IMG-LOGO

Միքայել Մինասյանի «Սփյուռք-Հայաստան ենթակառույցների համակցման տեսություն» երկհատոր գիտական մենագրության շնորհանդեսը Երևանի Մերիդիան կենտրոնում Համահայկական Էքսպո 26-ի շրջանակում

07-11-2026
IMG

2026թ-ի նոյեմբերի 7-ին ՀՀ Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի կողմից Սփյուռքի Համահայկական Գագաթաժողովի շրջանակում «Մերիդիան» կենտրոնում կազմակերպված համաշխարհային Հայկական էքսպո 26-ի ընթացքում  Գերմանիայի Հայ-Գերմանացի Բժիշկների և Բուժաշխատողների միությունը, Գերմանահայ իրավաբանների միությունը և Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիան՝ՀԵՄԱ-ն, մեկ տաղավարով ներկայացրին իրենց պրոֆիլն ու գործունեությունը։

 

ՀԵՄԱ հ/կ առաջին նախագահ Միքայել Մինասյանը կազմակերպել էր նաև իր իսկ հեղինակած «Սփյուռք-Հայաստան ենթակառույցների համակցման տեսություն» գիտական մենագրության Ա  և Բ հատորների շնորհանդեսը, որն անցավ բուռն քննարկումներով, հետաքրքիր  հարցադրումների պարզաբանմամբ և ԶԼՄ-ների ուղեկցությամբ։

 

Մենագրության հեղինակը մանրամասն ներկայացրեց համազգային գաղափարի իրագործման  ճանապարհի հնարավոր և անհնարին   բոլոր դժվարություններն ու  նրանց հաղթահարման ուղիները։

 

Հայ ժողովրդի գոյատևման պայքարի  դաժան ճակատագիրը,  մաքառումներով լի անցած ճանապարհը  միշտ մտածելու, խորհելու, ուղիներ փնտրելու,աշխարհասփյուռ հայությանը  իմի բերելու  որոշման փաստի առաջ է կանգնեցրել։

 

Եվ այսօր մեր սեղանին է դրված «Սփյուռք-Հայաստան ենթակառույցների համակցման տեսություն» գիտական մենագրությունը։

 

Տեսության հեղինակը հստակ, մանրակրկիտ վերլուծությամբ, իր զարգացման փուլերով, մաթեմատիկական բանաձևումներով բարձրացնում է  հայությանը հուզող, մտահոգող խնդիրները։ Տեսության ստեղծումն ունեցել է փուլային հետևյալ ընթացքը․

  • 2000թ․ սկզբնական տեսական միջավայրի ուսումնասիրում,
  • 2000-2020թթ․Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման դիտարկում,
  • 2020թ պատերազմից հետո առաջացած անվտանգային ճգնաժամի ամրագրում,
  • 2026թ․-ից թվային կառավարման և արհեստական բանականության ժամանակակից փուլի հնարավորություններից օգտվելը։

 

Ազգային ինքնության պահպանումը հայի համար ամենամտահոգիչ հարցն է, քանի որ նա ունի աշխարհագրորեն տարածք չճանացող Սփյուռք, որտեղից էլ առաջ է գալիս հայկական աշխարհի համակցման , ոչ թե միաձուլման գաղափարը։ Համակցումը միաձուլումից տարբերվում է նրանով, որ չի  վերացնում մասերի ինքնուրույնությունը։

 

Հստակ   տրվում է  հայկական Սփյուռքի առաջացման հիմքերը, պատճառները՝ կապված պատմական իրողությունների, քաղաքական իրավիճակների և շատ այլ հանգամանքների հետ։ Այն բազմաշերտ է՝ նախաեղեռնյան ցանցեր, եղեռնից հետո սփռվածություն աշխարհով մեկ, փախստականի կսրգսվիճակից դեպի համայնքային հաստատության ձևավորում, ապա հետխորհրդային  արտագաղթ և նոր սփյուռքայնություն։

 

Հայաստնաի Հանրապետությունն, այսինքն՝ մայր հայրենիքն, ունի պետական ինքնիշխանություն և սահմանադրական իրավասություններ, որոնք չեն կարող փոխանցվել սփյուռքյան կառույցներին։ Բայց երկուսն էլ ունեն ընդհանուր պատմական հիշողություն, մշակութային ժառանգություն և մայր Հայաստանի հետ իրական կամ խորհրդանշական կապ, բայց չունեն այդ կապերի շարունակական որոշումները համատեղ գործողությունների վերածող համընդհանուր կառուցվածք։

 

Մենագրությունը տալիս է ուղղորդում՝ ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց միջոցով առանձին հայկական կառույցները կարող են ընդհանուր նպատակի շուրջ ձևավորել համատեղ հաղորդակցությունների և որոշումների էկո-համակարգ՝ չկորցնելով իրենց իրավական և մշակութային ինքնավարությունը։

 

Աշխատության բոլոր մասերը միավորող ինտենցիան՝ հեռահար նպատակը, պատմական արդարության վերականգնումն է, որը չի կարող սահմանափակվել միայն ճանաչմամբ, դատական պահանջով կամ հիշատակի ոգեկոչման արարողությամբ։

 

Պատմական արդարության վերականգնումը ներառում է պատմական  ճշմարտության գիտական հաստատում և ճանաչում, զոհերի և նրա ժառանգների արժանապատիվ, որպես հետնորդների, ճանաչում, ինչպես նաև միջազգայնորեն հաստատված փոխհատուցում՝  նյութական, մշակութային ժառանգության վերականգնում և դրանց շարունակականության ապահովում։

 

Պատմական արդարությունը միայն անցյալին ուղղված պահանջ չէ, այն ապագայի կառուցումն է, որի մեջ պատմական խզված հայկական կյանքը ձեռք կբերի ինքն իրեն շարունակելու կարողություն։

 

Համահայկական համակարգը, ի դեմս այլ հաստատությունների և գործունեության ոլորտների գործառույթների իր մեջ ինտեգրմանը, միաժամանակ պետք է ճանաչի նաև Հայ առաքելական, կաթոլիկ և Հայ ավետարանական եկեղեցական համայնքների ժառանգությունը և նրանց դերը հայի ինքնության պահպանման գործում։

 

Տեսությունն իր բոլոր փուլային լուծումների դրույթներով դառնում է մշտարթուն գործող ծրագիր՝ առաջադրող տարբերակներով, որը չի թողնի մարի ապագայի, նպատակին հասնելու հույսը, հայության` համակցման տեսության  երազանքը։


Պատկերասրահ

Տեսադարան