IMG-LOGO

Մեր ինքնության հաստատման ուղին։ <<Մանիֆեստ>>-ի մասնագիտական խմբի համաեվրոպական շրջագայության 3-րդ փուլը

18-03-2024
IMG

16.03.2024 Մյունխեն (գերմ․՝ München) -  Բավարիա  երկրամասի մայրաքաղաքը,  գտնվում է Իսար գետի ափին, Համբուրգից և Բեռլինից հետո մեծությամբ երրորդ քաղաքը Գերմանիայում։ Համարվում է Գերմանիայի գարեջրային տոների մայրաքաղաք, նաև ավտոարդյունաբերական   խոշորագույն  կենտրոն  Եվրոպայում։

Մյունխենում է գտնվում կայացած Հայ Հայրենակցական Միությունը (ատենապետ Արիստակես Զաքարյան), որտեղ ջերմ էր մեր հանդիպումը  համայնքի հետ։

Բազմամարդ էր համայնքը, ակտիվ կյանքով լեցուն։ Այնքա՜ն ջերմություն ու սեր կար միության  յուրաքանչյուր անդամի կողմից  երիտասարդ Արիստակեսի՝ Արիսի, նկատմամբ․ ակնառու էր միմյանց նկատմամբ բարեկամական մթնոլորտը։ Հայրենիքի նկատմամբ կարոտի խոսք ու ցավ ունեին բոլորը, իրազեկված, ոգևորված  էին Միքայել Մինասյանի Սփյուռք-Հայաստան ենթակառույցների համակցման տեսություն՝ «Մանիֆեստ»-ի հայապահպանության, միասնականության  գաղափարով, համակարծիք էին նրա իրագործման  մասնակիցը լինել։ Մինչ թեմայի շուրջ զրույցը Արիստակեսի հետ ունեցած հարցազրույցից պարզ դարձավ, որ միտված են տարածքի բոլոր հայկական միությունների հետ, անկախ քաղաքական ուղղվածություններից, փորձել միավորվել մեկ գաղափարի շուրջ։

«Միավորումը  փորձում ենք սկսել միատեղ անցկացվող տոնական միջոցառումներով։  Հուսով եմ՝ կստացվի,- հաճելի ժպիտով ասում է Արիսը և շարունակում,- Համայնքը  հիմնադրվել է  պոլսահայերի, իրանահայերի ջանքերով  և  գործում է 1962- ից։  Շարքերը համալրվել են 90-ականներից սկսած տարբեր ժամանակահատվածներում այստեղ տեղափոխված Հայաստանաբնակ  հայերով։ Նպատակը եղել և մնում է  առ այսօր հայապահպանության խնդիրը։ Այսօր այդ նպատակին են ծառայում համայնքի կողմից ղեկավարվող մանկապարտեզը, 80 և ավելի աշակերտանոց դպրոցը,  և որ հաջորդ տարի, -ոգևորված ներկայացնում է Արիսը-,այս սրահում կհնչի ավարտական հրաժեշտի զանգի ղողանջները։ Կյանք կուղարկենք 10-ամյա կրթությամբ, հայերենի  իմացությամբ  ութ  աշակերտների»։

Միքայել Մինասյանը նախաբանի իր խոսքում նշեց՝ բոլորին է հայտնի մեր հայրենիքի բարոյա-հոգեբանական ճգնաժամային վիճակը, գնալով պակասում են ազգային արժեքների պահպանման համար սփյուռքահայության  ավանդական ներդրումները և ռեսուրսները, որը նաև ճիշտ նպատակին չէր ծառայում, հետևաբար նոր տեսության, նոր գաղափարի լուծումն այսօր հրատապ խնդիր է։  Մայր հայրենիքն այսօր չի կարող միայնակ դիմակայել  համաշխարհային մարտահրավերներին, իսկ սփյուռքն էլ՝ պահպանել իր ինքնությունը։ SS-ի հարթակի ստեղծումով,  «Մանիֆեստ»-ի գաղափարների հնարավոր իրագործմամբ հնարավոր կդառնա համայն հայության միավորումը միասնության գաղափարի շուրջ։

