21.04.2024թ․ Համբուրգ(գերմ․Hamburg) մեծությամբ Գերմանիայի երկրորդ քաղաքը Բեռլինից հետո, գտնվում է Էլբա գետի մոտ։ Համարվում է տրանսպորտային հանգույց՝ լինելով երկրորդ խոշորագույն նավահանգիստը Եվրոպայում։ Այն հանդիսանում է ԶԼՄ-ների և արդյունաբերության կենտրոն։ Դարեր շարունակ Համբուրգը եղել է կարևոր ֆինանսական կենտրոն և համարվում է աշխարհում երկրորդ հնագույն բանկի (Berenberg Bank) նստավայրը։
Մենք «Մանիֆեստ»-ի մասնագիտական խմբի համաեվրոպական շրջագայության 3-րդ փուլի ավարտին Համբուրգում ենք՝ ատենապետ Արսեն Հարությունյանի ղեկավարած համայնքում , ուր ամեն ինչ հայկական էր՝ մուտքից մինչև հյուրասիրություն, խոսելանյութ, հայի ցավի ու մտահոգության տագնապներ, անհանգստություն՝ «Մանիֆեստ»-ի լուսավոր գաղափարները կյանքի կոչելու հավատով, շտապելու պահանջով, շեշտելով, որ երկրի վիճակից ելնելով՝ մենք ժամանակ չունենք։ Արսենը լավ հայի, ազգային ցավով տառապողներից մեկն է, ով հնարավոր ամեն ինչ անում է 44-օրյայից հաշմանդամ դարձած երիտասարդներին օգնելու, հավաքագրելու իր տարածքի սփյուռքահայերի հնարավորություններն օգտագործելու՝ ուժեղացնելու հայրենիքը հնարավոր բոլոր միջոցներով։ Հաճելի ու տրամադրող էր համայնքում մթնոլորտը։ Քահանա Տեր Գնելի Գաբրիելյանի Տերունական աղոթքից հետո սկսվեց դասախոսությունը, որին մասնակցում էին բժիշկներ, իրավաբաններ, բիզնեսմեններ, կիրակնօրյա դպրոցի ծնողներ, զինվորականներ և շատ այլ այրեր։ Բոլորին համայնք էր բերել հայրենիքի սերն ու կարոտը, նաև լսելու արդեն իսկ ծանոթ Միքայել Մինասյանի «Մանիֆեստ»-ի գաղափարի շուրջ ծավալվող, նաև որոշումներ կայացնելու, պատրաստվող հարթակի մասնակիցը դառնալու, հայությանն այսօր խիստ անհրաժեշտ գործող ծրագիր ուենալուն։
Մասնակիցների մեջ էր բժշկուհի Քրիստինա Աղաբեկյանը, մի քանի տարի առաջ հայրենիք վերադարձած Լիլիթ Մարտիրոսյանը, մի հրաշալի հայուհի, ով հայրենիքի հանդեպ ունեցած պարտքի ու պատասխանատվության զգացումով պատրաստ էր բժշկի մասնագիտական լավագույն կրթությամբ ծառայել իր ժողովրդին, գնացել էր մեծ սիրով ու ոգևորությամբ, որպեսզի դեռևս իր փոքրահասակ երեխաները մեծանան, սովորեն մայր հայրենիքում։ Բայց այսօր այստեղ է, փորձում է ատենապետ Արսենի կազմակերպված համայնքի հետ լինել Միքայել Մինասյանի «Մանիֆեստ» գիտական աշխատության գաղափարը գործնականի վերածողների շարքերում, տեսնել իրականություն դարձած հայի երազանքը՝ աշխարհում ունենալու Սփյուռք-Հայաստան միասնական պետություն։
Բանագնացը դասախոսության մեջ անդրադարձավ համայնքներում արծարծված հարցերին, գերմանահայ թեմի Առաջնորդ եպիսկոպոս Սերովբե Սրբազան Իսախանյանի առաջարկին միացան նաև այստեղ՝ Գերմանիայում , որպես օրինակ, ստեղծել հարթակը, որի պատրաստ լինելու դեպքում ցանցաձև կմիանան մայր հայրենիքն ու Սփյուռքը։
