդ-Մարտիրոսյանին, ով մեծ ներդրում ունեցավ այս մշակութային կամուրջը կառուցելու գործում: Նրան գնահատել ու սիրել եմ, նա փոթորիկի պես մեր թաղամասի միջով անցավ և շատ մեծ ներդրում ունեցավ ազգերի համերաշխության և խաղաղության և մշակույթի զարգացման համար՝ հատկապես հայերի և գերմանացիների միջև:
Ուրախ եմ այս ցուցահանդեսի համար: Գունավոր և սև ու սպիտակ լուսանկարների ցուցահանդեսով այժմ Հայաստանը նորովի ճանաչելու հնարավորություն ունենք»: Պարոն Մարտին Պետցոլդը գերմանահայկական մշակութային այս օրերը համարում է բարեկամական կարևոր կամուրջ երկու ժողովուրդների միջև՝ խորհուրդ տալով ներկաներին գնալ Հայաստան, որպեսզի հայ ժողովրդի ջերմությունն ու հյուրասեր մարդկանց տեղում տեսնել ու ճանաչել կարողանան: «Հայերի և գերմանացիների միջև կամուրջ կառուցելու համար մեծ աշխատանք է արվում, մեծ ներդրումներ: Ուրախ եմ այս ամենի համար»: Իբրև քաղաքական գործիչ՝ նա իր խոսքում անդրադարձավ հայաստանյան հեղափոխությանը՝ նշելով, որ այսպիսով Հայաստանը ցույց է տալիս իր դեմքը և ասում, որ իր տեղն ունի աշխարհում: Հանդիսատեսին ողջունեց նաև Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Աշոտ Սմբատյանը: Նա շնորհակալություն հայտնեց միջոցառման հովանավորներին, մասնավորապես գերմանական կողմին, որ հինգ տարի անընդմեջ այս մշակույթային օրերի կազմակերպման նպատակով աջակցություն է ցուցաբերում: «Ուրախ եմ այսօր այստեղ գտնվելու համար և շնորհավորում եմ բոլորիդ այս հրաշալի ցուցահանդեսի համար:
Արդեն ավանդույթ են դարձել հայ-գերմանական մշակութային օրերը: Շատ հաճելի կլինի, որ այցելուների քանակը գնալով ավելանա, որ այն մշակույթը, որով մենք միշտ հպարտանում ենք, կարողանանաք ներկայացնել գերմանացի հանդիսատեսին»,- նշեց պարոն Սմբատյանը:
Այնուհետև ցուցահանդեսի համադրողները մեկնաբանեցին ներկայացված պատկերները: Գերմանիայում Արցախի մշտական ներկայացուցիչ պարոն Հարություն Գրիգորյանը միջոցառման առիթով շնորհավորեց մասնակիցներին՝ նշելով, որ Միքայել Մինասյանի ջանասիրությամբ արդեն հինգերորդ տարին է, որ կայանում են այս մշակութային օրերը: Նա գերմանացի հանդիսատեսին հատիկ առ հատիկ մանրամասնեց Հայաստանի բոլոր մարզերը և Արցախը ներկայացնող պատկերները: Ցուցահանդեսի սև ու սպիտակ լուսանկարների բաժինը, ուր ներկայացված էր արվեստագետ Անդրանիկ Քոչարի գործերը, մեկնության առավ լրագրող, արվեստագիտության թեկնածու Գայանե Առաքելյանը: «Ինչպես գիտենք, այս տարի լրանում է լուսանկարչության գյուտի 180 և հայ մեծանուն լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի ծննդյան 100 ամյա հոբելյանները: Ուստի, անչափ ուրախ եմ Կարլսհորստի մշակույթի տանը այս գեղեցիկ առիթով հանդես գալուս համար: Հենց այս արվեստագետի գործունեությամբ է պայմանավորված գեղարվեստական լուսանկարչության սկզբնավորումը Հայաստանում: Նաև նրա գործունեության շնորհիվ ենք մենք՝ հայերս, մեր լուսանկարչության պատմությանը տիրապետում. տասնամյակներ շարունակ Քոչարը հավաքագրեց ու կազմեց հայ լուսանկարչության պատմությունը: Չնայած նա ստեղծագործել է լուսանկարչության գրեթե բոլոր ժանրերով՝ այդուհանդերձ համարվում է սև ու սպիտակ դիմանկարի վարպետ:
Սրանով է պայմանավորված ցուցահանդեսում դիմանկարների գերակշռումը»: Տեղի ունեցավ նաև Գայանե Առաքելյանի՝ « Անդրանիկ Քոչարի լուսանկարչական արվեստը» գրքի շնորհանդեսը, որը լույս է ընծայվել արվեստագետի ծննդյան հարյուրամյակին ընդառաջ: «Երկար ու ձիգ տարիների չափազանց հետաքրքիր և բացահայտումներով լի աշխատանքից հետո, 2014 թ. ավարտին հասցրեցի իմ գիտական ուսումնասիրությունը, ինչն ի վերջո անցած տարի հրատարակվեց: Ցավոք, մենք չհասցրեցինք զուգահեռաբար օտարալեզու տարբերակը ևս լույս ընծայել, բայց այդ աշխատանքը ընթացքի մեջ է»,- իր խոսքում նշեց հեղինակը: Բանախոսների ելույթների ընդմիջումներին երաժշտական կատարումներով հանդես եկան դաշնակահարուհի Կարինե Գիլանյանը և ջութակահարուհի Լիլիթ Ռոստոմյանը: Հավելենք նաև, որ գերմանահայկական մշակութային օրերը Բեռլինում շարունակվելու են տարաբնույթ միջոցառումներով, իսկ ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 23-ը: Միջոցառումների կայացման համար հովանավորել և աջակցություն են ցուցաբերել Բեռլինի Լիխտենբերգ շրջանի քաղաքապետ պարոն Միխաիլ Գրունստը, Բունդեսթագի նախկին պատգամավոր պարոն Մարտին Պետցոլդը, Կարլսհորստի մշակույթի տունը, «Երևան» ռեստորանը: Հայաստանը ներկայացնող գունավոր լուսանկարների տրամադրումով աջակցել է ՀՀ Սփյուռքի նախարարությունը՝ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության հետ, իսկ սև ու սպիտակ լուսանկարներով՝ Անդրանիկ Քոչարի որդին՝ արվեստագետ Վահան Քոչարը:
Աղբյուրը՝ www.nowarmenia.com կայքի