Ապա պարզաբանվում է աշխարհում գործող  ամբողջականության և ամբողջատիրության մոդելը։ Բնականաբար ընդունելի է եվրոպականը՝  ամբողջականության մոդելը։ Հստակեցվեց, որ սփյուռք կոչվածը այս կառույցի դերակատարը պիտի լինի։ Միքայել Մինասյանը ինչպե՞ս, ի՞նչ ձևով հարցադրումներին պատասխանելով՝ ներկայացնում է գերմանահայերի համար պատրաստված գերմանական մոդելը։ Պիտի սկսել գերմանական կառույցի հարթակի և  ստրատեգիական թերթիկի ստեղծումից՝ ունենալով գերմանական  տարածքում սահմանադրորեն ընդունելի հայ իրավաբանական և ֆիզիկական անձերի ներգրավում՝ կամավորականությունից գնալով դեպի պրոֆեսիոնալիզմ։     

Խիստ  ընդգծվում է, որ ամեն ինչ պիտի ստեղծվի մաքուր հենքի,  մաքուր գաղափարի վրա, հիմքում ունենալով  Գերմանահայ Կենտրոնական Խորհուրդը և Առաջնորդարանը։ Գումարային ռեսուրսների  առաջացման հարցին ի պատասխան  նշվեց,  որ յուրաքանչյուր  անհատ անձ կամ կազմակերպություն պիտի կառույցին վճարի ազգային տուրք։

Ուկնդիրների այն հարցին, թե աշխարհում կա՞ գործող նմանատիպ մոդել։ Բանախոսը նշում է հրեական, իտալական հունական, եզդիական և այլ մոդելներ, որոնցից հայկականը բոլորովին տարբեր պիտի լինի՝ հաշվի առնելով հայկական մտածելակերպի և հայերի վարվելակերպի տարբերությունները, սփյուռքի անտարածք սահմանների ընդգրկվածությունը․ բոլորից պիտի  ստեղծել ոսկե միջինը։

Սկսվա՞ծ է կառույցի ստեղծումը, ովքե՞ր են  գաղափարի շուրջ առաջին մասնակիցները․ հարցը բավարարվեց  թվարկումով։ Իրենց միասնությունն են հայտնել Առաջնորդարանը, Հեսսենի երկրամասի հայ համայնքները, հայ իրավաբանների,  հայ բժիշկների  միությունները և շատ համայնքային միություններ։ Կառույցը պիտի գործի տեղակայման և ոչ տեղակայման շահերի միասնությամբ։         

Մանիֆեստի շուրջ պարզաբանվող երկխոսությունները, ցուցադրվող գծապատկերները տաք, մատչելի ու հասանելի էին դառնում ունկնդիրներին։  Մինասյանի ելույթն ընդհատվում էր հարցերի տարափի տակ, պարզաբանվում, շարունակում, ապա կրկին ու կրկին հարցեր։ Լսարանում ակտիվ էին ոչ միայն տարեցները, այլ նաև երիտասարդները՝ իրենց առողջ հարցադրումներով, դրական պատասխանի ակնկալիքներով։

1984-ին այստեղ տեղափոխված իրանահայեր Ժանետը և Վերժիկը գտնում են, որ «Մանիֆեստ»-ի գաղափարների իրագործման  համար նվիրյալների հարատև աշխատանք, ջանք ու եռանդ է հարկավոր։ Եվ բերում են օրինակներ։

«1977-ին, պարսկական հեղափոխության ժամանակ, դաշնակցական  կազմակերպությունը, մենք և եկեղեցին միավորվեցինք, որ մեզ ձեռք չտան․ դա մեզ հաջողվեց։ Իսկ երբ կառավարությունը փորձեց միացնել հայկական դպրոցները իրանականին, բոլոր քաղաքական ուժերով, անկախ տարաձայնություններից,  մի բռունցք դարձանք մայր եկեղեցու հետ։ Որպեսզի իրանցիները <<Արարատ>> հայկական համալիրի տարածք  մուտք  չգործեն, երկու ամիս գիշեր ու ցերեկ հսկել-հերթապահել ենք՝ տղամարդիկ գիշերը, ցերեկը՝ կանայք։ Մենք մեզ բարձր էինք պահում։ Օտար երկրում անգամ այդ միությունն իր պտուղները տվեց։ Այսպես պայքարել ու գոյատևել ենք շուրջ 450 տարի։ Հիմա այստեղ ենք, այս համայնքը մեր մի կտոր փոքրիկ հայրենիքն է, ուր մենք հոգեպես ապրում ենք՝ մի օր  հզոր հայրենիք  ունենալու  հույսով։ Այսօր արդեն հույսի  շողեր ենք տեսնում, պետք է միավորվել՝ պատմության մեջ փոշեհատիկ չդառնալու համար»։

