Միության սիրելի անդամներ,
սիրելի բարեկամներ,
սիրելի հայրենակիցներ,
2020թ.-ը մոտենում է իր ավարտին: Այն մեզ բոլորիս համար հակասական տարի էր, իսկ Հայաստանի և Արցախի համար՝ աղետալի, սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան պատերազմի հետևանքով ունենալով բազմաթիվ զոհեր և տարածքային կորուստներ: ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՄԵՐ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ:
Մենք պատերազմի հենց առաջին օրերից Գերմանիայից փորձեցինք ընդդիմանալ այս արհավիրքին մեր ուժերի ներածին չափով. փրկել մարդկանց կյանքեր, իրեղեն և դրամական նվիրատվություններով օգնել կարիքում հայտնված մեր հայրենակիցներին, գերմանական հանրությանը հնարավորինս օբյեկտիվ կերպով տեղյակ պահել ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ, ընդդեմ ադրբեջանա-թուրքաճան ագրեսիայի մեր բողոքի ձայնը բարձրացնել ցույցերի և հանրային երթերի միջոցով և այլն: Գերմանահայերի և նրանց բարեկամների ջանքերով Բաբենհաուզեն վայրի կենտրոնական մեր պահեստներում հավաքվեց մոտ 50 տոննա մարդասիրական բեռ, այդ թվում բազմաթիվ դեղեր և բուժական միջոցներ, անվասայլակներ, հիվանդանոցային մահճակալներ և պարագաներ, հագուստներ, շտապ օնության 4 մեքենաներ, որոնք արդեն 9 բեռնատար ավտոմեքենաներով տեղափոխվել են Հայաստան: Մեզանից շատերը մասնակցել են հայտարարված դրամահավաքին և դրամական նվիրատվություններ կատարել <<Հայաստան>> համահայկական հիմնադրամին, ինչու՞ ոչ, նաև մեր միության միջոցով: Մենք կարող ենք միայն մեր սրտագին երախտիքի խոսքն ասել բոլորին իրենց մարդասիրական քայլերի համար և հուսալ, որ 2021թ.-ը հակառակ 2020թ.-ի՝ մեր օջախներում կբերի խաղաղություն, երջանկություն և սեր: Այս տրամադրությամբ մաղթում ենք ամենքին
ՕՐՀՆՅԱԼ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ ԵՎ ԲԱՐԵԲԵՐ 2021 ԹՎԱԿԱՆ:
Տոնական բարեողջույններով՝
ՀԵՄԱ Հ/Կ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