IMG-LOGO

ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի Հայկական դպրոցի 15 ամյակին նվիրված հանդիսություն

15-11-2025
IMG
Հայի ինքնությունը խարսխվում է հայոց լեզվով և ամրանում մշակույթով: Այս պարզ ու անփոփոխ ճշմարտությունը հայտնի է բոլոր հայերին՝ անկախ ապրելատեղից և ապրելակերպից: Վերջին մի քանի տասնամյակներին հայկական դասական սփյուռքը համալրվեց Հայաստանից արտերկիր տեղափոխված հայերով: Հայապահպանման հրամայականն է հայկական կիրակնօրյա դպրոցների ստեղծումը: Այդ դպրոցներից շատերը ժամանակի ընթացքում ցավոք կորցնում էին իրենց կենսունակությունը բազում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով:
 
15 տարի առաջ Միքայել Մինասյանի նախաձեռնությամբ և մի խումբ բեռլինահայերի ջանքերով հիմնադրվեց Բեռլինի հայկական դպրոցը, որը 2013թ․-ին ստանձնեց «Եվրոպացի և Հայ մասնագետների ասոցիացիա» նորաբաց հասարակական կազմակերպությունը, ինչը մի գեղեցիկ ճանապարհի սկիզբ դառավ արևելյան Բեռլինում և մինչ օրս մի շարք երախտավորների շնորհիվ հայկական դպրության անշեջ կրակն է պահում և փոխանցում նորեկ սերունդներին:
 
Նոյեմբերի 23-ին Բեռլինի Լիխտենբերգ շրջանի «Փրկչի» եկեղեցում տեղի ունեցավ ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի հայկական դպրոցի 15ամյակին նվիրված հանդիսությունը: Հանդիսության պատվավոր հյուրերն էին Բեռլինի պատգամավորների տան անդամ պրոֆ. դր. Մարտին Պետցոլդը, Պաուլ Գերհարդի անվան ավետարանական եկեղեցու պատվելի դր. Լենհարտ Շիրը և բռնցքամարտի 18-ակիր աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն՝ իր ընտանիքով:
 
Ողջույնի իր խոսքում դպրոցի հիմնադիր Միքայել Մինասյանը ակնարկային անցումով հակիրճ ներկայացրեց դպրոցի ստեղծման պատմությունը, 15 տարվա գործունեության ընթացքը, նրա նպատակներն ու շրջանավարտների թիվը: Ապա ծնողները աշակերտ-աշակերտուհիների դերում, իսկ աշակերտ-աշակերտուհիները՝ մանկավարժների, ներկայացրին տիկին Նվարդ Ամիրխանյանի բեմադրած «Բեռլինի հայկական դպրոցը» մանրապատումը: Լսվեցին Համո Սահյանի, Եղիշե Չարենցի, Հովհաննես Շիրազի և Գևորգ Էմինի բանաստեղծությունները, ինչպես նաև Կոմիտաս վարդապետի «Հոյ Նազան» երգը: Ապա երախտագիտական բարեմաղթանքներով իրենց սրտի խոսքն ասացին ուսուցչուհիներ Նվարդ Ամիրխանյանը, Գայանե Եղիազարյանը և ուսուցիչ Գրիգոր Մուրադյանը: Ողջույնի իր ավարտական խոսքում հայապահպանության գործում դպրոցի կարևորության մասին նշեց պրոֆ. դր. Մարտին Պետցոլդը՝ խոստանալով ապագայում էլ սատարել Բեռլինի հայկական դպրոցի գործունեությանը: Հանդիսավոր երեկոն եզրափակվեց «Կառնո քոչարի» պարով՝ դպրոցի սաների կատարմամբ: Ապա հյուրերն ու ողջ դպրոցական անձնակազմը տեղափոխվեցին եկեղեցու հարևանությամբ գտնվող համայնքի սրահ՝ մասնակցելու տոնական ճաշկերույթին, որը պատրաստել էին դպրոցի ծնողները և ՀԵՄԱ հ/կ վարչության անդամները: Երեկոն անցավ բարձր տոնական տրամադրությամբ: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին:
 
Խորին երախտագիտությամբ՝
 
ՀԵՄԱ հ/կ Վարչություն