Դատում են այսպես շատերը, ողջունում  «Մանիֆեստ»-ի ցանկալի գաղափարների իրագործմանը  լծվելու  խնդրին։ Իսկ Վրաստանի Մառնեուլ շրջանի  Շահումյան գյուղի  երիտասարդ բնակիչ  Արայիկ Սարգսյանը ոգևորված հայի ինքնության պահպանման, հզոր հայրենիք ունենալու գաղափարով՝ պատրաստ է հետ վերադառնալ հայրենի գյուղ, պատճառաբանելով՝ մեզ մեծ սերը մեր հայրենիքն է տալու, որի հզորացման զինվորը պիտի դառնանք բոլորս։

Հետաքրքիր է և այն, որ  երեկոյի ամենաառաջին այցելուն Մյունխենի օդանավակայանի և Բեռլինի կենտրոնական երկաթուղային կայարանի շինարար-ինժեներ Սեբուհ Բալեանն է, որը եկել էր Միքայել Մինասյանին հանդիպելու, լսելու,  ասելով նաև՝ ես այլևս չեմ կարողանում մասնակցել համայնքների հավաքներին։ Ծանոթանալով Ձեր «Մանիֆեստ»-ի ողջունելի գաղափարներին, այսօր առաջին անգամ եկել եմ, պատրաստ եմ ինձանից կախված հնարավոր ամեն ինչ անել՝ իրագործելու, հզոր հայրենիք փոխանցելու մեր սերունդներին։

Մռայլ երեկոն իջել էր քնի մեջ մրափող քաղաքի վրա, գիշերվա ժամը երկուսն էր, բայց ոչ մեկը  չէր փորձում գնալ, ցանկանում էին բոլոր հարցերի հնարավոր պարզաբանումներն ունենալ, այդ գաղափարի իրագործման զինվորը դառնալ։

Տպավորիչ գիշերային երեկոն և առավոտը լրացրեց Արիստակեսի հրաշալի Շողակաթ մայրիկն իր հայկական համ ու հոտով ուտեստների հյուրասիրությամբ և բարի ճանապարհի մաղթանքներով։

 

17.03.2024թ․ Նյուրնբերգ(գերմ․՝ Nürnberg)- միջին Ֆրանկիայի մայրաքաղաքը, գտնվում է Բավարիա երկրամասի աշխարհագրական կենտրոնում՝ Պեգնից գետի մոտ

Ես այսօր չեմ խոսելու աշխարհին հայտնի մի քաղաքի մասին, որը մոտ տասը տարի  նացիստական գաղափարախոսության կենտրոնատեղին է եղել, Ադոլֆ Հիտլերի ամենասիրելի նստավայրերից մեկը, քաղաք, որն ունի դեռևս  միջնադարից աշխարհին  հայտնի խաղալիքների թանգարանը, և որ կարող ես հայտնվել բերդապատով գոտևորված Նյուրնբերգի ամրոցի հին քաղաքում, երկինք պարզված Սբ․ Լավրենտիոսի եկեղեցում, քաղաք, որտեղ առաջին գլոբուսն ու գրպանի ժամացույցն է  ստեղծվել,  այստեղ է սյուների վրա ամենատարբեր լեզուներով (14-րդ սյունը հայերենով) փորագրված մարդու իրավունքների պաշտպանության հայտնի դրույթները, այն նաև հայրենիքն է ամենահամեղ բավարական նրբերշիկի և, վերջապես, 1945–ին ավերված քաղաք, ուր պատերազմի հանցագործների դատավարությունն է եղել։

