«Սփյուռք–Հայաստան ենթակառույցների համակցման տեսություն» գիտական մենագրության Հատոր Բ-ն՝ «Տնտեսական, սոցիալական, կրթական, մշակութային, հոգևոր և թվային ենթակառուցվածքների գործառույթը», զարգացնում է Հատոր Ա-ում հիմնավորված համակարգային տեսությունը և քաղաքական-իրավական ճարտարապետությունը՝ դրանք փոխակերպելով գործառութային ենթակառուցվածքների, կառավարման մեխանիզմների ու կիրառական մոդելների։
Հատորում քննվում են համահայկական տնտեսական համակարգի կառուցվածքը, ֆինանսավորման ու միջոցների բաշխման սկզբունքները, ներդրումային, դրամաշնորհային և ձեռնարկատիրական ծրագրերի կառավարումը, սոցիալական ու առողջապահական պաշտպանությունը, անդրազգային առողջապահական ապահովագրության հնարավորությունները, կրթական հաստատությունների համացանցումը, հայերենի ու հայագիտական գիտելիքի սերնդային փոխանցումը, մշակութային ժառանգության վերարտադրությունը, հոգևոր կյանքի ներառական կազմակերպումը և թվային ենթակառուցվածքի ձևավորումը։ Առանձին ուշադրություն է հատկացվում տնտեսական մասնակիցների թվային ինքնությանը, ռեգիստրներին, համահայկական շուկային, ծրագրերի ու ներդրողների համադրմանը, տվյալների պաշտպանությանը, կիբեռանվտանգությանը, արհեստական բանականության կիրառմանը և մարդու վերջնական վերահսկողության սկզբունքին։
Աշխատությունում մշակվում են ծրագրերի փուլային գործարկման, կատարողականի հիմնական ցուցիչների, ռիսկերի կառավարման, ապահովագրական պահուստների, վճարունակության, վերաապահովագրական պաշտպանության, գործարար շարունակականության և համակցված ազդեցության գնահատման մեխանիզմներ։ Ներկայացված մաթեմատիկական բանաձևերը ծառայում են ծրագրերի համադրելիությանը, սահմանափակ միջոցների հիմնավորված բաշխմանը և համակարգի վիճակի փոփոխության գնահատմանը՝ չփոխարինելով քաղաքական, իրավական, բժշկական, մշակութային կամ բարոյական դատողությանը։
Հատորի գիտական նորույթը Հայաստան–Սփյուռք հարաբերությունների առանձին ոլորտները մեկ փոխկապակցված գործառութային համակարգում դիտարկելն է։ Տնտեսությունը, սոցիալական պաշտպանությունը, կրթությունը, մշակույթը, հոգևոր կյանքը և թվային միջավայրը ներկայացվում են ոչ թե որպես զուգահեռ գործող ոլորտներ, այլ որպես փոխադարձ կարողություններ փոխանցող ենթահամակարգեր, որոնց համակցումը պետք է նպաստի ինքնության պահպանմանը, կազմակերպական կայունությանը, սոցիալական համերաշխությանը և պատմական արդարության վերականգնման երկարաժամկետ կարողությանը։
Տեսական կառուցումները համադրվում են գործնական փորձառության հետ՝ ներառելով Եվրոպական հայ փորձագետների թվային հարթակի փորձնական գործարկման, ինչպես նաև ՀԵՄԱ հ/կ-ի (AEAE e. V.) բազմամյա կրթական, մշակութային, գիտական, բարեգործական և հոգևոր գործունեության կազմակերպական փորձը։ Այդ նյութը հնարավորություն է տալիս դիտարկել առաջարկվող համակարգը ոչ միայն որպես տեսական կառուցվածք, այլև որպես փորձարկված գործառույթների ընդլայնման, վերակազմավորման և համահայկական մակարդակում փոխկապակցման նախագիծ։
Մենագրությունը նախատեսված է համակարգային տեսության, սփյուռքագիտության, կառավարման, տնտեսագիտության, իրավունքի, կրթության, մշակույթի, սոցիալական պաշտպանության և թվային փոխակերպման ոլորտների հետազոտողների, փորձագետների, համայնքային կառույցների, քաղաքականություն մշակողների ու Հայաստան–Սփյուռք համագործակցության գործնական կազմակերպմամբ զբաղվող անձանց համար։
Այս գիտական մենագրության հատոր Բ-ն կարող եք գտնել հետևյալ հղումում․
https://haygirk.nla.am/upload/1941-/minasyan_spyurq_hayastan_a_2026.pdf
Մենագրության մետատվյալները կգտնեք Հայաստանի ազգային հանրային գրադարանի հետևյալ հղումում․
https://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=2083955