IMG-LOGO

«ՆԱԻՐՅԱՆ» վոկալ անսամբլի համերգը. ժեստերի օգնությամբ թարգմանված երգեցողություն՝ պաշտպանելով լսողության խնդիրներով մարդկանց իրավունքները.

17-05-2025
IMG
2025 թվականի մայիսի 17-ին Բեռլինում՝ Գերման-Հայկական մշակութային օրերի շրջանակներում Կարլսհորսի մշակույթի տանը տեղի ունեցած համերգի ժամանակ հավաքված հյուրերը վայելեցին մոգական մեկնաբանություններով Հայաստանից ժամանած Նաիրյան վոկալ անսամբլի կատարումները։ Հայկական ժողովրդական երգերը սիրո և հայրենիքի թեմաներով ներկայացվեցին a capella վոկալ ձևով: Իրենց կատարումներում երգչուհիները մասնակիորեն օգտագործում էին նաև ժեստերի լեզուն։
 
Համերգը սկսվեց 1915թ.-ի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու 1 րոպե հոտնկայս լռությամբ։ Ապա ցուցադրվեց «Արթնացե՛ք մարդիկ, մարդիկ աշխարհի» երգի տեսահոլովակը (Խոսք, երաժշտություն և կատարում՝ Սրբուհի Մարտիրոսյանի)։
 
Հաջորդիվ բացման խոսքով ելույթ ունեցավ ՀԵՄԱ հ/կ առաջին նախագահ Միքայել Մինասյանը, նա ոջունեց ներկա հյուրերին և շնորհակալություն հայտնեց միջոցառման հովանավորներին ու աջակիցներին, իսկ որպես երախտագիտության նշան միջոցառման պատվավոր հյուր Զարեհ Սինանյանին և հովանավոր պրոֆ. դր. Մարտին Պետցոլդին նվիրեց «Deutsch-Armenische Kulturtage. Rückblicke(2015-2024)» նկարազարդ հուշագիրքը:
 
Համերգի պատվավոր հյուրն էր ՀՀ Սփյուքի գրասենյակի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ով իր խոսքում ողջունեց ներկաներին և շեշտեց նշված մշակութային օրերի կարևորությունը գերմանա-հայկական հարաբերություններում։
 
Պրոֆեսոր Դոկտոր Մարտին Պեցոլդը (MdA), վերոհիշյալ մշակութային օրերի հովանավորը, իր զգացմունքային ողջույնի խոսքում հուշերով անդրադարձավ Բեռլինում Գերման-Հայկական մշակութային օրերի գաղափարի ծննդին՝ նշելով իր մոր՝ վաղամեռիկ Ալինա Պեցոլդ-Մարտիրոսյանի դերը նրանում։
 
Ապա,Մարիամ Մուղդուսյանը, Նաիրյան վոկալ անսամբլի պրոդյուսերը, ներկայացրեց վոկալ խումբը և երգչուհիներին հրավիրեց բեմ բարձրանալ հանդիսատեսի ծափողջույնների ներքո։ Կատարումները շարունակվեցին մինչև ուշ գիշեր։
Այս համերգը իսկապես հաջողակ էր և արժանի էր բազում գովասանքի։
 
Իհարկե, երախտապարտ ենք բոլոր արվեստագետ երգչուհիներին՝ ի դեմս գեղարվեստական ղեկավար Նաիրա Մուղդուսյանի, բոլոր մասնակիցներին, ինչպես նաև աջակիցներին՝ Լիխտենբերգի շրջանային պետական ծառայության մշակույթի և որակավորման վարչությանը, Կարլսհորսի մշակույթի տանը և անշուշտ մեր հովանավորներին՝ Բեռլինի Լիխտենբերգ շրջանի քաղաքապետ Մարտին Շեֆերին և պրոֆեսոր Դոկտոր Մարտին Պեցոլդին:

 

«Նաիրյան» վոկալ համույթը հիմնադրվել է 2015 թվականին Մուղդուսյան արվեստի կենտրոնի մշակութային ծրագրերի շրջանակում։ Համույթի գեղարվեստական ​​ղեկավարն է Նաիրա Մուղդուսյանը։