Ամեն տեսածդ ստեղծում է այս ժողովրդի նկատմամբ հարգանք ու պատկառանք։

Մեր ինքնության փնտրտուքների մեջ հայտնվեցինք այս քաղաքում, հանդիպեցինք հրաշալի մի հայուհու՝ դոկտոր Մարգարիտ Ասոյան-Լինկին, որին  ատենապետ ասեմ, նախագահ, թե՞ տնօրեն, կապ չունի, նա ամենուր էր՝ մանկապարտեզում, դպրոցում,  եկեղեցական  խորհրդում և այլուր։ Նրա ղեկավարած համայնքը տարբերվում է իր կազմակերպվածությամբ, քննարկումների անկեղծությամբ, արդեն իսկ հայրենանվեր իրենց գործունեությամբ։      

Տիկին Մարգարիտն իր ինքնությանն անմնացորդ նվիրյալ հայուհի  է,   ապրած  տարիների բոլոր ժամանակահատվածներում մաքուր ու զուլալ հոգեբանությամբ։ Համայնքը շնչում է նրա վեհ կերպարին նմանվելու ձգտումով։ Դպրոցի  70  աշակերտներին  գիտի անուն առ անուն, նրանց հետ է շախմատի խմբում, երաժշտության աշխարհում, պարողների ու պարուսույցների հետ, հոգևոր հովիվ՝ քահանա Տեր Այգիկ Հովհաննիսյանին աջակից, եկեղեցական արարողությունների ժամանակ կանգնած շարականների երգեցիկ խմբում, որի ամենափոքրիկ մասնակիցը՝ Մարի Կիդիչը, շախմատային մրցապայքարում հաղթող ճանաչվելով, պիտի մասնակցի Բավարիայի տարածաշրջանի շախմատային առաջնության մրցաշարին։

Հերոսական նկարագրի տեր կին՝ Իրաքում ծնված, մասնագիտությամբ բժիշկ-ռադիոլոգ, Նյուրնբերգի հայ համայնքի համահիմնադիր և երկարամյա ատենապետուհի տիկին դր․ Մարգարիտ Ասոյան-Լինկը եղել է Գերմանիո ՀՕՄ  համահիմնադիր, հետո նախագահ։ Եղել է նաև Գերմանիո հայ բժիշկների միության անդամ, այնուհետև նախագահ։ 

Իսկ այսօր Նյուրնբերգի հայ համայնքի ատենապետուհին է։ Բազում  տքնաջան, հայրենանվեր գործունեության համար ՀՀ Սփյուռքի Նախարարության կողմից պարգևատրվել է ոսկե շքանշանով։ Նրա  կյանքը լի է հերոսականությունն  ընդգծող պատառիկների շղթայով․ նվիրյալ հոգով, սրտով, մարմնի ողջ բջիջների զգացողությամբ։ Մայր հայրենիքը կարոտ է այսպիսի նվիրյալ ղեկավարի, առաջնորդի, յուրահատուկ առաքելությամբ, անբացատրելի հմայքի տեր կին, որի գործունեության ծավալը սահմաններ չունի, եթե հայրենիքն է վտանգի մեջ։ 44–օրյա  պատերազմի ընթացքում նրա ղեկավարած համայնքը Գերմանիայում հավաքել է ամենաշատ դրամական նվիրատվությունը և հանգանակել հայկական բարեգործական հիմնադրամներին, իսկ պատերազմից հետո՝ հաղթահարելով շատ դժվարություններ, մեկնել է իր սիրելի Արցախ, որի ֆիզիկական  գոյության տարիներին ջանք ու եռանդ  չի խնայել իր կողմից կազմակերպված օգնություններով պարբերաբար օգնել Արցախին։ Արցախում նա կրկին այցելեց ու շոյեց այն սրբատեղերի, եկեղեցիների պատերը, որոնցով հիանում էր ու նոր ուժ ստանում ամեն այցելության ժամանակ։                                                                                   Այնուհետև տեղում ծանոթացավ արցախցիների ցավոտ խնդիրներին, որպեսզի հետ վերադառնալուն պես իր հնարավորության սահմաններում կրկին փորձի գտնել ճանապարհներ՝ հայրենակիցներին օգնելու համար։ Այսօր երջանիկ եմ, որ լսում եմ շքեղ գեղեցկությամբ, առինքնող հմայքի տեր կնոջ՝ դր․ Մարգարիտա Ասոյան-Լինկի մտահոգությունը հայի ու հայության ճակատագրի մասին։ Իր մի կտոր համայնք կոչված հայրենիքում հայրենանվեր գործունեություն է ծավալել։ Երգեցիկ, գեղեցիկ արևմտահայերենով, որ իր հոգու կանչն ու երգն է,  շնորհակալական երախտիքով ներկայացնում է  դպրոցի ուսուցիչ- ուսուցչուհիների՝ Լիլիթ Կրկյանի, Մարիամ Լևոնյանի, Գոռ Հարությունյանի (Նյուրնբերգի օպերայի երգչախմբի անդամ), Տաթևիկ Մուրադյանի, Րաֆֆի Հարությունյանի, Վլադիսլավ Թամրազյանի, Գոռ Հարությունյանի տիկնոջ՝ Հրաչուհի Բասենցի (Դրեզդենի սեմպերօպերայի մեներգչուհի) և մյուսների նվիրումը  հայապահպանության  ցավոտ խնդրին։

