Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա Հ/Կ
ՀԵՄԱ

Սբ. պատարագներ

Ոտնլվա (Հովհ. ԺԳ 1-11) Ավագ հինգշաբթի օրը երեկոյան տասներորդ ժամին, կատարվում է Ոտնլվայի կարգը: Նախապես պատրաստվում է այս խորհրդավոր արարողության սպասքը, ապա եպիսկոպոսը կամ ավագագույն քահանաներից մեկը, վերցնելով սրբիչը, ծունկի է գալիս և լվանում իր հոտի անդամներից տասներկու հոգու ոտքերը: Մյուսները շրջան կազմելով երգում են «Վերաձգողն երկնից» շարականը: Լվացվածները համբուրում են Ավետարանը, սուրբ Խաչը և քահանայի աջը: Ոտնլվայի արարողությունից հետո ժողովրդին բաժանվում է օրհնված յուղ՝ տուն տանելու համար: Սա հիշատակն է Բեթանիայում՝ բորոտ Սիմոնի տանը, թանկարժեք ու ազնիվ յուղով մեր Տիրոջ օծվելու (Մատթ. ԻԶ 6-13): Նոյի օրերին մարդիկ գնացին դեպի չարը և ջրով կործանվեցին, այդ պատճառով բարեգութն Աստված նույն ջուրը դարձրեց փրկության նյութ: Քանի որ ինչպես ջրհեղեղի ջուրը կործանեց չարը և սրբեց աշխարհը, այդպես էլ մկրտության ջուրը կործանում է մեղքերն ու մաքրում բանական աշխարհը՝ մեր հոգին ու մարմինը: Ծննդոց գրքում գրված է. երբ Աստված Աբրահամին երևաց Մամբրեի կաղնու մոտ« Աբրահամը Տիրոջն ընդառաջ գնաց և գլուխը խոնարհելով մինչև գետին՝ ասաց. «Տե՜ր« եթե շնորհ գտա Քո առաջ« Քո ծառային անտես մի՜ արա« թող մի քիչ ջուր բերեն« լվան ձեր ոտքերը» (տե՜ս Ծննդ. ԺԸ 1-8): Այդ օրը հինգշաբթի էր, և այդ գիշեր Սոդոմն այրվեց: Իսկ այսօր՝ Մամբրեի կաղնու մոտ գտնվող Աբրահամի վրանի փոխարեն, ուր Տերն իջավ երկնային զորությունների հետ, Տերը Վերնատանը հավաքեց Աբրահամի որդիներին, և ինչպես Աբրահամը լվաց Տիրոջ և հրեշտակների ոտքերը, այդպես էլ Տերը լվաց աշակերտների ոտքերը: Ինչպես Աբրահամը լվացումից հետո նրանց առջև պատարագը դրեց և նրանք կերան, այդպես էլ Տերը, աշակերտների ոտքերը լվանալուց հետո, բաշխեց Իր սուրբ Մարմինն ու Արյունը: Այսօր Մամբրեի կաղնուն փոխարինեց խաչը, հորթի մորթվելու փոխարեն՝ Տերը խաչվեց, բաղարջ հացի ու կաթի փոխարեն Տերն Իր սուրբ Մարմինն ու Արյունը տվեց, իսկ յուղի փոխարեն՝ Սուրբ Հոգու օծման շնորհը: Այսպես Տերը վճարեց նախահոր՝ Աբրահամի պարտքը: Երբ Մովսես մարգարեն անապատում խորան կանգնեցրեց, ջրի ավազան պատրաստեց, որպեսզի քահանաները լվանան իրենց ոտքերն ու ձեռքերը և հետո մտնեն սրբություն: Իսկ այսօր մեր Տերը լվաց աշակերտների ոտքերը և հրամայեց մտնել Սրբության սրբոց՝ Նոր օրենքի քարոզության և քահանայագործության համար: Երբ Սողոմոնը տաճարը կառուցեց, մի պղնձյա ավազան կանգնեցրեց, որպեսզի քահանաներն ու տաճարի պաշտոնյաները նախ սրբեն ոտքերն ու ձեռքերը, հետո ուտեն սրբության հացն ու գառը և խմեն գինին: Նմանապես և մեր Տերը. նախ՝ լվաց աշակերտների ոտքերը, ապա՝ բաշխեց Իր սուրբ Մարմինն ու Արյունը և գառան փոխարեն Երկնավոր Գառը նվիրեց Աստծուն: Այս խորհրդով այժմ մենք մկրտվում ենք, խոստովանում և ապա հաղորդվում: Ինչպես Տերը մկրտվեց Հորդանանում, և Հոգին աղավնակերպ իջավ Նրա վրա, նույն խորհրդով և այժմ Տերը լվանում է աշակերտների ոտքերը, և հետո, ինչպես կրակ, Վերնատուն է իջնում Սուրբ Հոգին, որպեսզի նրանց մկրտության խորհուրդը կատարյալ լինի: Առաքյալն ասում է. «Քրիստոսն է Օրենքի վախճանը» (տե՜ս Հռոմ. Ժ 4), այդ պատճառով Տերը նախ հինը կատարեց և ապա նորի սկիզբը դրեց: Տերը բաղարջը կերավ դառը խոտերի հետ, ինչը խորհրդանշում է Հին Ուխտը, որից հետո լվաց աշակերտների ոտքերը մեղքի հնությունից ու Հին օրենքից և ապա, բաշխելով Իր սուրբ Մարմինը, հաստատեց Նոր օրենքը: Ինչպես Աստված խոնարհվեց, մարդացավ և շրջեց որպես աղքատ, այդպես այսօր խոնարհություն սովորեցրեց՝ լվանալով մարդկանց ոտքերը, որպեսզի և մենք նույնը անենք՝ ըստ այս խոսքի. «Եթե ես՝ Տերս և Վարդապետս« լվացի ձեր ոտքերը« դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ» (Հովհ. ԺԳ 14): Սրանով Տերը ցույց է տալիս, որ երկինք բարձրացնողը խոնարհությունն է, իսկ երկնքից գցողը՝ հպարտությունը: Սատանան հպարտանալու պատճառով ընկավ երկնքից, որից հետո նույն հպարտության ախտով վարակեց նախահայր Ադամին և գցեց երկիր: «Նա վեր կացավ ընթրիքի սեղանից« մի կողմ դրեց զգեստները և մի սրբիչ վերցնելով՝ մեջքին կապեց: Եվ ապա ջուր վերցնելով՝ ածեց կոնքի մեջ և սկսեց իր աշակերտների ոտքերը լվանալ և սրբել մեջքին կապած սրբիչով» (Հովհ. ԺԳ 4-5): Երբ Իսրայելի որդիները դուրս էին գալիս Եգիպտոսից, կերան զատկական գառը և անցան Կարմիր ծովը, իսկ այսօր, երբ աշակերտները կերան զատկական գառը, Տերը լվաց նրանց գարշապարները, որպեսզի նրանց համար ճանապարհ հարթի դեպի Վերին Երուսաղեմ և շավիղ բացի դեպի Կենաց ծառը: Ինչպես Տերը Մովսեսին հրամայեց հանել կոշիկները, երբ վերջինս տեսավ Աստվածության հուրը մորենու մեջ, այնպես էլ այսօր աշակերտները հանեցին իրենց կոշիկները, քանի որ անպարագրելի Աստծուն տեսան մարմնի մեջ: Եվ ինչպես Մովսեսը պետք է առաքվեր քարոզելու Իսրայելի որդիներին, այդպես էլ աշակերտները պետք է առաքվեին քարոզելու ամբողջ աշխարհին: «Եվ Տերը, մի կողմ դնելով զգեստները, մի սրբիչ է կապում մեջքին»: Որպեսզի դրանով պատռի նախահոր մաշկեղեն հանդերձը և արփիափայլ պատմուճանով ծածկի ու զարդարի մերկացածին: «Ապա կոնքում ջուր է լցնում»: Սա խորհրդանշում է Մկրտության ավազանի արգանդը, որով հեթանոսները վերստին ծնվեցին որդեգրությամբ, իսկ ջուրը լցնելը՝ մկրտելու հրամանն է առաքյալներին: «Ապա սկսում է լվանալ աշակերտների ոտքերը»: Քանի որ նեղ դռնով և անձուկ ճանապարհով պիտի գնային: Լվանում է այն, ինչն օձը խայթեց, ինչպես և ասաց. «Օձը պիտի խայթի քո գարշապարը» (տե՜ս Ծննդ. Գ 15): Տերը նրանց գարշապարը լվանում է Ավետարանի քարոզության համար, ըստ մարգարեի խոսքի. «Ի՛նչ գեղեցիկ են ոտքերը նրա« ով խաղաղության լուրն է ավետում» (Եսայի ԾԲ 7): Իսկ սրբիչով մաքրելը նշանակում է, որ մարմնի քրտինքով և չարչարանքներով մաքրելով՝ նորոգում է ներքին մարդուն, որպեսզի արյուն թափելու աստիճան հակառակվեն մարմնական հաճույքներին և թևեն դեպի կենդանության աշխարհը (տե՜ս Եբր. ԺԲ 4), ինչպես Իսրայելը Կարմիր ծովով անցնելով՝ ուղևորվեց խոստացված երկիրը: Տերը նախ Հուդայի ոտքերը լվաց, սակայն նա, ագահության ախտից կուրացած, դրանից չզարհուրեց: Ապա, երբ հերթը հասավ Պետրոսին, և Տերը մոտեցավ նրան« Պետրոսն ասաց. «Տե՜ր« Դո՞ւ ես իմ ոտքերը լվանում», այսինքն՝ Արարիչը լվանում է արարածի ոտքերը, Հրեղենը՝ հողեղենի, Վարդապետը՝ աշակերտի: Տերը նրան պատասխանեց. «Ինչ որ Ես անում եմ« դու հիմա չես իմանում« բայց հետո կիմանաս»: Պետրոսը նրան ասաց. «Իմ ոտքերը հավիտյան չես լվանա» (Հովհ. ԺԳ 6-8): Քանզի ինչպես մի ժամանակ Փիլիպպյան Կեսարիայի կողմերում Նրան Աստծու Որդի դավանեց և երանելի եղավ, քանի որ հավաստի և ստուգապես գիտեր Նրան որպես Աստված ու Արարիչ, խորհեց, թե ինչպե՞ս է հնարավոր, որ այն ձեռքերը, որոնք ստեղծել են երկինքն ու երկիրը, իր ոտքերը լվանան, և կամ ինչպե՞ս կխոնարհվի արարչական Գլուխը դեպի նրա ոտքերը: Բայց բոլորիս Տերը, կամենալով կտրել ու կարճել նրա դիմադրությունը, ասաց. «Եթե քեզ չլվանամ« Ինձ հետ մաս չես ունենա»: Այսինքն՝ եթե հակառակ ես Իմ խորհրդին, ապա Ինձնից մաս չունես և