Արձագանքելով Արցախի Բարոնուհի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի խնդրագրին՝ փետրվարի 12-ին երեք բեռնատար ավտոմեքենաներ բարձված մոտ 20 տոննա մարդասիրական բեռով, որոնց մեջ առկա էին ավտոմատիզացված կամ մեխանիկական մոտ 100 հիվանդանոցիային մահճակալներ, իրենց ներքնակներով և գիշերային պահարանիկներով, անվասայլակներ, կենցաղային պարագաներ, բուժօգնական միջոցներ, Հայաստանի Ապավեն տերմինալի մաքսային պահեստներից ուղևորվեցին Արցախ։ Հիշեցման կարգով նշենք, որ այս բեռները ՀԵՄԱ հ/կ համակարգմամբ «Օգնիր Արցախին, փրկիր կյանքեր» նախաձեռնության շրջանակում հավաքվել և Բաբենհաուզեն վայրի կենտրոնական պահեստներից ուղարկվել էր Բելգիա ՄԱԿ-ի կարգոյի կենտրոնական պահեստներ, որտեղից էլ Հայ Օգնության Միության Բելգիայի մասնաճյուղի աջակցությամբ դրանք դեռևս դեկտեմբեր ամսին տեղափոխվել էին Հայաստան։ Այս բեռների հավաքագրման և տեղափոխության համար առանձնահատուկ կերպով մեր երախտագիտությունն ենք հայտնում հետևյալ կազմակերպություններին և անձանց խմբերին․
- Հայ Օգնության Միության Բելգիայի և Հայաստանի մասնաճյուղերին, ի դեմս Պետեր Պետրոսեանի, Մարին Համբարձումյանի և Լիլիթ Հովհաննիսյանի,
- Գերմանիայում Հայ և Գերմանացի Բժիշկների և Բուժաշխատողների միությանը, ի դեմս նախագահ տիկին Սրբուհի Մարտիրոսյանի,
- Բավարիայի Հայ Հայրենակցական Միությանը, ի դեմս մեր գործընկեր Արիստակես Զաքարյանի և Աուգսբուրգ քաղաքից նվիրյալ աջակիցների խմբի և
- Արևելյան Քրիստոնյաների Միջազգային Ընկերակցությանը, ի դեմս նախագահ Պաուլուս Կուրտի,
- Բրեմենի հայ ընկերային խմբին, ի դեմս Վարուժան Խուդավերդյանի
- HeldinTrans e.K. տեղափոխությունների պրեմիում ընկերությանը, ի դեմս նրա տնօրեն պարոն Սիաբենդ Շեմոյի,
- Բաբենհաուզենի, Հանաույի և Մայնի ֆրանկֆուրտի հայ գործընկերներին, ի դեմս պահեստային աշխատանքների կազմակերպիչ Տիգրան Մարգարյանի, բեռնափոխադրումների կոորդինատոր Անդրանիկ Վարդանյանի և բեռները ցուցակագրող Ժասմեն Ասատրյանի,
Փետրվարի 13-ին Արցախի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնն ընդունեց վերոնշյալ մարդասիրական բեռը և սկսվեցին ապրանքների մոնտաժման աշխատանքները։ ՀԵՄԱ հ/կ-ն և գերմանահայերը կշարունակեն աջակցել մեր հայրենակիցներին՝ վերականգնելու պատերազմից տուժված հաստատությունները և օգնելու կարիքավոր անձանց։
Փա´ռք ու Պա´տիվ մեր հերոսներին։
Երախտագիտությամբ՝
ՀԵՄԱ հ/կ Վարչություն