Դասախոսությունն ընդհատվում էր տեղում առաջացած հարցերով, մարդիկ ցանկանում էին շատ շուտ ստանալ իրենց հարցերի պատասխանները, բայց մինչև վերջ լսելուց հետո հարցադրողին հասկանալի էր ամեն ինչ։
Խորհել տվող ու հոգիդ ալեկոծող էին Էդգար Գևորգյանին մտահոգող հարցերը, ցանկությունները, պատրաստակամությունը, մասն ունենալու «Մանիֆեստ»-ի ծրագրի իրագործմանը, բանագնացին ուղղված՝ ախր ինչքա՜ն լավ եմ զգում, երբ ստանում եմ այսօր ինձ մտատանջող հարցերի պատասխանը։ Ունեմ ապահով ընտանիք, մասնագիտական լավ աշխատանք, երեխաներ, բայց չունեմ կարևորը՝ ապահով, անվտանգ հայրենիք։ Այստեղ ենք, բայց ապրում ենք մայր Հայաստանի ցավերով, հոգսերով, վախերի ու տագնապների մեջ՝ ամեն պահ մայր հայրենիքի պետականությունը կորցնելու ցավի զգացումով ու տագնապով։
-Պարո՛ն Մինասյան, ասե՛ք, ի՞նչ անենք, պատրաստ ենք լինել մասնակիցը առաջադրվող հարթակի ստեղծման թիմի կազմում։ Մի առաջարկ ունեմ նաև, եթե կարելի է, ստեղծել գերմանահայ կենտրոնական կոմիտե, որի գաղափարների տեսանելի արդյունքը ճիշտ օգտագործենք բոլորս։ Բոլոր հարցերն ու հարցադրումները հիմնավոր քննարկվեցին՝ ստանալով իրենց պատասխաններն ու որոշումները։
Ուշագրավ էր նաև Գերմանիայում պայմանագրային զինծառայող Արսեն Իվերսի հարցադրումը, թե ինչ է պահանջվում հայ զինվորականներից։ Հարցը հակադարձեց Միքայել Մինասյանը հարցադրումով՝ Արսեն ջան, այսօր, որպես զինվորական Գերմանական պետությունը ի՞նչ առաջադրանքներ է դրել ձեր առջև։ Արսենն իր պատասխանով տվեց հակադարձված հարցի պատասխանը՝ պահանջվում է մեզնից պահպանել դեմոկրատիան, երկրի և ՆԱՏՈ–ի սահմանները, ապահովել Գերմանիայի բնակչության անվտանգությունը․ լուծումներ, որոնք անհրաժեշտ են նաև այսօր հայ զինվորին՝ իրեն վերապահված առաջադրանքները կատարելու համար։
Գերմանիայում հայտնի, սիրված հոգևորական Տեր Գնել քահանա Գաբրիելյանի հարցերն ու մտահոգությունները շա՜տ-շատ էին՝ ուղղված բանագնացին՝ ինչի՞ց սկսել, ինչպե՞ս, ովքեր են դերակատարները, ի՞նչ միջոցներով և այլ հարցեր ստացան բավարար պատասխաններ։
Ինչի՞ց սկսել՝սեփական համայնքը վերակազմակերպելուց։ Ինչպե՞ս՝սահմանել գերմանահայերի համար գերնպատակ, որը կարող է լինել հայի ինքնության պահպանումը։
Ովքե՞ր են դերակատարները հարցին՝ Գերմանիայում ապրող ուրաքանչյուր հայ, ով մտահոգ է իր և իր սերնդի հայ մնալու հոգսով և նրանք, ովքեր անտարբեր չեն հայրենիքում կատարվող եղելությունների նկատմամբ։
Ի՞նչ միջոցներով հարցին՝ համախմբելով գերմանահայ նյութական և մարդկային ներուժը մեկ հարթակում՝ դրանք ուղղորդել արդի և ընթացիկ խնդիրների լուծմանը։
