Հայ ժողովրդի Մեծանուն բանաստեղծ և հեքիաթագիր Հովհաննես Թումանյանի «Սուտասանը» հեքիաթի բեմականացումը ներկայացվեց հունիսի 1-ին՝ մանուկների պաշտպանության օրվա առթիվ 2025 թվականի Բեռլինի Գերմանա-Հայկական մշակութային օրերի վերջին միջոցառման ընթացքում։ Մանուկների և պատանիների ծրագրի բացումը կատարեց Բեռլինի հայկական համայնքի հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Հակոբյանը՝ հանդիսավոր աղոթքով և շնորհավորանքներ հղելով Բեռլինի հայկական կիրակնօրյա դպրոցի սաների տոնի առթիվ, ովքեր հետո խաղացին վերոնշյալ թատերական ներկայացումը։
Այս հեքիաթը մի թագավորի մասին է, ով ձանձրույթից հրաման է արձակում, որ ով տարածի ամենամեծ սուտը, որին ինքը չի հավատա, իր թագավորության կեսը կտա այդ ստախոս հպատակին։ Գտնվում է մի ստախոս, ով հիմարացնում է թագավորին, և թագավորն ինքն ընկնում է իր լարած թակարդի մեջ և խորապես զղջում իր ձեռնարկի համար։
Երիտասարդ դերասանները հայրենական երգով և պարով շրջանակեցին ներկայացումը։
Միջոցառման ավարտին ՀԵՄԱ հ/կ առաջին նախագահ Միքայել Մինասյանը շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին՝ Կարլսհորստ շրջանի Մշակույթի տանը, Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը, ծրագրի հովանավորներ Բեռլինի Լիխտենբերգ շրջանի բյուրգերմայստեր Մարտին Շաֆերին և Բեռլինի պատգամավորական տան անդամ պրոֆ. Դոկտոր Մարտին Պեցոլդին, ինչպես նաև վերոնշյալ մշակութային օրերի հովանավորին՝ Լիխտենբերգի շրջանային վարչությանը, մշակույթի և շարունակական կրթության բաժնին։ Օրը ուսանելի և ուրախ էր ոչ միայն երեխաների և պատանիների, նաև ներկա չափահաս հյուրերի համար:
Միջոցառումն անցկացվեց Բեռլինի Հայկական կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհիներ Նվարդ Ամիրխանյանի և Գայանե Եղիազարյանի ղեկավարությամբ։