2023թ․-ի մայիսի 6-ին մեկնարկեց Բեռլինի Գերմանա-Հայկական Մշակութային Օրերի միջոցառումների 8-րդ շարքը բեռլինահայ արվեստագետ Ավո Առաքելյանի գեղարվեստի ցուցահանդեսով։
Վերոնշյալ մշակութային օրերի հանդիսավոր բացման արարողությունը հայտարարեց Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա հասարակական կազմակերպության առաջին Նախագահ պարոն Միքայել Մինասյանը։ Նա ողջունեց հյուրերին և նշեց, որ պատերազմն Ուկրաինայում, Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերը, ինչպես նաև Արցախի հակամարտությունը, այսպիսի դժվարակյաց պայմաններն իրենց դրոշմն են թողել այսօրվա աշխարհի վրա։ Ի՞նչ է անհրաժեշտ մարդկությանը, որ նա չկորցնի իր արիությունը։ Հույս, գթասրտություն և սեր։ Այս ամենը մարմնավորում է գարունը, որը նոր մեկնարկի և այս տարվա գերմանա-հայկական մշակութային օրերի շարժիչ ուժն է։
Ապա խոսքը տրվեց Բեռլինի Լիխտենբերգ շրջանի մշակույթի հանձնակատար տիկին դր․ Քատրին Գոկշին, ով հետադարձ հայացք ձգելով անցած տարիների Բեռլինի Գերմանա-Հայկական Մշակութային Օրերի միջոցառումների 7 շարքերի վրա՝ գովեստի խոսքեր հայտնեց նրանց կազմակերպիչ ՀԵՄԱ հ/կ հասցեին և խոստացավ վերոնշյալ մշակութային օրերի 10ամյա հոբելյանի կազմակերպչական և ֆինանսավորման հարցերում մեծ աջակցություն ցուցաբերել։
Ապա Բեռլինի Պատգամավորների Տան անդամ պրոֆ․ դր․ Մարտին Պետցոլդը հիշատակեց իր վաղամեռիկ մորը՝ Դաշնային պատվո Խաչի շքանշանակիր Ալինա Պետցոլդին՝ նշելով այն փաստը, որ նա Բեռլինի Գերմանա-Հայկական Մշակութային Օրերի նախաձեռնողներից մեկն էր և որ հայկական մշակույթի օրերը մեկ անգամ ևս ընդգծում են այդ ժողովրդի մշակույթը Գերմանիայում և հստակեցնում այն, որ լինելով աշխարհի ամենահին մշակութակիր ժողովուրդներից մեկը հատկապես քրիստոնեության տարածման մեջ նա ի թիվս այլոց իր ազդեցությունն է թողել Գերմանիայում։ Այնուհետև բանախոսը նկատում է, որ պետք է աջակցել հասնելու խաղաղությանը այնպես, ինչպես այսօր մենք Ուկրաինային ենք աջակցում։ Նմանապես Գերմանիան պետք է աջակցի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայերի խաղաղություն հաստատելու իրենց ջանքերին, իսկ այդ խաղաղությունը հաստատելու մեջ մշակութային փոխըմբռնումը մեծ դերակատարում ունի։
Գերմանիայում ՀՀ դեսպան նորին գերազանցություն պարոն Վիկտոր Ենգիբարյանը ողջունելով հյուրերին՝ նշեց, որ շատ ընդհանրություններ կան հայ և գերմանական մշակույթների միջև։ «Բազմաթիվ հայ մտավորականներ ուսանել են Գերմանիայում և իրենց վրա կրում են գերմանական մշակույթի դրոշմը», ասաց դեսպանը։ Նա հիշատակեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման փաստը և ասաց, որ նմանատիպ միջոցառումները հոգում են խաղաղության և խաղաղ համակեցության մասին։
Գեղարվեստի ցուցահանդեսի երաժշտական շրջանակումը ստանձնել էր ջութակահար Վարուժան Սիմոնյանը, ով կատարեց Կոմիտասի գործերից երեքը։
Արվեստագետ Ավո Առաքելյանի կերպարվեստի ցուցահանդեսը կրում է «Գունագեղ գթասրտություն» խորագիրը։ Ուսյալ արվեստագետ Ավո Առաքելյանն ապրում է Բեռլինում և արարում է Շառլոտտենբուրգ շրջանի Տրինիտատիս եկեղեցում։
Արվեստագետն ինքը ներկայացնում է իր ստեղծագործությունն այսպես․
«Գույները, որոնցով ես կտավի վրա աշխատում եմ, ծիածանի գույներ են՝ որպես խաղաղության խորհրդանիշ։ Նրանք ինձ պարգևում են հանգիստություն և համբերություն։ Իմ նկարները բազմագույն են, շատերն են ինձ այս մասին գրում, սակայն ես դրանց խառնուրդի մեջ տեսնում եմ մոխրագույնը։ Լույսն իմ այն առաջին խորահայացքն է, որն ընգրկում է երեք հարթությունները։ Ես ուզում եմ այդ գույներով ինչ-որ բան փոխել և նորացնել։ Արևը որպես անդրադարձնող մակերես սփռում է էներգիա։ Իմ գույները ստեղծվում են այդ տարածքում։ Ես առավելություն եմ տալիս գույների կոնտրաստին, դա ինձ խորհուրդ է տվել մի բժիշկ»։
Ցուցահանդեսը համադրեց արվեստաբան տիկին Քրիստա Բիտցը, որի մեկնաբանությունը գերմաներեն բնօրինակով կարող եք ընթերցել այս էջի գերմաներեն բաժնում։