Մասնակիցներից Գայանե Գրիգորյանին մտահոգում էր Հայաստանին օգնելու խնդիրը։ Նշում է, որ չնչին գումարներ Հայաստան օգնություն ուղարկելը հարցի լուծում չէր, ինքը ծանր կացության մեջ հայտնված մի շարք արցախցիների, զոհված ազատամարտիկների կանանց օգնելու նպատակով կազմակերպել է տորթերի պատրաստման հեռահար դասընթացներ՝ սովորեցնելով նրանց տորթերի պատրաստման արվեստի նրբությունները։ Ուրախ է, որ դասընթացների ավարտին վաճառքի են հանել բարձր պահանջարկով տորթեր։ Հանգիստ է, որ արժանապատիվ ձևով նրանք կարող են վաստակել իրենց հացը։
- Իմ մեջ այսպես ծնվում են գաղափարներ՝ փոքր բիզնեսը հասանելի դարձնել ունակ, շնորհալի կանանց ներգրավելով աշխատանքի մեջ։ Գայանեին մտահոգում է նաև ազգապահպանության խնդիրը։ Ցանկանում է «Մանիֆեստ»-ի գործուն հարթակ ունենալու դեպքում թիմն ունենա այնպիսի վերահսկողության մեխանիզմներ, որ չարաշահումներ չլինեն։ Տրված անվտանգային հարցի պատասխանում ներկայացվում է, որ երկրի հնարավոր ճգնաժամային պայմաններում արագ և ճիշտ արձագանքման նախադրյալներ կստեղծվեն՝ ունենալով մասնագիտական թիրախային խմբեր․ հումանիտար մասնագետների խումբ, որոնք զբաղված են լինելու տվյալ ճգնաժամի մասին տեղեկությունների ստուգմամբ, վերլուծությամբ, լուսաբանմամբ և տարածմամբ, տեխնիկական գիտությունների մասնագետների ներգրավում՝ ապահովելով SS անվտանգային խնդիրները, նյութական կազմակերպչական հարցերը հրատապ լուծելու նպատակով ստեղծել իրեղեն և դրամական նվիրատվությունների հավաքման, պահեստավորման, դեպի Հայաստան առաքման և այնտեղ՝ տեղում գործընկեր կազմակերպությունների հետ դրանց բաշխման աշխատանքները կոորդինացնող խումբ։
Միքայել Մինասյանը մանրամասն կերպով ամփոփում և խոսում է հայապահպանության, միասնական հզոր հայրենիքի ստեղծման ճանապարհին հնարավոր դժվարությունների ու արգելքների հաղթահարման մասին։ Հայցում է նաև լսարանի և համայնքների առաջարկներն ու մասնագետների գործուն մասնակցությունը ։
Քանի որ հավաքվածների մեջ կային բժիշկներ, որոնք իրենց հայրենասիրական և մարդասիրական գործունեությամբ արժանի են միայն խոնարհումի, Տեր Գնելը հարց ուղղեց ներկա գտնվող Գերմանահայ Բժիշկների Միության նախագահ Սրբուհի Մարտրոսյանին,՝ներկայացնելու 44-օրյա պատերազմում աչքը կորցրած երիտասարդների աչքերի պրոթեզավորման օգնության ընթացքի մասին։
Սրբուհի Մարտիրոսյանը մանրամասն ներկայացրեց աչքը կորցրած 60 և ավել տղաների աչքի պրոթեզները պարտադիր երկու տարին մեկ փոխելու համար գումարների հայթայթման դժվարության մասին, նշելով նաև, որ այս անգամ Համբուրգի այս համայնքն իր վրա է վերցրել քսան տղաների հարցը։
Ջերմ հավատով ու սիրով հեռանում ենք հայրենակարոտ հայացքների ուղեկցությամբ՝ կրկին հանդիպելու, որոշումները կյանքի կոչելու ակնկալիքով։
Սեդա Վարդազարյան
«Մանիֆեստ» գիտական աշխատության խմբագիր