IMG-LOGO

Ոգեկոչման արարողություն․ երթ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի

24-04-2021
IMG

2021թ․-ի ապրիլի 24-ը անսովոր օր էր ոչ միայն նրանով, որ Հայոց Ցողասպանության 106-րդ տարելիցի առթիվ Հայաստանի Հանրապետության դեսպանության և գերմանական Բունդեսթագի պատգամավորների կողմից  պաշտոնապես պսակ դրվեց Սբ․ Հեդվիգի եկեղեցական տաճարի հարևանությամբ գտնվող Հայկական Խաչքարի մոտ՝ ի հարգանս Հայոց Ցեղասպանության նահատակներին, իսկ Բեռլինի Հոգևոր հովիվ Հայր Եղիշե Վարդապետ Ավետիսյանի կողմից էլ կատարվեց ոգեկոչման արարողություն, այլ օրը շարունակվեց նաև երթով դեպի Բեռլինում գտնվող Գերմանիայի Քրիստոնյա Ժողովրդավարական Միություն կուսակցության նստավայր, որտեղ զորակցության կոչեր և նաև քննադատություն լսվեց գերմանական իշխող կուսակցության հասցեին՝ կապված Արցախյան վերջին պատերազմում վերջինիս դրսևորած պասիվ դիրքորաշման և 2016թ․-ի հունիսին Գերմանական Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանության վերաբերյալ ընդունած բանաձևի դրույթները չկատարելու հետ։  Ոգեկոչման արարողությանը արտասանությամբ և խմբակային կատարմամբ մասնակցեցին նաև ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի Հայկական Դպրոցի սաները։ 

 

Ապա երթը շարունակվեց դեպի Բեռլինում գտնվող Թուրքիայի դեսպանատան շենք, որտեղ ի թիվս այլ ելույթ ունեցողների՝ դր․ Ժիրայր Քոչարյանի և պրոֆ․ դր․ Թեսա Հոֆմանի կողմից անդրադարձ կատարվեց 1915թ․-ի Հայոց Ցեղասպանության գործում երիտթուրքերի մեղսակցությանը, ինչպես նաև Արցախյան վերջին պատերազմը հրահրող և Ադրբեջանին սատարող Էրդողանի արդի իշխանության վտանգավորության դերին։ Անցկացվեցին նաև պատմական զուգահեռներ 20-րդ դարի դարասկզբի և արդի շրջանում տարածաշրջանում տիրող ռազմա-քաղաքական իրավիճակների միջև։

 

ՀԵՄԱ հ/կ պատվավոր անդամ, գերմանական Բուդեսթագի նախկին պատգամավոր պրոֆ․ դր․ Մարտին Պետցոլդը գրավոր ուղերձ էր հղել բեռլինյան երթի մասնակիցներին, որն ընթերցեց ՀԵՄԱ հ/կ առաջին Նախագահ պարոն Միքայել Մինասյանը։ Ստորև այն ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը․

 

«Հարգարժան տիկնայք և պարոնայք,

սիրելի հայեր,

հայ համայնքի սիրելի բարեկամներ,

սիրելի Միքայել,

 

լարված իրավիճակը Կովկասում, տեղի ներքաղաքական դրությունը, և Գերմանիայում, ինչպես նաև Եվրոպական Միությունում բացակայող քաղաքական աջակցությունը տխուր հետք են թողել բոլորի վրա։

 

Հայաստանը Ցեղասպանությունից ավելի քան 100 տարի անց դեռևս մի պետություն է, որը ոչ բարոյական և ոչ էլ իրական աջակցություն չի ստանում Եվրոպայից, ինչն այնքան անհրաժեշտ է տևականորեն հասարակական և տնտեսական դրական զարգացման համար։

 

2016թ․-ի հունիսի 2-ին Գերմանական Բունդեսթագում ես խոսեցի Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։

Բանաձևը, որն այդ օրն ընդունվեց, պատմական էր, սակայն Հայաստանի և այդ տարածաշրջանի համար իրական փոփոխություններ ու բարելավումներ հազիվ թե բերեց։  Բացի այն սահմանումից, որ հայերի նկատմամբ կատարված ոճրագործությունը ցեղասպանություն է, չկան այլ հիշարժան արդյունքներ։

 

Ցայսօր գերմանական դասագրքերում չի հիշատակվում Հայոց Ցեղասպանության մասին։ Երտասարդ և պատանի մարդիկ պետք է համացանցում որոնեն, որ ընհանրապես այս պատմական ոճիրի վրա մարդկանց ուշադրությունը հրավիրեն։ Արդյո՞ք սա նվազագույն քայլ չեր լինի, որ գոնե այն գերմանական տեսանկյունից իրագործվեր։ Կարծում եմ, այո՝ կլիներ։

 

Որպես գերմանացի քաղաքագետ, ում արմատները հայկական են, ամաչում եմ վերոնշյալում չարվածի համար։ Չէ՜ որ մեծ հույսեր էինք կապում այն բանի հետ, որ Գերմանական Բունդեսթագում այս քննարկումները նաև կարևոր ազդակ կհաղորդեն ամբողջ տարածաշրջանին։

 

Կորոնան և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը անցած տարի հայերին ծանր կորուստներ պատճառեցին։

Ադրբեջանի կողմից սանձազերծված հարձակողական պատերազմը հազարավոր մարդկանց կյանքեր արժեցավ և նրանցից խլեց հայրենիքը։ Կովկասն այժմ առավել քան երբևէ իրենից ներկայացնում է վառոդի տակառ։

 

Եվ հենց դրա համար այն կարիք ունի հայկական ձայնի։

 

Քեզ, սիրելի՜ Միքայել, շատ շնորհակալ եմ, որ Դու այդ դերը ստանձնել ես Բեռլինում և այն ընկալում ես Գերմանիայի Հանրապետության ամբողջ դաշնային տարածքով մեկ։ Ես հետագայում էլ կլինեմ Քո և Ձեր կողքին։

 

Առողջ մնացե՜ք, եկե՜ք միասին ձայն բարձրացնենք Հայաստանի համար, որ այն վերջապես խաղաղության և ազատության մեջ աճի և բարգավաճի։ Իսկ մինչ այդ, ցավո՜ք, դեռ երկար ճանապարհ պիտի անցնենք։ 

 

Ձեր՝ Մարտին Պետցոլդ»