Սիրելի հայրենակիցներ,
Ուրախությամբ հայտնում ենք, որ ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի Հայկական դպրոցի շրջանավարտ Վիլյամ Գրաֆը, ավարտելով գերմանական դպրոցի աբիտուրիենտի քննությունները, տեղափոխվել է Երևան և հաջողությամբ հանձնելով Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի ընդունելության քննությունները, ընդունվել է Մայրենի ԲՈՒՀ-ի ընդհանուր բուժական ֆակուլտետ: ՀԵՄԱ հ/կ Վարչությունը ջերմորեն շնորհավորում է Վիլյամին և ցանկանում ուսման մեջ մեծ նվաճումներ: Վիլյամը հպարտությամբ հայտնեց մեզ, որ մեր դպրոցում ձեռք բերած իր հայոց լեզվի և պատմության տարրական գիտելիքները նրան այսօր ընձեռնել են առավելություն սկսնակ արտասահմանցի իր համակուրսեցիների հանդեպ և անհամեմատ հեշտացրել իր համար վերոնշյալ առարկաների ուսումնասիրությունը, որի համար նա իր խորին շնորհակալությունն է հայտնում մեզ: Սա լավագույն օրինակն է շեշտելու հայոց լեզուն սովորելու և նրա պրակտիկ կիրառության կարևորությունը գնահատելու համար: Այսպիսով՝ այցելեք մեր կիրակնօրյա դպրոց սովորելու հայերեն լեզու, պատմություն և հայ երգ-երաժշտություն:
Հպարտությամբ՝
ՀԵՄԱ հ/կ Վարչություն
ք․ Բեռլին, 23 սեպտեմբերի 2019թ․