2024 թվականի Բեռլինում «Գերմանա-հայկական մշակութային օրերի» շրջանակում կայացավ մանկական ծրագիր։ Երեխաների պաշտպանության օրը՝ հունիսի 1-ին Բեռլինի հայկական կիրակնօրյա դպրոցի սաները դրամատիկական թատերականացման ուսուցիչ Էրիկ Բարսեղյանի բեմականացմամբ և ղեկավարությամբ ներկայացրեցին հայ անվանի հեքիաթագիր Աթաբեկ Խնկոյանի (Խնկո Ապոր) «Մկների ժողովը» պիեսը։
Այս պիեսը այլաբանության մասին է մարդկանց և մկների միջև, ովքեր ժողովի ժամանակ քննարկում են իրենց անվտանգությունը կատվից և որոշում են կատվի վզին զանգ կախել, որպեսզի զգուշացվեն, երբ կատուն գա: Հանդիպմանը բոլորն ուզում են ճառել, բայց ոչ ոք չի հանդգնում գործել։
Միջոցառման պատվավոր հյուրերը՝ Բեռլինի Լիխտենբերգ շրջանի բյուրգերմայստեր Մարտին Շեֆերը և Բեռլինի պատգամավորական տան անդամ պրոֆ․ դր․ Մարտին Պետցոլդը, ովքեր միևնույն ժամանակ այս միջոցառման հովանավորներն են, ողջունեցին միջոցառման մեկնարկին հյուրերին և նշեցին հայի ինքնության պահպանման կարևորությունը։
Երեխաների և պատանիների երգ ու պարով Կարլսհորստի շրջանի մշակույթի տանը տիրում էր զվարթ և առույգ տամադրություն։
Ծրագրի վերջում հյուրերը այցելեցին Կարլսհորստի մշակույթի տան պատկերասրահ՝ այստեղ վերջին անգամ դիտելու Հայաստանի ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանի գունազարդ ցուցահանդեսը։
ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի Հայկական Կիրակնօրյա Դպրոցի ողջ անձնակազմի անունից ՀԵՄԱ վարչությունն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր հովանավորներին, Բեռլինի Լիխտենբերգ շրջանի պետ․ ծառայության մշակույթի վարչությանը և Բեռլինի Կարլսհորստի մշակույթի տան տնօրինությանը։