Առանձնահատուկ  վերաբերմունքով, ուշադրությամբ և պատկառանքով է  խոսում հոգևոր հովիվ քահանա Տեր Այգիկ Հովհաննիսյանի՝ իր հոտին հավատարիմ լինելու առաքելության և հայանպաստ գործունեություն ծավալելու մասին։

Հենց այս համայնքի բազմամարդ սրահում Միքայել Մինասյանը բազմաբովանդակ, մանրակրկիտ վերլուծությամբ, հայերենով և գերմաներենով ներկայացրեց միասնության՝ գիտական տերմինով  ամբղջականության  գաղափարը,  Սփյուռք-Հայաստան ենթակառույցների համակցման տեսություն՝ <<Մանիֆեստ>>-ի դրույթները, որից հետո  ծավալվեց բուռն քննարկումների ձգվող շղթա։  

Այն հարցին, թե ի՞նչ ունի Սփյուռքը միավորման այդ ճանապարհին, բանագնացը հստակ ներկայացրեց՝ ունի կիրակնօրյա և ամենօրյա դպրոցներ, հայագիտական կենտրոններ, եկեղեցին իր ծխական համայնքներով և դպրոցներով,  առևտրային ընկերություններ, կուսակցություններ, ինչպես նաև մշակութային միություններ և մասնագիտական ուղղվածություն ունեցող կազմակերպություններ (բժիշկների, իրավաբանների, երաժիշտների, արվեստագետների և այլն), նաև եկեղեցին իր չորս աթոռանիստերով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Կիլիկիո Ամենայն Հայոց Կաթողիկոսարանը, Կ․ Պոլսի Պատրիարքարանը և Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը, նաև Հայ Ավետարանական և Կաթոլիկ եկեղեցիները։

ՀՀ-ն ունի իր տեղն ու դիրքը  համաշխարհային կազմակերպությունների մեջ, իրավունքները,  օրենսդիր, գործադիր և դատական մարմինները, դրանց վարչական ստորաբաժանումները, պետական և ոչ պետական կազմակերպությունները և այլն։ Միասնականությունը պետք է ներկայացված  լինի  գնդի մոդելի տեսքով։  

Հարց տրվեց՝ արդյո՞ք կիրակնօրյա դպոցներն  ունեն ապագա։

Մինասյանը ներկայացրեց վճարովի հայկական թեքումով անհատական գերմանական դպրոցներ ունենալու  հեռահար նպատակը, որն իր ծրագրում կունենա հայոց լեզվի, գրականության, պատմության, մշակույթի պարտադիր դասաժամեր․ նախատիպը Ռուբեն Վարդանյանի  ստեղծած դպրոցն է Դիլիջանում, ուր սովորում են աշխարհի ամենատարբեր տեղերից եկած սաներ։

Այսօր  մեր խնդիրը կիրակնօրյա դպրոցներում ընդգրկվածությունը շատացնելն է, որակյալ մասնագետներ, որակյալ  ծրագրեր  ունենալը,  քննություններ մտցնելը՝ վկայականներ կամ սերտիֆիկատներ  ստանալու, որը թույլ կտա ամրագրված օրենքով Հայաստանի բուհերի քննություններին մասնակցել,  որտեղ հավասար միավորներ ունենալու դեպքում առաջնությունը կտրվի սփյուռքից գործուղվածներին, որոնք սովորել են կիրակնօրյա դպրոցում, կլինեն նաև  վարձավճարային զեղչեր։

