IMG-LOGO

Երգեհոնի երաժշտության և շարականների երգեցիկ ուղեկցմամբ աստվածային Սբ. Պատարագ և տոնակատարություն՝ նվիրված մայիսյան բոլոր տոներին

22-06-2018
IMG

Հունիսի 3-ի  օրը լի էր հաճելի անակնկալներով: Ժամը 15.00-ին Բեռլինի Լիխտենբերգ շրջանի Փրկչի եկեղցում սկսվեց Բեռլինի Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գնել քահանա Գաբրիելյանի ձեռմամբ աստվածային Սբ. Պատարագ, որն ուղեկցվեց Արմեն Անտոնյանի երգեհոնի նվագակցմամբ ու Արտակ Կիրակոսյանի շարականների երգեցիկ կատարմամբ: Մադրիդից Բեռլին ժամանած Արմեն Անտոնյանը մեկ օր առաջ թավջութակի մենահամերգով ելույթ էր ունեցել Բեռլինի Կարլսհորստ շրջանի մշակույթի տանը Գերմանա-Հայկական մշակույթային օրերի շրջանակում:  Շարականների վերերկրյա մեղեդայնությունը, ուղեկցվելով աստվածային աղոթքների հետ, աստծո տունը լցրել էին աներևակայելի ոգեղենությամբ:

Սբ. Պատարագից անմիջապես հետո հյուրերը տեղափոխվեցին Փրկչի եկեղեցուն կից բացօթյա պուրակ, որտեղ նախապատրաստվել էին խնջույքով նշելու մայիսյան բոլոր տոնակատարությունները. մայիսի 1-ը՝ աշխատավորների միջազգային օրը, մայիսի 9-ը՝ նացիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի օրը, Շուշիի ազատագրումը, Արցախի բանակի հիմնադրումը և Հայաստանում թավշյա հեղափոխության անցկացումը, մայիսի 26-ին՝ Ավարայրի ճակատամարտում սասանյան Պարսկաստանի դեմ տարած հաղթանակը և դրանով խուսափումը ուծացումից, մայիսի 28-ը՝ թուրքերի դեմ Սարդարապատում տարած հաղթանակը և Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրումը: Այս տոնախմբությունը համատեղ ջանքերով կազմակերպել էին ՀԵՄԱ հ/կ-ը և Բեռլինի Եկեղեցական և Մշակույթային Հայ համայնքը: ՀԵՄԱ հ/կ Առաջին Նախագահ Միքայել Մինասյանը ողջունեց հյուրերին, այդ թվում Հայաստանից ժամանած թավշյա հեղափոխության ակտիվիստներին, և շնորհավորեց բոլորին մայիսյան անցած տոների կապակցությամբ: Այնուհետև տոնական ճոխ սեղանի շուրջ հայկական, նաև թավշյա հեղափոխության մոտիվներ ունեցող երգ ու պարով լցվեց ամբողջ շրջապատը: Օդը լի էր ուրախության, հաշտության և բերկրանքի զգացմունքներով: Կենդանի երաժշտական ձևավորման համար հոգացել էր տենոր Արտակ Կիրակոսյանը: Տոնակատարությունը տևեց մինչև ուշ երեկո:

Պատկերասրահ