IMG-LOGO

Դր․ Աբրահամ Գասպարյան․ «Հայկական պետականության հեռանկարը նոր աշխարհակարգի պայմաններում. Սփյուռքի առաքելության վերաիմաստավորումը»

14-03-2024
IMG

«Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա- ՀԵՄԱ» հանրային կազմակերպությունը  հրավիրել էր ունկնդիրներին 2024թ․-ի ապրիլի 7-ին, կիրակի օրը, ժամը՝ 15:00-ին, Բեռլինի Լիխտենբերգ շրջանի Պաուլ Գերհարդի անվան ավետարանական եկեղեցու համայնքի դահլիճում, հասցեն՝ 10317 Berlin, Nöldnerstraße 43մասնակցելու քաղաքական գիտությունների դոկտոր Աբրահամ Գասպարյանի «Հայկական պետականության հեռանկարը նոր աշխարհակարգի պայմաններում. Սփյուռքի առաքելության վերաիմաստավորումը» թեմայով բանախոսության երեկոյին:

 

Իր տպավորություններով այս բանախոսության վերաբերյալ մեզ հետ կիսվեց տիկին Սեդա Վարդազարյանը իր հետևյալ հոդվածում․

 

Խենթերն են գտնում հնար․․․                                 

 

Ապրիլի 7 -ին բազմամարդ էր Բեռլինի Լիխտենբերգ շրջանի «Ամենափրկիչ» ավետարանական եկեղեցուն կից համայնքի սրահը։  Մարդիկ հավաքվել էին լսելու  ՀՀ «Գենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի տնօրեն, ABC MEDIA  (www.abcmedia.am)  մեդիացանցի հիմնադիր,  ղեկավար, Քաղաքագիտության դոկտոր, դոցենտ, մեկնաբան, ԵՊՀ-ի դասախոս Աբրահամ  Գասպարյանին։

Ունեցած կոչումները, դիրքը չէ, որ ցանկանում եմ ներկայացնել, այլ հայ մարդ, որ Սիրիայից մինչև Հայաստան ու Արցախ ծավալել է  հայրենասիրական  գործունեություն՝ նպատակ ունենալով քաղաքականապես կրթել իր լսարանին։ Պապենական ուխտի նվիրյալ հայ, ով ուխտ ունի կյանքում միշտ լինել մայր հայրենիքը զորացնողների առաջնագծում, լինել նրա պաշտպաններից մեկը, երդվյալ մեկնաբան, ով նպատակ ունի իր գործունեությամբ բացահայտել միայն և միայն ճշմարիտը, թեկուզ և այն լինի ամենավատը։  Խարազանել սուտն ու կեղծիքը, դավաճանությունը․ սթափ պահել հայ մարդու գիտակցությունը, իր հեռահար տեսանելիությամբ սպասվելիքը պարզաբանել՝ պատրաստ լինելու դիմակայել ամեն վատի, գտնել նաև նպատակին հասնելու ճանապարհներ։

Պատահական չէ, որ 2021-ին հրատարակված «Անվտանգային քաղաքական հիմնախնդիրներն ու կառույցները Սիրիայում» ժողովածուն նախատեսված է ազգային անվտանգության ակադեմիաներին, որոշումներ ընդունման կենտրոններին, միջազգայնագետներին, քաղաքագետներին և շատերին։ Մարդիկ, որոնք պարտավոր են սթափ պահել ազգային միտքն ու ուղեղը, կրթել հայ մարդուն, ձևավորել նրա աշխարհայացքը, դասեր քաղել պատմական դառն անցյալից։ Դասախոսության հենց առաջին ցուցանակն  ազդարարում է լսարանին՝ խենթերն են գտնում հնար․․․ Մենք՝ հայերս, իրոք, այսօր խենթի կարգավիճակում ենք։

 

Իրար հաջորդող բոլոր ցուցանակները՝ ուժ և իշխանություն, ազգային շահ, ծրագիր,  մեծ Հայաստան,  Ազգային պետություն, ազգային արդարապետություն Արցախի կարգավիճակի առկա քաղաքական տեսլականը,  Արցախը Ադրբեջանի կազմում, Արցախը Հայաստանի կազմում, Ազգային ինքնորոշում՝ Հայաստանին միանալու հեռանկարով, հայ-թուրքական կարգավորման ճգնաժամ, Արցախի ինքնորոշման պայքարի փուլայնացում, թուրանականության դիմադրության հնարավորություն, Սփյուռք թեմաներով տրված հիմնարար  վերլուծությունները, մտահոգ լսարանին հույսի շողեր են պարգևում կորուսյալ Արցախ աշխարհի,  Հայաստանի  ներքաղաքական կյանքի և որ հավասարակշիռ դիվանագիտությամբ ներկա աշխարհի քաոսային լաբիրինթոսում հայի ինքնությունը պահելու համար։ Ամեն ինչ ծանր ու թեթև անելուց հետո համոզիչ է կարծես, որ իրոք կա լուծում․ կա՛ հնարավորություն թե՛ կորցրածի վերադարձի, թե՛ լիահույս ոտքի կանգնելու, ուժեղանալու։ Քաղաքագետը լսարանին հուշում է իր միտքը, որ առաջ շարժվելու համար պիտի կրթվի ազգային միտքն ու հոգին։ Պարզ ու հստակ պահանջ է դրվում՝ ուժեղանալ այնքան, որ տարածաշրջանում դառնալ թելադրող, խոսք ասող։ Ոտքի կանգնել, թոթափել նվաստացման կարգավիճակը, հիշեցնելով մեզ նաև՝ «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» իմաստուն առակի խորհուրդը։ 

Կապված այսօր Հայաստանում ձևավորված հայեցակետերի հետ՝ պ․-ն Գասպարյանը դրանք պայմանականորեն բաժանել էր հինգ խմբերի։ Ի տարբերություն հայ հասարակությունը բևեռացնող դիտարկումների՝ այս խմբերը դասակարգվել էին ըստ քաղաքական համոզմունքների, արտաքին ազդակների նկատմամբ ուղղորդման, անցյալում ունեցած դերի և լուծումների սեփական առաջարկ ունենալու։ Պարոն Գասպարյանն  էլ սակայն ուներ սեփական լուծման տարբերակներ թե՛ արտաքին քաղաքականության մեջ կողմնորոշման և թե՛ ներքին խնդիրներին ցուցաբերվող ուրույն մոտեցումներում։ Հինգ ժամ տևած  հավաքից հետո լսարանը դեռևս չէր դատարկվում, հարցերն անվերջ էին, պատասխանները՝ համոզիչ։

 Հեռանում են մարդիկ՝ իրենց կողմից կամք ու հաստատակամություն  դրսևորելու հավատով, իսկ Աբրահամ Գասպարյանին ցանկանում են շրջագայության ընթացքում նորանոր լսարանների նվաճում՝ գալիք հաղթանակի հույսով։


Պատկերասրահ

Տեսադարան