ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի կիրակնօրյա հայկական դպրոցի սաները վերջիններիս ծնողների և ՀԵՄԱ հ/կ վարչության նախաձեռնությամբ սեպտեմբերի 22-ից մինչև 25-ը կատարեցին ճանապարհորդություն դեպի Վենետիկ։ Վայէջք կատարելով Մարկո Պոլոյի անվան միջազգային օդանավակայան՝ այցելուները տեղափոխվեցին ավտոբուսներով մեր հայրենակից տիկին Սյուզան Յանեկեանին պատկանող «Ալթիերի» հյուրանոց։ Ապա այցի հենց առաջին օրը երեխաները իրենց ծնողների հետ միասին կատարեցին նավարկություն Վենետիկի մեծ ջրանցքով՝ ծանոթանալու ջրառատ այս քաղաքի ընդհանուր համայնապատկերի հետ։
Հաջորդ օրը նավով կազմակերպվեց այց Սբ․ Ղազար կղզի՝ Մխիթարյան Միաբանության կրթաթանգարանային շինություն։ Սաներին և նրանց ծնողներին դիմավորեց միաբանության Հայր Համազասպ Վրդպ․ Քեշիշյանը, ով մանրամասն ներկայացրեց Մխիթարյան միաբանության կազմավորման պատմությունը, նրանց հոգևոր և կրթամշակութային դերն ու նշանակությունը ոչ միայն հայերի համար, այլև Վենետիկում ու նրա սահմաններից դուրս համաշխարհային մշակույթի, հնէաբանության, գեղարվեստի և պատմության մեջ։ Ներկաները ծանոթացան հանրաճանաչ գեղանկարիչների՝ այդ թվում Հովհաննես Այվազյանի գեղանկարների հետ, պեղումների արդյունքում հայկական տարբեր բնակավայրերում հայտնաբերված բազմաթիվ հնածոների, ավելի քան 36 լեզվով թարգմանված տպագիր հնամենի գրքերի և ձեռագրերի, այդ թվում Ղևոնդ Ալիշանի ստեղծագործությունների հետ, ինչպես նաև եգիպտոսից Սբ․ Ղազար կղզի տեղափոխված, լավագույն վիճակով պահպանված եգիպտական մի քրմապետի մումիայի և Կոմիտաս վարդապետի մահադիմակի հետ։ Հյուրերը համակ ուշադրությամբ լսում էին Սբ․ Ղազար կղզու շինության և կղզու ընդլայնման պատմությունները, Մխիթար Աբբահոր՝ Սեբաստացու, ներդրումն այդ գործում և միաբանների հայապահպանության գործնեությունը՝ սկսած միաբանության հիմնադրման օրվանից։
Սբ․ Ղազար կղզուց տպավորված հյուրերը նավով իրենց ջրային ճանապարհը շարունակեցին դեպի Բուռանո կղզի, որը հայտնի է իր երփներանգ շինություններով։ Այն կարծես նմանվում է հեքիաթային մի քաղաքի՝ իր գույնզգուն շենքերով, նեղ փողոցներով, տեսողական հանկարծակիությամբ նեղ փողոցներից բացվող լայն հրապարակներով և իր ջրբաժան ճանապարհներով։ Հաջորդ այցելության նպատակակետն էր Մուռանո կղզին, որտեղ կան ավելի քան 50 ճենապակեգործության մանուֆակտուրաներ։ Ցավոք ժամանակի ուշ լինելու համգամանքով պայմանավորված՝ այցելու հյուրերը հնարավորություն չունեցան ականատես լինելու ճենապակու պատրաստմանը։
Վենետիկ այցելության նախավերջին օրը դպրոցի սաները, ծնողները և կազմակերպիչները կատարեցին ոտքով շրջագայություն դեպի պատմական Վենետիկ՝ անցնելով քաղաքի բազում ջրանցքների վրա կառուցված հոյակերտ կամուրջների վրայով (քաղաքում առկա են շուրջ 400 կամուրջներ) և նրա նեղ փողոցներով՝ այցելելով հանրահայտ Մարկոսի հրապարակ, Լեոնարդո դա Վինչիի տուն-թանգարան, Մարկիանայի գրադարանը և այլն։
Բազում տպավորություններով լի սեպտեմբերի 25-ին ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի կիրակնօրյա հայկական դպրոցի անդամները հրաժեշտ տվեցին հյուրընկալ քաղաքին և վերադարձան Բեռլին։ Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Սբ․ Ղազար կղզու հոգևոր միաբան Հայր Համազասպ Վրդպ․ Քեշիշյանին և Ալթիերի հյուրանոցի տնօրինությանն այս այցելության կազմակերպման մեջ գործուն աջակցություն ցուցաբերելու համար։
Սիրով՝ Վարչություն
ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ՏՊԱՎՈՐՈԻԹՅՈԻՆՆԵՐ ԾՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ․
Սիրելի Հայրենակիցներ,
Սեպտեմբերի 22 ից մինչև 25ը Բեռլինի կիրակնօրյա հայկական դպրոցի սաները իրենց ծնողների, ուսուցիչների ուղեկցությամբ և կիրակնօրյա դպրոցի տնօրեն Միքայել Մինասյանի գլխավորությամբ կատարեցին ճանապարհորդություն դեպի Իտալիայի Վենետիկ քաղաքը։ Իմ կարծիքով կարելի է ասել, որ այս ուղևորությունը մի ուխտագնացություն էր դեպի Սուրբ Ղազար կղզի։ Գտնվելով Սուրբ Ղազար կղզու հնագույն եկեղեցում, մեծ ու փոքր ձեռքներս վեր պարզած աղոթեցինք աստծուն և խնդրեցինք խաղաղություն մեր հայրենիքի և Արցախի ժողովրդի համար։
Լսելով Մխիթարյան միաբանության վանահայր Համազասպ Վրդպ․ Քեշիշյանի պատմությունները հնագույն հայկական մատյանների ու գրքերի մասին, ինչպես նաև տեսնելով գրադարանը, որտեղ հայերեն է սովորել անգլիացի լորդ Ջորջ Բայրոնը, ևս մեկ անգամ հպարտացանք մեր հայ լինելով։ Մեր երեխաները հասկացան թե մեր ազգը ինչպիսի ներդրում ունի համաշխարհային գիտության, մշակույթի և արվեստի բնագավառում։
Ուզում եմ որպես ծնող իմ խորին շնորհակալությունը հայտնել Բեռլինի կիրակնօրյա հայկական դպրոցի տնօրեն պարոն Միքայել Մինասյանին, այս ուսուցողական ճանապարհորդությունը կազմակերպելու համար, ինչպես նաև վաստակաշատ մանկավարժ տիկին Նվարդ Ամիխանյանին' երեխաներին Մխիթարյան միաբանության մասին բացատրելու համար, նաև որոշ ծնողներին ովքեր իրենց սրամիտ կատակներով ապահովեցին ուրախ մթնոլորտ բոլորի համար։
Իսկ երեխաները անհամբերությամբ սպասում են կիրակի օրվան, որպեսզի նորից դպրոց գնան ու կիսվեն իրենց տպավորություններով։
Սիրով՝ Լիլիթ Գևորգյան