Գեղեցկատես հայուհու կողմից  համարձակ հարց առաջադրվեց՝ ունե՞ք  աջակցություն կառավարության կողմից և իրագործման ժամանակացույց։  Միքայել Մինասյանը պատասխանեց, որ Սփյուռքի գրասենյակը սեպտեմբերին կայանալիք համագումարի մի ամբողջական օր տրամադրելու  է <<Մանիֆեստ>>-ի բոլոր դրույթները ներկայացնելուն և համակարգելուն։

Հնչեց նաև հարց՝ արդյո՞ք շրջագայության ընթացքում եղել են առաջարկներ, կարծիքներ, ի՞նչ , ինչպե՞ս և որտեղի՞ց սկսել։

Պատասխանը տրվում է շատ հստակ՝ Քյոլնի Առաջնորդարանում Սրբազան Սերովբե  Եպիսկոպոս Իսախանյանի կողմից առաջարկ արվեց գործնական քայլերն սկսել Գերմանիայից։ Գերմանահայերի աջակցությամբ և համագործակցությամբ ստեղծել համակարգման տարբերակ՝ հարթակ և այն որպես օրինակ շղթայաձև ցանց ստեղծել սփյուռքի գաղթօջախներում, ապա և ՀՀ-ում։ Կոչին միացավ ԳՀԿԽ վարչության անդամ Սամվել Լուլուկյանը։ Կոչը մեր շրջագայության ընթացքում արձագանք և աջակցություն ստացավ հաջորդ՝ Ֆրանկֆուրտի, Մյունխենի համայնքներում, այսօր ձեր՝ Նյուրինբերգի համայնքում ենք։

Տրվեց  նաև  բոլոր համայնքներում էլ մտահոգիչ հարց ՝ ինչպե՞ս համայնքի  կյանքում ներգրավել   այն ընտանիքներին,  որոնք ապրում են  այդտեղ, բայց  համայնքային կյանքին մասնակից չեն ։

 - Պիտի առաջարկել այն, ինչ  հետաքրքրում է բոլորին, օրինակ, Բեռլինում ավանդույթ է դարձել  գերմանա-հայկական մշակութային օրերի  ամենամյա անցկացումը։ Նյուրնբերգում  ևս կարելի է տեղ հատկացնել, ունենալ մի ծրագիր  և նույն ոճը, որպեսզի մեկ դեմքով հանդես գանք դեպի գերմանական հանրությունը, այլապես այն չի տպավորվի նրանց մեջ։ Դրանից հետո երգ-երաժշտության ուղեկցությամբ հավաքվում եք մեր կենցաղին շատ հարազատ  ուտելիքի սեղանի շուրջ։

Հարցերն անսպառ էին՝ հարցից հարց ծագող, որոնց տրվում էին հիմնավոր պատասխաններ։

<<Մանիֆեստ>>-ի դրույթները հասկանալի ու հասանելի դարձան հավաքվածներին, որոնք հանդես էին գալիս իրենց հնարավոր օգնության կոնկրետ առաջարկներով, պայքարում իրենց մասնակցությունն,  ունենալու ցանկությամբ։

Ժամանակը շատ արագ էր թռչում, մտքերը, առաջարկները, ցանկությունները, հարցերը շա՜տ-շա՜տ էին։

Միքայել  Մինասյանը միաժամանակ երկլեզու թարգմանությունից թեև հոգնած, բայց կարողացավ լսարանին հասանելի դարձնել Սփյուռք- Հայաստան ենթակառույցների տեսության գաղափարների իրագործման հնարավոր տարբերակների լուծման բանալին։

Արդեն երեկո էր։ Դժվար էր հեռանալ ջերմ, հայկական միջավայրից։ Հեռանում ենք՝ մեզ հետ տանելով բոլորի հայրենակարոտ հայացքներում ծվարած, միասնական, հզոր հայրենիք ու Սփյուռք ունենալու՝ հույսով լի հայացքների ուղեկցությամբ։

 

Սեդա Վարդազարյան
«Մանիֆեստ» գիտական աշխատության խմբագիր

 


Պատկերասրահ

Տեսադարան