եթե չսրբվես, Ինձ հետ չես կարող հաղորդվել: Այդ խոսքից Պետրոսը զարհուրելով ասաց. «Տե՜ր« ոչ թե միայն իմ ոտքերը« այլև իմ ձեռքերն ու գլուխն էլ լվա՜»: Այսինքն՝ լվացվելով մաս կազմի ոչ միայն մեկ մասով, այլ երեք՝ հոգով, մտքով և մարմնով, կամ էլ՝ խորհրդով, խոսքով ու գործով, որպեսզի նրա հաղորդությունը Տիրոջ հետ սահմանափակ չլինի, այլ՝ անսահման ու ամբողջովին: Տերը պատասխանեց, որ մեր Գլուխն Ինքն է, և կարիք չունի սրբվելու, քանի որ մաքուր ու սուրբ է՝ և՜ բնությամբ, և՜ Հորդանանում մկրտությամբ, նաև օծմամբ այն պոռնիկ կնոջից, ով հեղեց յուղը Նրա գլխին: Իսկ աշակերտները ոտքերն են, և այդ պատճառով պետք է սրբվեն, որպեսզի սրբությամբ Տիրոջը միանան և հոդավորվեն Նրա հետ՝ լինելու անդամ Գլխին ու աշակերտ Վարդապետին: Եվ այսպես անժամանակն Աստված խոնարհվում է դեպի Իր հողեղեն ծառաների գարշապարը: Տերն ասաց. «Լվացվածին ուրիշ բան պետք չէ, քանի որ դուք բաց երեսով տեսնում եք Իմ անճառելի փառքը և հայտնապես շոշափում Կենաց Խոսքը: Ճշմարիտ եմ ասում ձեզ« որ շատ մարգարեներ ու արդարներ ցանկացան տեսնել« ինչ որ դուք տեսնում եք« բայց չտեսան« և լսել՝ ինչ որ դուք լսում եք« բայց չլսեցին, և արդ երանի ձեր աչքերին ու ականջներին: Դուք սուրբ եք այն կենաց խոսքերի համար, որ ձեզ ասացի՝ «Մաքուր եք« բայց ոչ բոլորդ» (տե՜ս Մատթ. ԺԳ 17): Սրանով դարձյալ հիշատակում է մատնիչին և ապա աշակերտներին ասում, որ նրանց ոտքերը լվաց, որպեսզի գեղեցիկ երևան լեռան վրա ավետարանիչների ոտքերը (տե՜ս Եսայի ԾԲ 7), երբ բոլորը գնան քարոզելու փրկության Ավետարանը: Երբ աշակերտների ոտքերը լվաց, զգեստավորվեց Իր հանդերձներով և նորից բազմեց: Սա նշանակում է, որ Տերը խոնարհվեց անճառ փառքից, զգեստավորվեց հողանյութ բնությամբ և մեզ ազատեց Ադամի անեծքից, որից հետո վերստին նստեց փառքի աթոռին: Եվ ապա ասում է. «Եթե Ես՝ Տերս և Վարդապետս« լվացի ձեր ոտքերը« դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ. որովհետև մի օրինակ տվի ձեզ« որ ինչպես Ես ձեզ արեցի« դուք էլ նույն ձևով անեք»: Քանի որ անկարելի է առանց խոնարհության բարձրանալ և ընկած հրեշտակների տեղը ժառանգել: Դարձյալ՝ սրանով հիշում է մատնիչին և մարգարեությամբ հանդիմանում նրան. «Մարդը« որին ես վստահում էի« և որն ուտում էր հացն Իմ« հաճախակի Իմ դեմ խաբեություն գործեց» (Սաղմ. Խ 10): Հարց. -Ինչո՞ւ նախ լվաց աշակերտների ոտքերը և հետո տվեց Իր Մարմինն ու Արյունը աշակերտներին: Պատասխան. -Կամեցավ նախ սրբել նրանց ադամական մեղքից և հետո տալ սուրբ խորհուրդը: Դրանով Տերը օրինադրեց, որպեսզի նախ մկրտվենք ու սրբվենք սուրբ Ավազանով, ապա հաղորդվենք: Տերը աշակերտներին խոնարհություն սովորեցրեց լվանալով նրանց ոտքերը, և մենք նույնպես նախ պետք է խոնարհվենք ընկերոջ առջև և ապա արժանանանք սուրբ խորհրդին, որպեսզի մեր մեջ բնակվի Քրիստոս՝ ըստ այս խոսքի. «Ես ո՞ւմ եմ նայելու« եթե ոչ հեզերին ու խոնարհներին և նրանց« ովքեր դողում են Իմ խոսքից» (Եսայի ԿԶ 2): Եվ սրանով մեր Տերը երեք խորհուրդներ կատարեց Վերնատանը, այդ պատճառով էլ մենք այս օրը երեք խորհուրդներ ենք կատարում: Նախ աղն ենք օրհնում հին պատարագի խորհրդով, ապա ոտքերն ենք լվանում, և հետո կատարվում է մեր Տիրոջ սուրբ Մարմնի ու Արյան հաղորդության խորհրդի հաստատման պատարագը: Հարց. -Ի՞նչ խորհուրդ ունի աշակերտների ոտքերը լվանալը: Պատասխան. -Ուրբաթ օրը նախաստեղծներն իրենց ոտքով գնացին դեպի արգելված պտղի ծառը, որի համար էլ Աստված դատապարտեց նրանց գարշապարը՝ ասելով օձին. «Դու պիտի խայթես նրա գարշապարը» (Ծննդ. Գ 15): Այդ պատճառով էլ լվաց աշակերտների ոտքերը և նրանց ազատեց նախաստեղծների դատապարտությունից: Դրանից հետո մարդկային ցեղն ապականվեց մեղքերով, և Աստված ջրհեղեղով սրբեց աշխարհն ու կործանեց մեղսասերներին: Իսկ այսօր մեր Տերը լվաց աշակերտների ոտքերը և շտկեց նրանց մեղավոր ընթացքից, որպեսզի նրանք սրբությամբ ծնող լինեն բոլոր հավատացյալների համար: Հեսուն Հորդանանի ջրերը ետ դարձրեց, երբ քահանաներն իրենց ոտքերը մտցրեցին գետի մեջ (տե՜ս Հեսու Գ 15-17), որից հետո ժողովուրդը ցամաքով գնաց դեպի Ավետյաց երկիր: Նույնպես և Հիսուս՝ մեր Փրկիչը, աշակերտների ոտքերը մտցնելով ջրի մեջ, ետ դարձրեց մեղքերի այն գետը, որ սկիզբ էր առնում Ադամից, և տարավ ժողովրդին Վերին Երուսաղեմ:

Աստվածաշունչ

Ղկ 4.31‐41։ Գրծ 6.8‐7.29։ Հկ 3.13‐4.6։ Հհ 1.18‐28։ Մտ 4.12‐25։ Մր 1.14‐20։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 31Եւ իջաւ Գալիլիայի Կափառնայում քաղաքը ու շաբաթ օրերը ուսուցանում էր նրանց։ 32Նրա ուսուցման վրայ զարմանում էին, որովհետեւ նրա խօսքը լի էր հեղինակութեամբ։ 33Եւ ժողովարանում մի մարդ կար, որին բռնել էր մի պիղծ դեւի չար ոգին. սա բարձր ձայնով աղաղակեց եւ ասաց. 34«Թո՛ղ տուր մեզ, Յիսո՛ւս Նազովրեցի, ի՞նչ ես ուզում մեզնից. մեզ կորստեան մատնելո՞ւ եկար. գիտենք, թէ ով ես, Աստծու Սուրբն ես դու»։ 35Յիսուս սաստեց նրան եւ ասաց. «Պապանձուի՛ր եւ դո՛ւրս ելիր դրանից»։ Դեւը մէջտեղում գետին զարկեց նրան եւ դուրս ելաւ նրանից ու որեւէ վնաս չտուեց նրան։ 36Եւ բոլորին զարմանք պատեց. իրար հետ խօսում էին ու ասում. «Ի՜նչ խօսք է այս, որ իշխանութեամբ եւ զօրութեամբ սաստում է պիղծ ոգիներին, եւ դրանք դուրս են գալիս»։ 37Եւ նրա հռչակը տարածւում էր գաւառի շրջակայքի բոլոր տեղերում։ 38Եւ նա ժողովարանից դուրս գալով՝ մտաւ Սիմոնի տունը։ 39Սիմոնի զոքանչը բարձր ջերմութեան մէջ տառապում էր։ Նրա համար Յիսուսին աղաչեցին։ 40Նա կանգնեց նրա մօտ, սաստեց ջերմին, եւ ջերմը թողեց նրան։ Հիւանդը անմիջապէս ոտքի ելաւ եւ սպասարկում էր նրանց։ 41Եւ երբ արեւը մայր էր մտնում, բոլոր նրանք, որոնք պէսպէս ցաւերով հիւանդներ ունէին, նրա մօտ էին բերում նրանց. եւ նա նրանցից իւրաքանչիւրի վրայ ձեռք էր դնում ու նրանց բժշկում։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 8Ստեփանոսը, շնորհներով եւ զօրութեամբ լցուած մի մարդ, ժողովրդի մէջ զարմանալի գործեր եւ մեծամեծ նշաններ էր անում։ 9Ոմանք այն ժողովարանից, որ կոչւում էր լիբիացիների, կիւրենացիների եւ ալեքսանդրիացիների ժողովարան, եւ ոմանք, որ Կիլիկիայից ու Ասիայից էին, Ստեփանոսի հետ վիճելու ելան։ 10Բայց նրանք չէին կարողանում դէմ կանգնել այն իմաստութեանը եւ Հոգուն, որով խօսում էր նա։ 11Այն ժամանակ հրապուրեցին մի քանի մարդկանց, որ ասեն. «Լսեցինք դրա հայհոյական խօսքեր ասելը Մովսէսի եւ Աստծու դէմ»։ 12Եւ գրգռեցին ժողովրդին, քահանաներին ու օրէնսգէտներին. եւ յարձակուելով Ստեփանոսի վրայ՝ յափշտակեցին նրան ու տարան ատեան։ 13Եւ բերեցին կանգնեցրին սուտ վկաներ, որոնք ասում էին. «Այս մարդը չի դադարում հայհոյական խօսքեր ասել այս սուրբ տեղի եւ օրէնքի դէմ. 14լսեցինք դրա բերանից, որ ասում էր, թէ՝ «Յիսուս Նազովրեցին ինքը պիտի քանդի այս տաճարը եւ փոխի այն օրէնքը, որ Մովսէսը մեզ տուեց»։ 15Եւ բոլոր նրանք, որ նստած էին ատեանում, նրան նայելով՝ տեսան, որ նրա երեսը հրեշտակի երեսի նման էր։ 7 Քահանայապետն ասաց Ստեփանոսին. «Իսկապէս դա այդպէ՞ս է»։ 2Եւ նա ասաց. «Եղբայրե՛ր եւ հայրե՛ր, լսեցէ՛ք ինձ. փառքի Աստուածը երեւաց մեր հօրը՝ Աբրահամին, մինչ նա դեռ Միջագետքում էր, եւ նրան Խառանում դեռ չէր բնակեցրել, ու ասաց նրան. 3«Դո՛ւրս ել քո երկրից եւ քո տոհմից ու արի՛ այն երկիրը, որ քեզ ցոյց կը տամ»։ 4Այն ժամանակ Աբրահամը ելնելով քաղդէացիների երկրից՝ բնակուեց Խառանում. եւ նրա հօր մահից յետոյ այնտեղից Աստուած փոխադրեց պանդխտեցրեց նրան այս երկիրը, ուր դուք այժմ բնակւում էք։ 5Այստեղ նրան եւ ոչ մի ժառանգութիւն չտուեց, ոչ իսկ մի ոտնաչափ տեղ, բայց խոստացաւ նրան այս տեղը տալ բնակութեան համար եւ իրենից յետոյ՝ նրա սերնդին, երբ դեռ նա որդի չունէր։ 6Աստուած այսպէս խօսեց. «Նրա սերունդը օտար երկրում պանդուխտ պիտի լինի, եւ նրան ծառայ պիտի դարձնեն ու չորս հարիւր տարի պիտի չարչարեն։ 7Եւ այն ազգին, որին նրանք ծառայ պիտի դառնան, ես պիտի դատեմ, – ասում է Աստուած, – եւ սրանից յետոյ պիտի ելնեն ու պիտի պաշտեն ինձ այս տեղում»։ 8Եւ նրան թլփատութեան ուխտ տուեց, ու ապա նա ծնեց Իսահակին եւ թլփատեց նրան ութերորդ օրը. եւ Իսահակը՝ Յակոբին, Յակոբն էլ՝ տասներկու նահապետներին։ 9Եւ նահապետները, Յովսէփին նախանձելով, նրան վաճառեցին, որ Եգիպտոս տարուի. բայց Աստուած նրա հետ էր 10ու ազատեց նրան իր բոլոր նեղութիւններից. եւ նրան շնորհներ ու իմաստութիւն տուեց Եգիպտոսի Փարաւոն թագաւորի առաջ. եւ նրան իշխան կարգեց եգիպտացիներին եւ նրա ամբողջ տան վրայ։ 11Եւ սով եղաւ ամբողջ Եգիպտոսում ու Քանանում. եւ մեծ նեղութիւն կար, եւ մեր հայրերը ուտելիք չէին գտնում։ 12Եւ Յակոբը լսելով, թէ Եգիպտոսում ուտելիք կայ, նախ ուղարկեց մեր հայրերին, 13իսկ երկրորդ անգամ Յովսէփը իր եղբայրներին ծանօթութիւն տուեց իր մասին, եւ Փարաւոնին յայտնի եղաւ նրա ազգատոհմը։ 14Յովսէփը մարդ ուղարկեց եւ բերել տուեց Յակոբին՝ իր հօրը եւ ամբողջ ազգատոհմին՝ եօթանասունհինգ հոգի։ 15Եւ Յակոբը Եգիպտոս իջաւ, որտեղ եւ վախճանուեցին ինքը եւ մեր հայրերը։ 16Նրանց մարմինները փոխադրուեցին Սիւքէմ եւ դրուեցին այն քարայրի մէջ, որն Աբրահամը արծաթով գնել էր Եմորի որդիներից՝ Սիւքէմում։ 17Երբ մօտեցաւ աւետեաց ժամանակը, որ Աստուած խոստացել էր Աբրահամին, ժողովուրդը Եգիպտոսում աճեց եւ բազմացաւ, 18մինչեւ որ Եգիպտոսում ելաւ մի ուրիշ թագաւոր, որ չէր ճանաչում Յովսէփին։ 19Նա հնարքներ բանեցրեց ընդդէմ մեր ազգի եւ չարչարեց մեր հայրերին՝ նրանց զաւակներին ընկեցիկ անել տալով, որ չապրեն։ 20Այդ ժամանակում ծնուեց նաեւ Մովսէսը, որն Աստծու առաջ վայելուչ էր եւ որն իր հօր տանը մեծացաւ երեք ամիս. 21եւ երբ նրան ընկեցիկ արեցին, Փարաւոնի դուստրը նրան վերցրեց եւ նրան մեծացրեց որպէս իրեն որդեգիր։ 22Մովսէսը եգիպտացիների ամբողջ իմաստութեամբ կրթուեց եւ զօրաւոր էր իր խօսքերով եւ գործերով։ 23Երբ նրա քառասուն տարին լրացաւ, նրա սրտում ընկաւ իր եղբայրների՝ իսրայէլացիների մէջ շրջելու միտքը։ 24Եւ նա մի անիրաւուած իսրայէլացու տեսնելով՝ զայրացաւ եւ զրկուածի վրէժը լուծեց եգիպտացուն սպանելով։ 25Մտածում էր, թէ իր եղբայրները կ՚իմանան, որ Աստուած իր ձեռքով նրանց փրկութիւն է տալու. բայց նրանք չիմացան։ 26Եւ յաջորդ օրը հանդիպեց երկու իսրայէլացիների, երբ նրանք կռիւ էին անում, եւ նրանց ստիպեց խաղաղութիւն անել ու ասաց. «Ո՛վ մարդիկ, եղբայրներ էք, ինչո՞ւ էք միմեանց անիրաւում»։ 27Իսկ նա, ով անիրաւում էր ընկերոջը, մերժեց նրան ու ասաց. «Քեզ ո՞վ իշխան եւ դատաւոր կարգեց մեր վրայ. 28մի՞թէ ինձ էլ սպանել ես ուզում, ինչպէս որ երէկ սպանեցիր եգիպտացուն»։ 29Եւ այս խօսքերի վրայ, Մովսէսը փախաւ ու պանդուխտ եղաւ Մադիամի երկրում, ուր ծնուեցին նրա երկու որդիները։ Յակոբոս 13Ձեր մէջ ո՞վ է իմաստուն եւ խելացի. թող նա, բարի ընթացքով, ցոյց տայ իմաստութեամբ եւ հեզութեամբ կատարած իր գործերը։ 14Իսկ եթէ ձեր սրտերում դառն նախանձ եւ հակառակութիւն ունէք, մի՛ պարծեցէք, որ սուտ էք հանում ճշմարտութիւնը։ 15Այս իմաստութիւնը ի վերուստ չէ իջած, այլ՝ երկրաւոր է, մարմնաւոր եւ դիւային. 