Հունվարի 23-ին Բեռլինի Նոյքյոլն շրջանի Գենազարեթ մշակութային կենտրոնում «Կյանք, գովեստ և տառապանք» խորագրի ներքո մեկնարկեցին հայկական մշակույթի օրերը: Բացման արարողությանը ներկա էին Գերմանիայում ՀՀ դեսպան պարոն Աշոտ Սմբատյանը, Բեռլինի հոգևոր հովիվ Հայր Եղիշե վրդպ. Ավետիսյանը, Բեռլինի հայ համայնքների և դպրոցների ներկայացուցիչներ և Բեռլինի հոգևոր և աշխարհիկ շրջանակներից բազմաթիվ պատվարժան գերմանացի հյուրեր: ՀԵՄԱ հ/կ-ն հայկական մշակութային օրերի կազմակերպիչների տրամադրությանն էր ներկայացրել Բեռլինի Կարլսհորստ շրջանի մշակույթի տանը նախորդ տարվա Բեռլինի Գերմանա-Հայկական Մշակութային օրերի շրջանակում «Հայերի երկրի միջով» խորագրի ներքո կայացած լուսանկարների ցուցահանդեսի լուսանկարները: Այս լուսանկարներում պատկերված էին Հայաստանի չնաշխարիկ բնության, նրա ճարտարապետական հուշակոթողների և հետաքրքրաշարժ բնակիչների ու նրանց ավանդույթների թեմաներով լուսանկարներ: Վերջիններս հարստացրեցին Գեննազարեթ եկեղեցու սրահները հայկական կոլորիտով, իսկ մասնակից հյուրերը տպավորվեցին հայկական աշխարհի դիտական երփներանգով ու բովանդակությամբ:
Հայկական մշակույթում գեղարվեստը շեշտադրելու նպատակով ՀԵՄԱ հ/կ վարչությունը միջնորդական խնդրանքով դիմել էր բեռլինաբնակ արվեստագետ Ավո Առաքելյանին գեղարվեստի իր յուղանկարված մեծ չափի կտավներով մասնակցելու վերոնշյալ միջոցառմանը: Վերջինս սիրով ընդունել էր հրավերը և իր կտավները ցուցադրել Գենազարեթ եկեղեցու մեշ սրահի մուտքի մոտ: Բացման խոսքով հանդես եկան Բեռլինի Նոյքյոլն շրջանի ավետարանական եկեղեցական համայնքի գերապատվելի դր. Քրիստիան Նոթմայերը (Christian Nottmeier), միջմշակութային երկխսութեան պատասխանատու քահանաներ դր. Անդրեաս Գյոթցեն և դր. Ռայնհարթ Քեեսը (Rheinhard Kees) և ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ Ապա ելույթներով հանդես եկան հայկական մշակույթի օրերի կազմակերպիչները, Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամներ տիկին պրոֆ. դր. Թեսսա Սաֆիդիսը, դր. Ժիրայր Քոչարյանը:
ՀԵՄԱ հ/կ 1-ին Նախագահ պարոն Միքայել Մինասյանը ելույթ ունենալով՝ պատմեց «Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա» (ՀԵՄԱ) հանրային կազմակերպության առաջացման և նրա նպատակների ու արդեն տաս տարուց ի վեր գործող ծրագրերի մասին՝ այդ թվում այս կազմակերպությանը կից Բեռլինի Հայկական Դպրոցի մասին: Պարոն Մինասյանն ընդգծեց Բեռլինի Լիխտենբերգ շրջանում ամենամյա կազմակերպվող Գերմանա-Հայկական Մշակութային Օրերի զուգադրությունը Նոյքյոլն շրջանի առկա հայկական մշակույթի օրերի հետ և բարձրակարծիք գովեստի արժանացրեց այս մշակութային օրերի նախաձեռնող-կազմակերպիչ, Գեննազարեթ ավետարանական համայնքի հոգևորական պատվելի դր. Ռայնհարթ Քեեսին ու վերջինիս խոստացավ իր աջակցությունն այս օրերի միջոցառումների շարքը բարեհաջող ավարտին հասցնելու գործում: Պարոն Մինասյանը դր. Ռայնհարթ Քեեսին իր սրտագին շնորհակալությունը հայտնեց հայկական մշակութային օրերին մասնակցելու հրավերի կապակցությամբ:
Ապա ելույթ ունեցան Բեռլինի «Գիտելիք» դպրոցի հիմնադիրներ Լիլիթ Հակոբյանը և Մասիս Առաքելյանը այս դպրոցի գործուներության վերաբերյալ թեմայով: Պահպանիչ աղոթքով եզրափակեց Բէռլինի հոգևոր հովիվ Տ. Եղիշէ Վարդապետ Ավետիսյանը։ Միջոցառման երաժշտական շրջանակումը կատարեց բեռլինաբնակ ջութակահարուհի Լիլիթ Ռոստոմյանը: Բեռլինի Նոյքյոլն շրջանի հայկական մշակութային օրերը կտևեն մինչև 2020թ.-ի ապրիլի 4-ը: