Բեռլինի ՀԵՄԱ հ/կ հայկական դպրոցի 2016/17 թթ. ուսումնական տարվա ավարտական միջոցառումն անցկացրեցինք մեր առանձնատանը։ Ի տարբերություն նախորդ տարիներին կայացած տարեվերջյան տոնակատարություններին, որոնք սովորույթի համաձայն անցկացվել են Բեռլինի Լիխտենբերգ շրջանի <<Փրկչի>> եկեղցում, այս տարի ՀԵՄԱ հ/կ վարչությունը, նրա անդամներն ու դպրոցի ծնողները որոշեցին ավելի մերձենալ միմյանց հետ ընտանեկան շրջանակում և ընդունեցին իմ ու ամուսնուս՝ Ֆիլիպի, հրավերը՝ մեր տնամերձ այգում ազատ ու մտերմիկ մթնոլորտում հանդիպելու միմյանց: Միջոցառմանը մասնակցում էին ոչ միայն ուսուցիչներն ու աշակերտներն իրենց ընտանիքներով, այլ նաև ապագա սաներն ու նրանց ծնողները։
Մեր այգում՝ թթենու, ընկուզենու և հայկական խաչքարի առկայությամբ հայկական ուտեստներով լի սեղանի շուրջ մթնոլորտն ամբողջացավ հայ երգով, երեխաների խաղով, խինդ ու քրքիջով։ Եղանակը հիանալի էր՝ այս տարվա հուլիս ամսվա սակավաթիվ արևոտ ու տաք օրերից մեկը։ Այս օրը մեր փոքրիկների հիշողության մեջ կմնա որպես մանկության մի գեղեցիկ դրվագ, որը նոր ուսումնական տարում նրանց էլ ավելի կոգևորի այցելելու ՀԵՄԱ հայկական կիրակնօրյա դպրոցը։ Գուցեև այն խանդավառի նոր աշակերտների ու ծնողների կամքը՝ 2017/18թթ.-ի ուսումնական տարում իրենց ներկայությամբ ու մասնակցությամբ հարստացնելու մեր դպրոցի կիրակնօրյան:
Սիրալիր բարեմաղթանքներով՝
Լիլիթ Հակոբան
Բեռլին, 30.07.2017թ.