2025թ․-ի նոյեմբերի 2-ին «Հայ և Եվրոպացի մասնագետների ասոցիացիա» հանրային կազմակերպության հյուրն էր քաղաքագետ և դիվանագետ, «Ազգային Ժողովրդավարական Բևեռ» շարժման մասնակից-անդամ Արա Պապյանը․ Փորձառու դիվանագետը դասախոսեց «Հայ–գերմանական հարաբերություններ․ պատմական ժառանգություն, ներկայի համագործակցություն և ապագայի հնարավորություններ» թեմայով։
Դասախոսության հիմնական նպատակն էր ցույց տալ հայ–գերմանական հարաբերությունների շարունակականությունը, դրանց պատմական և ժամանակակից կարևորությունը, հատկապես քննության առարկա դարձնել Հայաստանի Հանրապետության առջև ծառացած խնդիրները և նախանշել դրանց հաղթահարման հնարավոր ուղիները, ինչպես նաև ուրվագծել ապագայի հնարավոր համագործակցության ոլորտները։
Հայ–գերմանական հարաբերությունները ձգվում են դարերի խորքից՝ անցնելով տարբեր փուլերով և արտացոլելով ինչպես համաշխարհային քաղաքական զարգացումները, այնպես էլ հայ ժողովրդի պատմական ճակատագրի իրադարձությունները։
Դասախոսության ընթացքում քննարկվեցին հետևյալ հիմնական թեմատիկ բաժինները․
1․ Միջնադար և նախապատմական շփումներ – հայերի և գերմանական տարածքների միջև առաջին կապերը։
2․ 19-րդ դարի երկրորդ կեսը և Հայկական հարցը – Գերմանիայի քաղաքական և հասարակական վերաբերմունքը հայ ժողովրդի իրավունքներին։
3․ Առաջին համաշխարհային պատերազմը և միջպատերազմյան շրջանը (1914–1933) – հայ գաղթականների ու մտավորականների գործունեությունը Գերմանիայում, ինչպես նաև գերմանացի գիտնականների և հասարակական գործիչների աջակցությունը։
4․ Նացիստական Գերմանիայի շրջան (1933–1945) Գերմանիայի արտաքին քաղաքականությունը և դրա ազդեցությունը հայկական հարցի ընկալման վրա։ Հայերի նկատմամբ քաղաքականության առանձնահատկությունները, գիտական ու քարոզչական մոտեցումներ։
5․ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո․ Սառը պատերազմի տարիներ (1945–1990) – Գերմանիայի բաժանումը և դրա ազդեցությունը հայ համայնքի կյանքում։
6․ Հայաստանի անկախացումից հետո (1991–ներկա ժամանակաշրջան) –
դիվանագիտական հարաբերությունների հաստատում և համագործակցության առաջին քայլեր։ Քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի զարգացում, Գերմանիայի դերը Հայաստանի նկատմամբ ԵՄ քաղաքականության շրջանակում։
7․ Ապագայի հեռանկարներ – հայ–գերմանական հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները, Գերմանիայի ներդրումը Հայաստանի տնտեսության, կրթության և գիտության ոլորտներում, ինչպես նաև հայ համայնքի դերը երկկողմ համագործակցության խորացման գործում։
Բանախոսության ավարտին հետևեց աշխույժ զրույց ներկա հյուրերի հետ հարց ու պատասխանի ձևաչափով։
Բանախոսությունը գերմանացի հյուրերի համար մասամբ հատվածաբար թարգմանվեց գերմաներեն լեզվով։
Առավել մանրամասն տեղեկություններ բանախոսի կենսագրության վերաբերյալ կգտնեք հետևյալ հղումի տակ․
https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D6%80%D5%A1_%D5%8A%D5%A1%D5%BA%D5%B5%D5%A1%D5%B6
Հարգանքներով՝
ՀԵՄԱ հ/կ Վարչություն