Զոյա-Դունյա սիրելի,
կորուստդ հարազատներիդ հետ մեկտեղ սգում է և բեռլինահայությունը: Կյանքդ առաքյալի նվիրում էր` խունկ ու խնկարկում: Բոլորի հիշողության մեջ կմնա քո ներողամիտ ժպիտն ու ճառագող աչքերիդ խորության մեջ ընկղմված` աշխարհին սեր, խաղաղություն ու բարություն առաքող մարդկային մեծ հոգիդ: Հայրենիքից դուրս, հայրենիքիդ կարոտից ստեղծեցիր քո փոքրիկ հայրենիքը,որի ցավերով տառապում էիր: Շուրջդ էիր հավաքել տարբեր պատճառներով Բեռլինում հայտնված հայերին, սիրեցիր ու սիրվեցիր, օգնության ձեռք էիր մեկնում բոլորին: Քո առինքնող հավատով սիրելի էիր երիտասարդներին,մեծերին, փոքրերին...
Թաց են բոլորի աչքերը, կապ չունի տարիքդ: Դու անտարիք մարդ էիր` բոլորին հասակակից. Երիտասարդ աղջիկ էիր, տղա էիր, մայր էիր, տատ էիր, սփյուռքահայ էիր, անխոս գերմանացի էիր. նրանք էլ էին քեզ սիրում: Օրհնում էիր երկիրն այս, որ շատերի ցավին դարման է անում, կյանք ու ապրելու հույսի շողեր պարգևում, ինչպես քեզ տաս տարուց ավելի:
Բարձրագույն կրթություն չունեիր, բայց քայլող հանրագիտարան էիր` բոլորի խորհրդատուն, բարության շտեմարան:
Այսօր կարծես որբացել է բեռլինահայությունը, քո տեղը դատարկ է համայնքում, կիրակնօրյա ժամերգությունում, ուր առաջինն էիր հանգանակություն անում և աղոթում հայրենիքիդ փրկության համար:
Դու հայի հայ մնալու համար պատրաստ էիր հիվանդ վիճակում անգամ ողջ Բեռլինում շրջագայել, քո նվիրյալ հոգով ներշնչելու հայկական կիրակնօրյա դպրոցի երեխաներին սիրել մայրենին, նրա խոսքը, բառ ու բանը, երգն ու արվեստը պահպանելու օտարության մեջ, որտեղ դու քեզ լավ հայ էիր զգում, ուժեղ հայ-մարդ...
Մոլորակին պատուհասած կորոնան քեզ տարավ մեր շարքերից ու դարձար մոլորակի միլիոնավոր մահերից մեկը, բայց կմնաս մեր հիշողություններում: Քո տեղը դատարկ է, բայց քեզ բացակա չենք դնում` մեր սիրելի Դունյա: Քեզ միշտ կկարոտենք, կհիշենք, կափսոսանք... Բեռլինահայերը, քեզ շատ սիրելի մոտ մարդիկ պատվով, հարգանքով ու ցավով ճանապարհում են քեզ հայրենիք, ուր դաժան պատերազմում զոհված հազարավոր երիտասարդներին իր գիրկն առած վշտահար ու թաց հողը սպասում է նաև քեզ ամփոփելու իր գրկում... Քո սիրելի բեռլինահայերին մնում է միայն խունկ ու աղոթք`անծանոթուհու` քեզ ուղղված բնութագիր-ցավակցական խոսքերով ասված` մարդու բարեկամ մարդ, հարեհաս, կարեկից, սրտակից մարդ, օտարության մեջ հարազատ, ամենքին նեցուկ ու հենարան: Օտարության մեջ քո տեսակի պակասը որբություն է դառնում:
ՎԱՐՁՔԴ ԵՐԿՆՔՈՒՄ ՇԱՏ ԼԻՆԻ, ԱՐԺԱՆԱՎՈՐ ՀԱՅՈՒՀԻ: