Բեռլինի Լիխտենբերգ շրջանի <<Փրկչի>> եկեղեցի, 23.06.2018թ.
Պաուլ Գերհարդի անվան ավետարանական համայնքի պատվելի տիկին Սապնա Յոշի,
Պիյարսկու անվան Բեռլինի էկոնոմիկայի և լեզուների դպրոցի տնօրեն պարոն դր․ Հելմուտ Զուհր,
Բեռլինի և արևելյան Գերմանիայի հայկական համայնքների հոգևոր հովիվ սիրելի Տեր Գնել Գաբրիելյան,
Սիրելի քույրեր և եղբայրներ,
Հարգարժան տիկնայք և պարոնայք,
սրտանց ողջունում եմ Ձեզ Պաուլ Գերհարդի անվան ավետարանչական համայնքի ամառային տոնախմբությանը։ Համագործակցությունը և բարիդրացիական հարաբերությունները հիմք են կազմում փոխադարձ օգնության և ինտեգրացիայի համար։ Արևելյան Բեռլինի հայ համայնքը պարտավորված է զգում իրեն այս այս ջերմ հարաբերությունները մեր հարևանների հետ պահպանելու գործում։ Մենք փոքր համայնք ենք, որն ունի նվիրյալ անդամներ, ովքեր մեր բազմաբնույթ ծրագրերում փորձի փոխանակմամբ և իրենց ակտիվ մասնակցությամբ հարստացնում են համայնքային կյանքը։ Մեր շեշտադրումներն ընկնում են մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործի վրա։ «Բեռլինի Հայկական Դպրոց» ծրագիրը, որը 2010թ․-ին իր ծնունդն ու կնունքը գտավ Բեռլինի Լիխտենբերգ շրջանում, ոչ միայն մեր մատաղ սերնդի ինքնությանն է զարկ տալիս, այլև վեր է հանում մեր երկու մշակույթների ընդհանրությունները։ Երեխաներն ու պատանիները սովորում են Պիյարսկու անվան Բեռլինի էկոնոմիկայի և լեզուների դպրոցի հարմարավետ դասասենյակներում հայոց լեզու, հայոց պատմություն առարկաները, մասնակցում երգեցողության և պարի դասաժամերին։ Միևնույն ժամանակ նրանք ցուցադրում են իրենց գիտելիքներն ու կարողությունները բեմական ներկայացումներում և գիտելիքների մրցույթներում, որոնք նաև անցկացվում են գերմաներեն լեզվով։ Այս ուսումնական նորարարությունը „Berliner Abendblatt“ թերթը որակում է որպես «Դասաժամ մեկ այլ կերպ» վերնագրով։ Այն ցույց է տալիս, թե մենք ինչպես մի կարճ ժամանակահատվածում հասարակ միությունից աճեցինք և դարձանք համայնք։ Իսկ հայկական համայնքը մարդկանց համար հանդիպման վայր չէր լինի, եթե այն չառաջարկեր բազմաբնույթ ծրագրեր։ Այս գործում մենք պարտական ենք Պիյարսկու անվան Բեռլինի էկոնոմիկայի և լեզուների դպրոցի տնօրեն պարոն դոկտոր Հելմուտ Զուհրին։
Սիրելի պարոն դր․ Զուհր,
ինտեգրացիայի գործում Դուք հարուստ փորձ ունեք, որը ձեռք եք բերել Ձեր մասնագիտական աշխատանքի տարիների ընթացքում։ Զալլեյի Հալլե քաղաքի Մարտին Լութերի անվան համալսարանում պատմության ուսումնասիրություն և թեկնածուական թեզի պաշտպանում, մասնագիտական ներդրումներ կրթության և գիտության նախարարությունում և գերմանական նոր երկրամասերի կրթության և գիտության համար նախատեսված համատեղ հաստատությունում։ Իսկ այժմ հանդիսանում եք Պիյարսկու անվան Բեռլինի էկոնոմիկայի և լեզուների դպրոցի տնօրեն։ 2005թ․-ից Դուք „pro Integration Deutschland“ ծրագրի ակտիվ անդամ եք, իսկ 2010թ․-ից Գերմանական դպրոցների միությունների Ասոցիացիայում նախագահում եք լեզուների դպրոցների մասնագիտական խմբերին։
Երբ ես 2010թ․-ին Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի այն ժամանակվա նախագահ պարոն Ազատ Օրդուխանյանի հետ այցելեցի Ձեզ Ձեր գրասենյակում և ներկայացրեցի մեր ցանկությունը հայկական կիրակնօրյա դպրոց հիմնադրելու մասին, ես կարծում էի, որ Ձեզանից հայցում եմ ինտեգրացիային ճիշտ հակառակ ցանկություն՝ հայերի ինքնության պահպանության միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ։ Եվ հիմա խոստովանում եմ, որ ես հոռետես էի այն հարցում, որ մեր մեջ կարող էր երբևէ համագործակցություն սկսվել։ Սակայն Դուք Ձեր հիմնավորումներով զարմանք պատճառեցիք ինձ․ Դուք կարծում էիք, ինտեգրացիան փակուղի հանդիսացող ճանապարհ չի, այլ պահանջում է նրանում ներգրավված անձի հետ քննարկում, որի արմատներն իրականում իր ինքնության մեջ են թաղված։ Եվ միայն սեփական «ես»-ի խթանմամբ է հնարավոր հաջողակ ինտեգրումը գերմանական հանրության մեջ։ Դուք ճիշտ էիք։ Մեր դպրոցի առաջին սաները մինչև մեր դպրոց այցելելը գրեթե մոռացել էին հայերենը։ Սակայն զավեշտալին այս հարցում այն էր, որ նրանք գերմաներենին էլ որպես իրենց մայրենի լեզու չէին տիրապետում։
Ժամանակի ընթացքում մեր սաները սովորեցին երկու լեզուները համեմատել միմյանց հետ ու դրանք առանձին-առանձին խորացնել։ Արդյունքում նրանցից շատերը բարելավեցին իրենց գերմաներենի իմացությունները, իսկ գերմանական պատմության ու մշակույթի նկատմամբ սկսեցին էլ ցուցաբերել առավել մեծ հետաքրքրություն։
Մեր կիրակնօրյա դպրոցն արդեն 8 տարուց ի վեր ծավալում է իր աշխատանքները, որովհետև Դուք՝ պարոն դոկտոր Զուհր, մեր անդամներին անվարձահատույց տրամադրեցիք Ձեր հաստատության հարմարավետ դասասենյակներն ու ուսումնատեխնիկական պարագաները, որով և հնարավոր դարձրեցիք վերոնշյալ առարկաների դասավանդումը։ Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Ձեզ սրա համար։ Թույլ տվեք ինձ ի երախտագիտությունս և ճանաչումս Բեռլինի Հայկական Դպրոց ծրագրում Ձեր վաստակի նկատմամբ այս պարգևը հանձնել Ձեզ և այսպիսով Ձեզ շնորհել Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիայի պատվավոր անդամի կոչումը։
Շնորհակալությու´ն Ձեր ուշադրւթյան համար։
հարգանքներիս հավաստիքով՝
Միքայել Մինասյան
ՀԵՄԱ հ/կ Առաջին Նախագահ