16որովհետեւ, ուր հակառակութիւն եւ նախանձ կայ, այնտեղ կայ անկարգութիւն եւ ամէն չար բան։ 17Իսկ վերին իմաստութիւնը նախ՝ սուրբ է եւ ապա՝ խաղաղարար, հեզ, բարեացակամ, լի ողորմածութեամբ եւ բարի գործերով, մաքուր խղճմտանքով, առանց կեղծաւորութեան։ 18Արդարութեան պտուղը խաղաղութեամբ է սերմանւում նրանց համար, ովքեր խաղաղութիւն են անում։ 4 Այդ որտեղի՞ց պատերազմներ եւ որտեղի՞ց կռիւներ ձեր մէջ. չէ՞ որ ձեր այն ցանկութիւններից, որոնք կռիւ են մղում ձեր անդամների մէջ։ 2Ցանկանում էք, բայց չունէք, ուստի եւ՝ սպանում էք, նախանձում եւ չէք կարողանում ձեռք բերել ձեր ուզածը. պայքարում էք, կռւում եւ ձեռք չէք բերում, որովհետեւ չէք խնդրում։ 3Խնդրում էք եւ չէք ստանում, որովհետեւ չարամտօրէն էք խնդրում, որպէսզի այն ծառայեցնէք ձեր ցանկութիւններին։ 4Շնացողնե՛ր, չգիտէ՞ք, որ սէրը այս աշխարհի հանդէպ՝ թշնամութիւն է Աստծու դէմ, քանի որ, ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի կ՚անի։ 5Կամ թէ՝ առ ոչինչ էք համարում, ինչ որ Գիրքն ասում է. 6Եւ այդ նրա համար, որ է՛լ աւելի շնորհ տայ. դրա համար ասում է. ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 18Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միայն միածին Որդուց, որ Հօր ծոցում է. նա՛ յայտնեց Նրան։ 19Եւ Յովհաննէսի վկայութիւնը այս է. երբ հրեաները Երուսաղէմից քահանաներ ու ղեւտացիներ ուղարկեցին նրա մօտ, որպէսզի հարցնեն նրան՝ դու ո՞վ ես, 20նա խոստովանեց առանց վարանելու. խոստովանեց, թէ՝ ես Քրիստոսը չեմ։ 21Ու նրան հարցրին՝ իսկ դու ո՞վ ես, Եղիա՞ն ես։ Եւ նա ասաց՝ ո՛չ, չեմ։ Իսկ դու մարգարէ՞ն ես։ Նա պատասխանեց՝ ո՛չ։ 22Իսկ ասա՛ մեզ՝ դու ո՞վ ես, որպէսզի պատասխան տանենք նրանց, որոնք մեզ ուղարկեցին. ի՞նչ ես ասում քո մասին։ 23Նա ասաց. «Ես անապատում կանչողի ձայնն եմ, հարթեցէ՛ք Տիրոջ ճանապարհը, ինչպէս ասաց Եսայի մարգարէն»։ 24Եւ եկողները փարիսեցիների կողմից էին։ 25Նրանք հարցրին նրան ու ասացին. «Իսկ դու ինչո՞ւ ես մկրտում, եթէ դու չես Քրիստոսը, ոչ էլ Եղիան եւ ոչ էլ մարգարէն»։ 26Յովհաննէսը պատասխան տուեց նրանց ու ասաց. «Ես ձեզ մկրտում եմ ջրով. ձեր մէջ կայ մէկը, որին դուք չէք ճանաչում, 27որ գալու է իմ յետեւից, եւ որի կօշիկների կապերը արձակելու արժանի չեմ ես»։ 28Այս բանը պատահեց Բեթաբրիայում, Յորդանանի միւս կողմում, ուր գտնւում էր Յովհաննէսը եւ մկրտում։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 12Եւ երբ Յիսուս լսեց, թէ Յովհաննէսը բանտարկուել է, մեկնեց գնաց Գալիլիա։ 13Եւ թողնելով Նազարէթը՝ եկաւ բնակուեց Կափառնայումում, ծովեզերքի մօտ, Զաբուղոնի եւ Նեփթաղիմի սահմաններում, 14որպէսզի կատարուի Եսայի մարգարէի բերանով ասուած խօսքը. 15«Երկի՛ր Զաբուղոնի եւ երկի՛ր Նեփթաղիմի, ճանապա՛րհ ծովի, միւս ա՛փը Յորդանանի, Գալիլիա՛ հեթանոսների, 16խաւարի մէջ նստած ժողովուրդը մեծ լոյս տեսաւ. եւ լոյս ծագեց նրանց վրայ, որ նստում էին մահուան երկրի եւ ստուերների մէջ»։ 17Դրանից յետոյ Յիսուս սկսեց քարոզել եւ ասել. «Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է»։ 18Մինչ Յիսուս Գալիլիայի ծովեզերքով քայլում էր, տեսաւ երկու եղբայրների՝ Սիմոնին, որ Պետրոս էր կոչւում, եւ նրա եղբայր Անդրէասին. ծովի մէջ ուռկան էին գցում, քանի որ ձկնորսներ էին։ 19Եւ նրանց ասաց. «Իմ յետեւի՛ց եկէք, եւ ես ձեզ մարդկանց որսորդներ պիտի դարձնեմ»։ 20Եւ նրանք իսկոյն թողնելով ուռկանները՝ գնացին նրա յետեւից։ 21Եւ այնտեղից առաջ գնալով, տեսաւ երկու այլ եղբայրների՝ Զեբեդէոսի որդի Յակոբոսին եւ նրա եղբայր Յովհաննէսին, մինչ նաւակի մէջ էին իրենց հօր՝ Զեբեդէոսի հետ միասին եւ իրենց ուռկանները կարգի էին բերում. եւ նրանց էլ կանչեց։ 22Նրանք իսկոյն թողնելով նաւակը եւ իրենց հօրը՝ գնացին նրա յետեւից։ 23Եւ Յիսուս շրջում էր Գալիլիայի բոլոր կողմերը, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, քարոզում էր արքայութեան Աւետարանը եւ բժշկում ժողովրդի մէջ եղած բոլոր հիւանդութիւններն ու բոլոր ախտերը։ 24Եւ նրա համբաւը տարածուեց ամբողջ Ասորիքում. եւ նրա մօտ բերեցին բոլոր հիւանդներին, որոնք տառապում էին պէսպէս ցաւերով ու տանջանքներով. ե՛ւ դիւահարների, ե՛ւ լուսնոտների, ե՛ւ անդամալոյծների. եւ նրանց բժշկեց։ 25Եւ Գալիլիայից, Դեկապոլսից, Երուսաղէմից, Հրէաստանից եւ Յորդանանի միւս կողմից բազում ժողովուրդ նրա յետեւից էր գնում. եւ բժշկեց նրանց։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 14Յովհաննէսի բանտարկուելուց յետոյ Յիսուս Գալիլիա եկաւ. քարոզում էր Աստծու Աւետարանը եւ ասում. 15«Ժամանակը հասել է, եւ մօտեցել է Աստծու արքայութիւնը. ապաշխարեցէ՛ք եւ հաւատացէ՛ք Աւետարանին»։ 16Երբ նա անցնում էր Գալիլիայի ծովեզրով, տեսաւ Սիմոնին եւ նրա եղբայր Անդրէասին, որոնք ուռկանները ծովն էին գցել, որովհետեւ ձկնորսներ էին։ 17Եւ Յիսուս նրանց ասաց. «Իմ յետեւի՛ց եկէք, եւ ես ձեզ կը դարձնեմ մարդկանց որսորդներ»։ 18Եւ իսկոյն ուռկանները թողնելով՝ գնացին նրա հետ։ 19Այստեղից մի քիչ առաջ գնալով՝ տեսաւ Զեբեդէոսի որդի Յակոբոսին եւ նրա եղբայր Յովհաննէսին. սրանց էլ տեսաւ իրենց նաւակի մէջ, մինչ ուռկաններն էին կարգի բերում։ Սուրբ Գրիգոր Լուսավորչի մուտն ի վիրապ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա: Ով սիրում է իր անձը, կկորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի հավիտենական կյանքի համար: Եթե մեկն Ինձ ծառայի,Իմ հետեւից կգա. եւ ուր Ես եմ, այնտեղ կլինի եւ Իմ ծառան. եթե մեկը Ինձ ծառայի, նրան կպատվի Իմ Հայրը: (Հովհ. 12: 24-26) Հայ եկեղեցու առաջին կաթողիկոս Սբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված երեք հիշատակության օրերից այս տոնը տարվա մեջ առաջինն է: Ըստ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու տոնացույցի՝ նշվում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը (այս տարի ապրիլի 5-ին): Տոնը կատարվում է ի հիշատակություն Խոր Վիրապում Սբ. Գրիգոր Լուսավորչի կրած չարչարանքների: Ինչպես վկայում է Ագաթանգեղոս պատմիչը, երբ Տրդատ Գ Հայոց արքան հաջողությամբ դուրս է մղում թշնամիներին մեր հայրենիքից եւ նստում հոր՝ Խոսրովի մահից հետո թափուր մնացած գահին, նրա հետ Հայաստան է վերադառնում նաեւ քրիստոնեական կրթություն ստացած Գրիգոր իշխանը, որն իր հավատի զորությամբ եւ կենդանի նահատակությամբ պիտի դառնար Հայոց երկրորդ Լուսավորիչը Հայ Եկեղեցու հիմնադիրներ Թադեոս ու Բարդուղիմեոս առաքյալներից շուրջ 250 տարի հետո: Հրաժարվելով երկրպագել Անահիտ դիցուհուն՝ Գրիգոր Լուսավորիչը ենթարկվում է սոսկալի չարչարանքների, բայց հավատարիմ է մնում Աստծուն՝ աշխարհի Փրկչին, եւ արքայի կամքով նետվում է Արտաշատի մոտ գտնվող մահապարտների համար նախատեսված վիրապը, ուր մնում է 13 տարի: Համաձայն Հայոց ավանդության, Լուսավորչի վիրապը այնտեղ էր, որտեղ, հազարամյակներ առաջ Արարատից իջնելով, Նոյը զոհասեղան կանգնեցրեց Աստծուն՝ փառաբանելով Տիրոջը իր եւ իր ընտանիքի փրկության համար: 13 տարի շարունակ սուրբ Լուսավորչի անչար հոգուց եւ անքեն շուրթերից առ Աստված բարձրացածաղոթքով մահվան գուբը դարձավ դեպի փըրկություն առաջնորդող աստվածգիտության լույսի ճառագման ակունք: Բանտարկության բոլոր տարիներին Աստված չլքեց ու միայնակ չթողեց նրան՝ պարուրելով Իր հուսատու եւ փրկիչ ներկայությամբ, առանց որի անհնար կլիներ ողջ մնալ թունավոր սողունների, ցրտի ու խոնավության մեջ, թեկուզ եւ բարեպաշտ մի կին՝ երազում Աստծուց հրաման առնելով, հոգում էր նրա կերակրի մասին՝ ամեն օր մի նկանակ պատրաստելով եւ վիրապի մուտքից ներս գցելով: Առավել եւս անհնար պիտի լիներ պահպանել սթափ միտքն ու հոգու կորովը, ինչին զարմանալիորեն ականատես եղան մարդիկ, երբ տարիներ անց նրան դուրս բերեցին Խոր Վիրապից: Ըստ Ագաթանգեղոսի, Աստված գթալով այցելեց մեզ, մեծամեծ հրաշքներ ցույց տվեց մի մարդու ձեռքով, ով համբերությամբ ու հաղթությամբ տարավ բազում ու տեսակ-տեսակ փորձություններ եւ կաշկանդող վշտի մեջ Արտաշատ քաղաքում մենամարտիկ եղավ երկպատիկ բռնության դեմ, հանուն Քրիստոսիհաջողությամբ դիմացավ եւ նահատակի անուն ժառանգեց: Հասավ մինչեւ մահ եւ, Աստծո կամքով ետ դառնալով այնտեղից, եպիսկոպոս եւ հայրապետ ձեռնադրվեց, դարձավ Քրիստոսի վարդապետության պատգամավորը: Նա իր վրա վերցրեց առաքելական շնորհները եւ Թորգոմյան ազգին վարդապետեց Քրիստոսի լույսի ավետիսը: Նա հրեշտակային անարատ ու առաքինի վարք ու բարքի ու մեծ համբերության տեր այր էր, որ Քրիստոսի խոստովանողը եղավ եւ ճշմարտության վկան: Նա Հայոց աշխարհից վերացրեց կուռքերի ունայն ու սնոտի պաշտամունքը եւ փարատեց դիվապաշտության խավարը Քրիստոսի զորությամբ, հիմնեց եկեղեցիներ մեհյանների փոխարեն եւ հայ ազգին դարձրեց ճշմարիտ աստվածպաշտության: Սուրբ Գրիգոր Լուսավորչի ճգնություններին եւ անսահման համբերությանը ականատես Տրդատը, ով ստիպում էր Կենդանի Աստծո անձնուրաց ծառային երկրպագել չաստվածներին, ինքն է հրամայում քանդել մեհյանները եւ դրանց տեղում եկեղեցիներ կառուցել: Նախկին զինվորականը՝ Քրիստոսով զգեստավորված եւ ճշմարիտ Աստծո հավատով զինավառված, ոչ միայն ամբողջ արքունիքը, այլեւ բազմահազար ժողովրդին զինվորագրում է Քրիստոսի բանակին՝ մկրտելով Արածանի գետում: Հողին ի պահ տրված ցորենի հատիկը պտղաբերեց բազմապատիկ անգամ, բազմություններին կշտացրեց հոգեւոր հացով: Սուրբ Գրիգոր Լուսավորչի ճգնություններից ծնունդ առան հայոց նշանագրերը, նրա մաքառումներից՝ մեր անպարտելի Ավարայրները: Ոչ ոք այնքան պատկերավոր չի նկարագրել Սուրբ Գրիգոր Լուսավորչի կատարած գործը, որքան Հովհաննես Թումանյանը, քանզի իրապես Լուսավորիչը հայոց «մթնած երկնքից» իր հավատի, համբերության եւ անտրտունջ բարեխոսության ամուր պարանով կախեց Քրիստոսի հավատի անշեջ լույսը ճառագող մի կանթեղ, որի շողերի ներքո միայն պարզ կարելի է տեսնել հայ ազգի ապագայի պայծառ տեսիլքը: Այդ տեսիլքը իրականություն կդարձնի միայն նա, ով նկատում է այդ կանթեղը եւ նրանից ճառագող լույսը, այսինքն՝ով ըստ պատշաճի է գնահատում մեր ազգի մեծագույն Լուսավորչի՝ Սուրբ Գրիգորի անանց վաստակը: Այսօր մեզանից յուրաքանչյուրը կարող է դառնալ հողին հանձնված ցորենի հատիկի՝ Լուսավորչի գերմարդկային, անգամ հրեշտակների զարմանքը շարժած տքնություններից վերածնված հասկի մի նոր ցորենի հատիկ՝ լի նոր կյանքով, նոր ավյունով, նոր հույսերով եւ հնարավորութ յուններով, նոր նվիրումներով եւ զոհողություններով: «Սյունյաց կանթեղ» N 37