IMG-LOGO

Մեր ինքնության հաստատման ուղին։ <<Մանիֆեստ>>-ի ներկայացման մեկնարկը Երևանում վերջինիս մասնագիտական խմբի համաեվրոպական շրջագայության շրջանակում

29-10-2023
IMG

 29.10.2023թ․  ԵՐԵՎԱՆ- ՀՀ-ն մայրաքաղաքը՝ հայացքը Մասիսներին հառած։ Աշխարհին հայտնի է իր «Արարատ» կոնյակով,  մ․թ․ա․  782թ․ Մենուայի որդի Արգիշտի  առաջին թագավորի օրոք կառուցված «Էրեբունի ամրոց» քաղաքով, Արարատ լեռով ու Նոյան Տապանի հետ կապված աստվածաշնչային պատմությամբ և այլն։

 

ԳԱԱ ՀՀ  Պատմության ինստիտուտի դահլիճը  լեփ-լեցուն էր ունկնդիրներով։ Մասնակիցների թվում էին  Արքեպիսկոպոս Վազգեն Սրբազան Միրզախանյանը,  «Վերելք» հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանը, ՀՀ ԲՏԱ նախկին նախարար Հայկ Չոբանյանը, ԳԱ սփյուռքագիտության բաժնի մասնագետներ, գործարարներ, թղթակիցներ, ազատամարտիկներ,  լրատվական կենտրոններից ներկայացուցիչներ,  Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը  (տնօրեն Սամվել Մեսրոպյան)  և  ուրիշներ։ Գրքի շնորհանդեսը վարում էր Արծրուն Պեպանյանը։

 

Սեդա Վարդազարյանի ներածական խոսքից հետո  Միքայել Մինասյանը Սփյուռք-Հայաստան ենթակառույցների համակցման տեսության՝ «Մանիֆեստ»-ի դրույթները գծապատկերներով, գիտական հիմնավորումներով, հասկանալի ու մատչելի, մանրամասնորեն ներկայացրեց  ունկնդիրներին, որից հետո ծավալվեցին բուռն քննարկումներ, հարցադրումներ, պարզաբանումներ։  Բազմաբնույթ էին հարցադրումները։ Շնորհակալ գործ էին համարում տեսությունը գործնականի վերածելը, քանի որ օրհասական է Հայաստանի վիճակը։ Պիտի ուժեղացնել, համախմբել սփյուռքը մայր Հայաստանի շուրջ։  Միասնական ուժի օրինակը 44-օրյա պատերազմից հետո համախմբված օգնությունն էր մայր հայրենիքին։

 

Արքեպիսկոպոս Վազգեն Սրբազան Միրզախանյանն իր խոսքում նշեց՝ մեզանից է կախված մեր գոյության հարցը, մենք ունենք այդ ներուժը, իշխանությունները  դա պիտի հասկանան։  Ինչ էլ որ կատարենք, նախաձեռնենք, հարցերը հայաստանակենտրոն պիտի դրվեն։

 

Ցանկանում եմ ողջունել, միաժամանակ շնորհակալություն հայտնել Միքայել Մինասյանին առողջ ու համարձակ գաղափարների,  այսօր մեզ  օդ ու ջրի պես  անհրաժեշտ համայն հայության  միասնական պետության  ստեղծման ծրագիրը ներկայացնելու համար։ Մի հարց ևս, որ շատ կարևոր է։ Պետք է աշխատենք թշնամիներ չվաստակել։ Պիտի  սովորել անգամ թշնամուց։ Ադրբեջանը գիտենք ով է, բայց մեզանից բացի թշնամի չունի։ Եթե ուժեղ պետություն ունենանք, եկեղեցին էլ ուժեղ ու միասնական կլինի  պետության հետ։

 

«Վերելք» հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանը  իր խոսքում նշեց, որ միջնադարում նման  համացանցային համակարգ ունեցել են հայ առևտրականները, որոնց առաջարկած ծառայությունից օգտվել են նաև այնպիսի  կայսրություններ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիայի թագավորությունը, Ռուսական կայսրությունը, հոլանդական նավատորմը և այլն։ Այդ ցանցը ձգվել է Հնդկաստանի Մադրաս քաղաքից, անցնելով Ջուղայով, հասել է մինչև Ամստերդամ, ապա Լոնդոն։  Հայերի ունեցած ազդեցությունը միջազգային առևտրում ու արհեստագործության մեջ եղել է լեգենդար։

Այժմ  մենք նոր հեծանիվ չենք հայտնագործում, այլ օգտվելով նորագույն  տեխնոլոգիաներից,  ցանկանում ենք  նմանատիպ հայկական  մի մեծ ցանց  գործարկել Սփյուռքի և Հայաստանի համախմբման համար։ Եթե սա  չիրագործվի, ապա մենք չենք կարող գոյատևել  աշխարհի  այսօրվա զարգացման պայմաններում։

 

Միքայել Մինասյանը նաև չի պնդում, որ սա բացարձակ ճշմարտություն է, այլ սա ընդամենը  քննարկման համար հարթակ  է  ստեղծում, եթե կան ավելի լավ առաջարկներ ու մտքեր, որոնք կարող են փոխարինել «Մանիֆեստ»-ի դրույթներին, ապա ինքը ուրախ կլինի լսել դրանք և միասնականորեն իրագործել  բոլորիս բաղձանքը։

 

Արտահայտվեցին նաև գերմանահայ՝ Գերմանիայից  Հայաստան տեղափոխված և Երևանում ամուսնացած Մարկուս Ազադյանը, ծրագրի դրույթները հիմնովին ընդունող, գործարար Մանվել Գաբրիելյանը,  սփյուռքագիտության բաժնի աշխատակիցներ  և ուրիշներ։

 

Բավականին երկար տևած քննարկումներից հետո եզրակացությունը մեկն էր՝ տեսությունը պետք է հասանելի դարձնել նաև սփյուռքում։ Գրքի ներկայացումն ավարտվեց Արքեպիսկոպոս Վազգեն Սրբազանի տերունական աղոթքով։

 

Երևանում՝ Սփյուռք-Հայաստան ենթակառույցների համակցման տեսություն՝ «Մանիֆեստի» շնորհանդեսի շա՜տ-շատ հաճելի, մտահոգիչ վերլուծություններից հետո,   ժամանակ անց, նույն գրքի շնորհանդեսը նախատեսվում է անցկացնել Գերմանիայում և եվրոպական այլ երկրների հայկական համայնքներում։

 

Սեդա Վարդազարյան
«Մանիֆեստ» գիտական աշխատության խմբագիր