Բեռլինահայերը շտապում են Շառլոտտենբուրգ շրջանում գտնվող սբ․ Լուիզայի անվան եկեղեցի․ հապշտապ բարևում են միմյանց՝ հիշեցնելով չուշանան, որ Հայր Սուրբի վերջին պատարագն է Բեռլինում, քանի որ տեղափոխվում է Քյոլն։ Հավատավոր մարդիկ, ընկղմված շարականների աստվածային մեղեդիների ներքո, լսում են Հայր Եղիշեի սովորականից մի փոքր հուզված աղոթքները, ապա նրա երախտագիտական զգացումներով լի քարոզը, վերջում մոտենում նրան՝ տիրոջ հաղորդությունը ստանալու։ Հայր Սուրբը՝ Եղիշե վարդապետ Ավետիսյանը, բեռլինահայերի հոգևոր հովիվն է, նրանց հոգսերը կիսող, հավատ ու սեր ներշնչող, բարություն սերմանող, ինքնության պահպանման երաշխավորը։ Բոլորի համար եկեղեցին այն սրբավայրն է, որտեղ նրանք հաղորդակցվում, կիսվում են իրենց մտահոգություններով ու ազգային հոգսերով․ այդ ամենը Հայր Եղիշեի՝ իր հոտին հավաքագրելու ջանադրությամբ։ 2009-ից մինչև 2011 թվականը Հայր Սուրբը Բեռլինում իր առաքելությամբ սիրված հոգևորական էր, ում Ամենայն Հայոց Հայրապետի կարգադրությամբ տեղափոխեցին Հայաստան, որտեղ իր հոգևոր պարտականություններն է կատարել 2011- ից մինչև 2013թ-ը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Երևանում հիմնում է ՀԵՀԵՄ (Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միություն) կազմակերպությունը, գրում նրա կանոնադրությունը՝ դառնալով վերջինիս հիմնադիրներից մեկը։ Ամենամեծ վաստակը հազարավոր հայ երիտասարդների միահամուռ ցույցն էր և երթը Երևանից դեպի հոգևոր կենտրոն՝ Սբ․ Էջմիածին։ Նա ի դերև հանեց երիտասարդների միաբանությունը եկեղեցու շուրջ և նրանց անսասան հավատը։
Բեռլինահայությունը, որը չուներ մշտական հոգևոր հովիվ, ցանկանում էր նրա վերադարձը։ Բայց անկանխատեսելի է հոգևորական աշխարհի տեղաշարժը։ Հայր Սուրբը Հայաստանից հետո 2014թ․-ին հայտնվեց Շվեդիայում, որպես սկանդինավյան երկրների հայ համայնքների հոգևոր հովիվ, ուր ևս ծառայեց մեծ պատասխանատվությամբ։
2018-ից առ այսօր Բեռլինում է և սրբությամբ է սպասարկել հայերի հոգևոր կարիքները, կատարել եկեղեցական բոլոր ծեսերը, ինչպես նաև հաղորդակից, խորհրդատու է եղել և օգնել հոգեպես ճնշված մարդկանց։ Գալով Բեռլին՝ Հայր Սուրբի նախաձեռնությամբ հայ համայնքում առաջինը կայացավ Պ․Սևակի 100- ամյակին նվիրված Միքայել Մինասյանի կողմից Պ․ Սևակի <<Եղիցի լույս>> գրքի գերմաներեն թարգմանության շնորհանդեսը (խմբագիր պրոֆ․ դր․ Հերմանն Գոլտց և դր․ Արմենուհի Դրոստ-Աբգարյան, վերջինս Հալլե Վիտտնբերգ համալսարանին կից <<Մեսրոպ>> հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավարն էր, ծնունդով Շիրակի մարզի Հոռոմ գյուղից)։ Շնորհանդեսին Միքայել Մինասյանը, Նուբար Գուդելեկեանը, Աննա Հարությունյանը, Աննա Շավինյանը, ինչպես նաև Հայր Եղիշեն ընթերցեցին բանաստեղծությունների հայերեն և գերմաներեն տարբերակները։ Սրահը զարդարված էր գրքի ձևավորված նկարներով, որոնց հեղինակն էր Սրբուհի Մարտիրոսյանը։
Սևակի մասին հուշերով կիսվեցին դր․ Արմենուհի Դրոստ-Աբգարյանը և մատենադարանի աշխատակցուհի տիկին Ստելլա Ղևոնդյանը։ Միջոցառմանը ներկա էր նաև Գերմանիայում նախկին ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը տիկնոջ հետ։
Ուշագրավ է նաև Հայր Սուրբի աջակցությամբ Բեռլինի ՀԵՄ (Հայ և Եվրոպացի մասնագետների) ընկերության բացման արարողությանը, ուր ժամանել էին նաև Շվեդիայից և Դանիայից հրավիրված պատվավոր հյուրեր։
Անսպառ են եղել Հայր Սուրբի նախաձեռնությունները, միջոցառում- հանդիսությունները, ծիսակատարությունները։ Նրա անմիջական աջակցությամբ առ այսօր մեծ շուքով է կազմակերպվում գերմանա- հայկական մշակութային օրերի որոշ միջոցառումներ, բազում ծրագրեր հայերի և գերմանացիների ակտիվ մասնակցությամբ։ Ակնառու էր նաև նրա ուսուցչական աշխատանքները ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի Հայկական Դպրոցում, որը թեև ընդամենը մեկ տարի տևեց, բայց տվեց իր բարեբեր պտուղները դպրոցի սաների հայեցի կրթության գործում։
Հնարավոր չէ թվարկել Հայր Սուրբի գործունեության շրջանակները, որով կարողացել է նպաստել հայապահպանությանը։ Եվ պատահական չէ իրեն ուղղված՝ ի՞նչ՞ ես զգում նոր վայր տեղափոխվելիս, հարցի պատասխանը։
- Աշխարհի որ ծայրում էլ լինեմ, կծառայեմ հոգևոր առաքելությանս։ Այսօր էլ վերջին օրով անգամ, պատարագից հետո կազմակերպել է Բեռլինի համալսարանում արևելագիտության ֆակուլտետի հայկական բաժնի նախկին գիտաշխատող դր․ Ժիրայր Քոչարյանի բանախոսությունը։ Նա Հայոց Ցեղասպանության ընդունման համար ժամանակին աշխատել է իր ուսանողուհու, հետո արդեն գործընկերուհու, գրող- հրապարակախոս, դասախոսուհի և հասարակական գործիչ, հայանպաստ գործունեության համար Արցախի և ՀՀ կողմից շքանշանների արժանացած դր․ Թեսսա Հոֆֆմանի հետ։
Վերջում Բեռլինի եկեղեցական և մշակութային հայ համայնքի ատենապետուհի Սոնա Այպպերը բոլորի կողմից շնորհակալական խոսք ուղղեց սիրված հոգևորականին՝ ցանկանալով նրան նույն եռանդով շարունակել իր առաքելությունը Քյոլնի Գերմանահայոց թեմի Առաջնորդարանում։
Հուզիչ էր բեռլինահայերի բաժանումը Հայր Եղիշեից․ գրկախառնվում էին մեծ թե փոքր, շատերն արցունքախառն աչքերով հեռանում էին՝ խոսք չկարողանալով ասել․․․
Սեդա Վարդազարյան