2025 թվականի հունվարի 11-ին Բեռլինի Լիխտենբերգ շրջանի Բողոքական Պաուլ Գերհարդտի անվան «Ամենափրկչի» եկեղեցում տեղի ունեցավ Բեռլինի հայկական դպրոցի Ամանորի և Սուրբ Ծննդյան մանկական տոնահանդեսը։ Միքայել Մինասյանը՝ AEAE - European and Armenian Experts Association e.V., ՀԵՄԱ հ/կ 1-ին նախագահը՝ հանդես եկավ ներածական խոսքով և խոսեց հայապահպանության և նման տոնական միջոցառումների անհրաժեշտության մասին։ Այնուհետեւ Լիխտենբերգ շրջանի Բողոքական Պաուլ Գերհարդտի անվան «Ամենափրկչի» եկեղեցու հովիվ դոկ․ Լենարտ Շիրը ողջույնի խոսք հղեց հյուրերին «Ամենափրկիչ» իրենց բողոքական համայնքի կողմից։ Որպես պատվավոր հյուր՝ Բեռլինի Լիխտենբերգի շրջանի քաղաքապետ պարոն Մարտին Շեֆերը ողջունեց հյուրերին, մաղթեց ամենայն բարիք Նոր տարում և խոսեց հայերի և Լիխտենբերգ շրջանի բարեկամության մասին՝ նշելով Բեռլինի Լիխտենբերգ և Երևան Կենտրոն համայնքների միջև առաջիկայում սպասվող քաղաքների քույրացման գործընկերություն հիմնելու մասին։
Ելույթներին հաջորդեցին Բեռլինի հայկական դպրոցի սաների ելույթները։ Դպրոցի սաները ներկայացրեցին Հովհաննես Թումանյանի «Սուտասանը» հեքիաթից մի փոքր բեմական հատված։ Հայկական երգը, պարն ու հայկական բանաստեղծությունները Սուրբ Ծննդյան ուրախությամբ լցրեցին եկեղեցու դահլիճը։ Ավարտին հյուրերը հավաքվեցին եկեղեցուն կից համայնքի սրահում՝ ճաշակելու Սուրբ Ծննդեան տոնական սեղանին դրված հայկական համեղ ուտեստները։ Մեր երեխաների ծնողները պատրաստել և մատուցում էին հայկական ավանդական համեղ ուտեստները, որոնք հյուրերը հաճույքով վայելեցին տոնական երեկոյի ընթացքում։ Երեկոյին ներկա էր բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը։
Երգը, պարը և համեղ ուտեստները այս երեկոն դարձրին անմոռանալի մի տոն: