IMG-LOGO

Այց Պերգամոն թանգարան

12-12-2017
IMG

Դեկտեմբերի 10-ին Բեռլինի հայկական դպրոցի աշակերտներն ուսուցիչների և ծնողների ուղեկցությամբ այցելեցին Պերգամոն թանգարան։ Այցի գաղափարն առաջացել էր պատմության հերթական դասի ժամանակ, երբ երեխաներն ուսուցչից լսում էին Ուրարտուի (Վանի թագավորության) հայ արքաներ Մենուայի, Արգիշտի I-ի, Սարդուրի II-ի և մյուսների արշավանքների, հիմնած քաղաքների, իրենցից հետո թողած արձանագրությունների ու ժայռաքանդակների մասին հետաքրքիր տեղեկություններ։

Թանգարանում աշակերտները նախ այցելեցին «Ուրարտույի սրահը»՝ տեսնելու Մենուա I-ի, Սարդուրի II-ի և Ռուսա II-ի սեպագիր արձանագրությունները, որոնք ավելի պատկերավոր դարձրեցին ուսուցչի մատուցած գիտելիքները։ Այնուհետև երեխաները տեսան Ուրարտուի մշտական հակառակորդ Ասորեստանի մայրաքաղաք Նինվեի մասին պատմող ժայռաքանդակները, արձանագրություններն ու արձանները, լսեցին հետաքրքրաշարժ պատմություններ։ Աշակերտները հիշեցին, որ Ք․ ա․ 612 թ․ Նինվեի գրավմանը մասնակցել էին նաև հետագայում թագավոր դարձած Պարույր Սկայորդու հայկական զորքերը։

Երեխաները հիացած էին մեկ այլ քաղաքի՝ Բաբելոնի հզոր պարիսպներով, առավել ևս, որ Ք․ ա․ 550 թ․ Բաբելոնի դեմ Կյուրոս Մեծի հետ դաշինք կազմած կռվել էր նաև Տիգրան I Երվանդյանը և հաղթելուց հետո Հայաստանը անկախ հռչակել։ Տարատեսակ էին երեխաների հարցերն ամբողջ ընթացքում՝ ինչպե՞ս են գրավել քաղաքները, նամակներն այն ժամանակ քարի՞ վրա են գրել և ուղարկել, ինչո՞ւ բոլորը ձիով չեն գնացել պատերազմ, ինչո՞ւ հիմա չկան այդ հին քաղաքները, ինչպե՞ս են այդ պատերը տեղափոխվել Բեռլին և այլն։ Տունդարձի ճանապարհին երեխաների հարցերը դեռ շարունակվում էին։ Համաշխարհային և հատկապես Հայոց պատմության մասին հետաքրքրասիրության կայծը նրանց մոտ կարծես բռնկվել էր։  

 

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ.

Besuch ins Pergamon-Museum

Պատկերասրահ

Տեսադարան