Նման անսամբլի ձևավորման համար հիմք է հանդիսացել հայ դասական կոմպոզիտորների ստեղծագործությունների հանրահռչակումը, դասական և հոգևոր ազգային երաժշտության տարածումը, ինչպես նաև կանանց իրավունքների ամրապնդումը։

 

Համույթը բաղկացած է 4 երիտասարդ երաժիշտներից, ովքեր ունեն պրոֆեսիոնալ երաժշտական ​​պատրաստվածություն։ Խումբը երգում է պոլիֆոնիկ երգեր՝ հիմնականում ակապելլա ձևաչափով, կան կատարումներ կլարնետով, դափով և այլ երաժշտական ​​գործիքներով, որոնց տիրապետում են կանայք։ Համույթը տվել է տասնյակ մենահամերգներ և հարյուրից ավելի ելույթներ տարբեր միջոցառումներում, այդ թվում՝ Երևանի գրեթե բոլոր թանգարաններում, հոգևոր կենտրոններում, պանսիոնատներում և բանտերում, հավատալով, որ երաժշտության հասանելիությունը հնարավոր է ամենուր, նույնիսկ այնտեղ, որտեղ դա հնարավոր չէ։ Դասական երաժշտություն լսելը սովորական բան չէ։ 2018 թվականից անսամբլը իրականացնում է ներառական, եզակի նախագիծ՝ բազմաձայն ստեղծագործությունների կատարմանը զուգահեռ տվյալ երգը թարգմանվում է ժեստերի լեզվով։ Ներկայումս «Նաիրյան» վոկալ համույթը միակն է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում, որը երգում է ակապելլա, պոլիֆոնիկ ստեղծագործություններ՝ միաժամանակ վերծանելով դրանք ժեստերի լեզվով, որպեսզի հասանելի դարձնի լսողության խանգարումներ ունեցող մարդկանց։ 2019 թվականին համույթն իրականացրել է «Լսում եմ քեզ» մշակութային և երաժշտական ​​համապարփակ ծրագիրը, որի շնորհիվ անսամբլը ժեստերի լեզվով թարգմանել է հայ դասական կոմպոզիտորների 32 ստեղծագործություններ և տվել 5 մենահամերգ, որտեղ բոլոր ստեղծագործությունները վերծանվել են ժեստերի միջոցով։ 2020 թվականի հունվարի 1-ից «Մուղդուսյան» արվեստի կենտրոնում մեկնարկեց «Երգ իրավունքի համար» ծրագիրը, որում «Նաիրյան» վոկալ համույթը երաժշտության միջոցով անդրադառնում է կանանց իրավունքների խնդիրներին։

 

Միևնույն ժամանակ, օգտագործելով ժամանակակից երաժշտական ​​լուծումներ, անսամբլը ստեղծագործել է «Համարձակ եմ» երգը, որը նվիրված է կանանց իրավունքների ամրապնդմանը և կանանց ազատագրմանը։ «Նաիրյան» վոկալ անսամբլը մասնակցել է մի շարք հանրապետական ​​և միջազգային փառատոների. Գլոբալ-Ֆեստ-Երևան միջազգային մրցույթ-փառատոն՝ Գրան պրի մրցանակ, Գլոբալ-Ֆեստ-Մոսկվա միջազգային մրցույթ-փառատոն՝ առաջին մրցանակ, «Արտ-ֆեստ» միջազգային մրցույթ- Փառատոն՝ «Լավագույն խմբակային մրցանակ», «Վերածնունդ» միջազգային մրցույթ – փառատոն՝ առաջին մրցանակ, «Կոմիտաս» համահայկական փառատոն, «Վոքս վիրտուալ» միջազգային փառատոն և այլն:

 

2019 թվականին համույթը համերգային ծրագրով Եգիպտոսում է եղել և մենահամերգով հանդես է եկել Կահիրեցի հանդիսատեսների համար։

 

Անսամբլը 2023 թվականին 8 մենահամերգ է ունեցել ԱՄՆ-ում, իսկ 2024 թ․-ին Հարավային Ամերիկայում` Արգենտինայում և Ուրուգվայում կայացած համերգների ժամանակ ներկայացրել է հայկական երգարվեստի գոհարները։ 

 

 


Տեսադարան