IMG-LOGO

«Մարդկանց օգնել, հույս ներշնչել» բարեգործական նախաձեռնության մեկնարկ

12-01-2021
IMG

Սիրելի բարեկամներ, սիրելի հայրենակիցներ,

 

հետպատերազմյան այս դժնդակ օրերին հայ ժողովուրդը փորձում է ամոքել իր վերքերը։ Հազարավոր ծանր վիրավորում ստացած մարտիկներն ու քաղաքացիները և նրանց ընտանիքներն առավել քան կարիքն ունեն մեր բոլորիս օգնության։ Շատերին անհրաժեշտ են բուժումներ, վերականգնողական թերապիաներ, հոգեբան-հոգեբույժների կողմից նեցուկ, իսկ այն վիրավոր և հաշմանդամ մարտիկների, ովքեր դարձել են անաշխատունակ, կանայք, երեխաները և ծնողները, կորցրել են իրենց կերակրող միակ հենարանը։

 

Որպեսզի ինչ-որ չափով թեթևացնենք վերջիններիս հոգսերը, ՀԵՄԱ հ/կ  10․01․2021թ․-ի վարչության որոշմամբ անհապաղ նախաձեռնում ենք «Մարդկանց օգնել, հույս ներշնչել» բարեգործական ակցիան, որի շրջանակում գերեվարված, վիրավոր, հաշմված և զոհված 8 մարտիկների կարիքավոր ընտանիքներ մեր միության կողմից 5 ամիս շարունակ կստանան ամսեկան 200 եվրո գումար անհատույց օգնություն։

 

Այս նախաձեռնության հաջողությունն ու շարունակականությունը պայմանավորված են Ձեր առատաձեռն նվիրատվություններով։ Ձեր դրամական նվիրատվությունները կարող եք կատարել ՀԵՄԱ հ/կ հետևյալ հաշվեհամարի վրա․

 

Kontoinhaber: AEAE e.V. (VEuAF e.V.)

Postbank Berlin

IBAN: DE62100100100432187107

BIC: PBNKDEFF

Verwendungszweck: Spende für die Aktion Menschen helfen, Hoffnung geben.

Name, Vorname:

Adresse:

 

Բնական է, Ձեր դրամական նվիրատվության դիմաց մեզանից կստանաք հարկազերծման տեղեկանք և մանրազնին հաշվետվություն գումարի նպատակային օգտագործման վերաբերյալ:

 

Հարգանքներով՝

 

Վարչություն

 

 

Հ․Գ․ Հետևյալ մարտիկների ընտանիքներն ընտրվել են մեր կողմից վերջիններիս առողջության և նրանց ընտանիքների սոցիալական վիճակի մասին մանրազնին տեղեկություններ հավաքագրելուց հետո։

 

1․ Սամվել Սարյան, ծնված՝ 1995թ․-ին Ստեփանակերտում, մարզիկ և երգիչ, անձամբ լինելով Բաքվից տեղահանված հայ ընտանիքի զավակ՝ զբաղվել է Ադրբեջանի տարբեր վայերից հայ փախստական ընտանիքներին հանրօգուտ կերպով օգնելու գործունեությամբ։ Հայրենիքի պաշտպանության ժամանակ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի պաշտպանական դիրքերի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո վիրավորվել է և անդամահատվելով՝ կորցրել իր ոտքը։

Առողջություն մաղթենք մեր մարտիկին։

Ավելին տես հետևյալ հղումում․  

https://www.facebook.com/100000818572144/posts/3544281528942431/?d=n

 

2․ Հայկ Մխիթարյան, ծնված՝ 2001թ․-ին Թալին քաղաքում։ Մատաղիսի մոտ ծանր մարտերի ժամանակ Հայկի ջոկատն ընկնում է շրջափակման մեջ և ծանր մարտեր վարելով դուրս են գալիս շրջափակումից, սակայն կրկին բազմաբեկորային վիրավորում է ստանում ԱԹՍ-ի ռմբահարումից հետո։ Այժմ նա դեռ ստանում է բուժումներ և գտնվում է վերականգնողական փուլում։ Առողջություն մաղթենք մեր մարտիկին։

Առավել մանրամասն տես այս հղումում․

https://www.facebook.com/100008600431399/posts/2476618195968171/?d=n

 

3․ Վոլոդյա Ավդալյան, ծնված՝ 2001թ․-ին Թալին քաղաքում, կապավոր։ Արցախի Հանրապետության Թաղավարդ գյուղի մոտ ծանր մարտերի ժամանակ վիրավորում է ստանում դիպուկահարի կրակից, սակայն վիրավոր վիճակում հասցնում է կատարել իր մարտական առաջադրանքը, որի համար վերջինիս շնորհվում է մարտական բարձր ունակությունների համար պետական շքանշան։ Առողջություն մաղթենք մեր հերոսին։

Առավել մանրամասն հերոսի մասին կգտնեք հետևյալ հղումում։

https://m.facebook.com/story.php?story_fbid=2467276326902358&id=100008600431399&sfnsn=mo

 

4․ Աննա Ավանեսյան, ծնված՝ 1991թ․-ին,

ունի  5 (հինգ) անչափահաս երեխա, 4 (չորս) տղա և 1 (մեկ) դուստր: Ամուսնացած է, ամուսինը ծառայում է ՊԲ զորամասում: Ապրում էին Շուշի քաղաքում, պատերազմի հետևանքով մնացել են առանց տուն, հիմա ապրում են Երևան քաղաքում վարձով բնակարանում: Ընտանիքը գտնվում է ծայրահեղ ծանր սոցիալական վիճակի մեջ և ունի դրամական աջակցության կարիք։

 

5․ Հարությունյան Մերինե, ծնված՝  1986թ․-ին,

ունի  5 (հինգ) անչափահաս երեխա, 3 (երեք) աղջիկ 10, 12,15 տարեկան և երկու (2) տղա 7 և 4 տարեկան:

Ապրում էին Շուշի քաղաքում, պատերազմի հետևանքով մնացել են առանց տուն, հիմա ապրում են Ստեփանակերտ քաղաքում վարձով բնակարանում: Ամուսինը՝ Առուստամյան Արսենը 1983թ-ին  ծնված, գերեվարվել էր, հիմա բուժվում է Ավանի հոգեբուժարանում: Ընտանիքը գտնվում է ծայրահեղ ծանր սոցիալական վիճակի մեջ և ունի դրամական աջակցության կարիք։

     

6․ Այվազյան Արևիկ, 45 տարեկան,

Տղան զոհվել է այս պատերազմում: Ամուսինն այս պահին գերևարված է Ադրբեջանում:

Ապրում է Արմավիրի մարզի  Եղեգնուտ գյուղում, հայրենի տունը Թաղազարտ գյուղում էր, որն այս պահին ադրբեջանցիները գրավել են: Ունի 2 աղջիկ, 1 աղջիկը ամուսնացած է, մյուս աղջիկը՝ անչափահաս: Ընտանիքը գտնվում է ծայրահեղ ծանր սոցիալական վիճակի մեջ և ունի դրամական աջակցության կարիք։

 

7.Ասոյան Նաիրա, ծնված՝ 1992թ․-ին,

ունի  3 (երեք) անչափահաս երեխա, 2 (երկու) տղա 8 և 2  տարեկան և 1 (մեկ) աղջիկ 9 տարեկան:

Ապրում էին Մարտունու շրջանի գյուղ Ջիվանիում, որն այս պահին ադրբեջանցիները գրավել են, հիմա ապրում են Ստեփանակերտ քաղաքում վարձով բնակարանում: Ընտանիքը գտնվում է ծայրահեղ ծանր սոցիալական վիճակի մեջ և ունի դրամական աջակցության կարիք։

 

8․ Վարսենիկ Հայրապետյան, ծնված՝ 1989թ․-ին,

ապրել են Ստեփանակերտ քաղաքում, հայրենի տունը ամբողջությամբ այրվել է պատերազմի ժամանակ:

Ամուսինը՝ Ասոյան Հովհաննեսը  (1984թ․-ին), ծանր վիրավորում է ստացել մարտի ժամանակ և այս պահին բուժվում է, ստացել է մեկ աչքի ամբողջական կուրացում, մյուսը դեռ պիտի վիրահատվի: Ապրում են Ավանի հանրակացարանում՝ 3 անչափահաս երեխաների հետ: Չեն աշխատում: Ընտանիքը գտնվում է ծայրահեղ ծանր սոցիալական վիճակի մեջ և ունի դրամական աջակցության կարիք։



Պատկերասրահ