IMG-LOGO

Բեռլինում Շարունակում Են Հիշել Ու Պահաջել Արդարադատություն

26-06-2020
IMG
You are at :Accueil»Սփյուռք»Բեռլինում շարունակում են հիշել ու պահաջել արդարադատություն
Խաչքար

Բեռլինում Շարունակում Են Հիշել Ու Պահաջել Արդարադատություն

28 Apr 2019 Սփյուռք  Comments OffOn Բեռլինում Շարունակում Են Հիշել Ու Պահաջել Արդարադատություն  359 Vues
 
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումները Բեռլինում սկսվեցին ապրիլի 24-ին: Մասնակիցները նախ մոտեցան քաղաքի Սուրբ Հեդվիգի տաճարի մոտ գտնվող Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարին, ծաղկեպսակներ դրեցին՝ լռությամբ հարգելով անմեղ զոհերի հիշատակը: Հիշատակի արարողությունը շարունակվեց Բեռլինի ֆրանսիական տաճարում: Միջոցառման կազմակերպիչներն էին Գերմանիայում ՀՀ դեսպանությունը, Գերմանահայոց թեմը և Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը՝ Բեռլինի հայկական համայնքների և «Կամմերտոն» նախագծի համագործակցությամբ:
 
Միջոցառմանը ներկա էին Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներ, մի շարք պետական և քաղաքական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Երեկոյին նախ ելույթի խոսքով հանդես եկավ Համբուրգի համալսարանի պրոֆ., դր. Էլկե Հարթմանը։ Այնուհետև հնչեցին հայ և համաշխարհային դասականների ստեղծագործություններ՝ ՀՀ դեսպանության հրավերով Գերմանիա ժամանած երիտասարդ հայ երաժիշտներ Գուր Սարգսյանի, Աիդա Ավանեսյանի, Անի Բադեյանի և Բեռլինի կոնսերվատորիայի ուսանող Ժոռա Սարգսյանի կատարմամբ։ Միջոցառման ավարտին Գերմանահայոց թեմի առաջնորդ Տեր Սերովբե վարդապետ Իսախանյանը Սրբոց Նահատակաց բարեխոսական աղոթք կատարեց։ Այնուհետև ապրիլի 27-ին բեռլինահայերը հավաքվեցին թուրքական դեսպանատան առջև, հանդես եկան ցույցով:
 
Ելույթ ունեցան գերմանուհի իրավապաշտպան, «Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի» ղեկավար դր., պրոֆ. Թեսա Հոֆմանը, դր. Ժիրայր Քոչարյանը, ՀԵՄԱ ՀԿ նախագահ Միքայել Մինասյանը, հայ համայնքի ակտիվ անդամ Նուբար Գյոդելեկյանը: «Թուրքերը, բնականաբար, շատ են նեղսրտում, որ իրենց դեսպանատան առջև հավաքվում ենք ու իրենց ոճրագործ ու ցեղասպան ենք անվանում: Տեսաք, թե ինչպես մեզ հայհոյեց ավտոբուսի վարորդը, այն մյուսները: Այս տարի այս ակցիան մենք նվիրել ենք ցեղասպանության ժամանակ զոհված հոգևորականներին, հատկապես այն պատճառով, որ Էրդողանը հայտարարեց, որ Պոլսո Սուրբ Սոֆիայի տաճարը ուզում է մզկիթի վերածել: Շատ լավ առիթ է այս առումով, որ հայ հոգևոր նահատակները, որոնք գերեզման էլ չունեն, նրանց նորից հիշենք: Ամեն տարվա նման ցույցն անցկացնում ենք, որովհետև ամեն տեսակ միջոցառումների կողքին, ցույցը շատ ազդու է, որովհետև մենք չենք մոռանում և ամեն տարի հավաքվում ենք իրենց հիշեցնելու, որ կանք ու պահանջում ենք: Եվ ի վերջո ահագին գերմանացիներ են հարցուփորձ անում և տեղեկանում»,- մեզ հետ զրույցում նշեց պարոն Քոչարյանը: Հաջորդ օրը՝ ապրիլի 28-ին, բեռլինահայերը հավաքվեցին Շարլոթենբուրգ թաղամասի պատմական պանթեոնում տեղակայված օսմանյան կայսրությունում ցեղասպանվածների հուշակոթողի մոտ: Նախ Լուիզեն եկեղեցու գերեզմանատան մատուռում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության նահատակներին նվիրված հանդիսավոր ցերեկույթ:
 
Բացման խոսքով հանդես եկավ Բեռլինի հայ եկեղեցական և մշակութային համայնքի ատենապետուհի տիկին Սոնա Այպերը: Ելույթներ ունեցան նաև Բեռլինի հոգևոր հովիվ հոգեշնորհ Տեր Եղիշե վարդապետ Ավետիսյանը (խոսքը հայերենից գերմաներեն թարգմանեց Շտեֆան Հայմանը), «Օսմանյան կայսրության ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիր» ՀԿ հիմնադիր նախագահ, արամեական եկեղեցու ներկայացուցիչ Ամիլլ սարկավագ Գորգիսը, «Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի» ղեկավար, դոկտոր, պրոֆեսոր Թեսա Հոֆմանը: Հայոց Ցեղասպանության ականատեսների հուշերից ներկաների համար ընթերցեցին Գոհար Բաղդասարյանը և Անաիս Գյովեզը։ Ելույթների ընդմիջումներին երաժշտական կատարումներով հանդես եկավ ջութակահարուհի Լիլիթ Ռոստոմյանը՝ ներկայացնելով Կոմիտասի և Ռախմանինովի ստեղծագործություններից։ Հիշատակի միջոցառման ավարտին ներկաները ծաղկեպսակներով այցելեցին մատուռի հարակից բակում տեղադրուած Հայոց ցեղասպանութեան հուշակոթող՝ հարգանքի տուրք մատուցելու, ուր հոգևոր հովիվ Տեր Եղիշե վարդապետ Ավետիսյանը Սրբոց Նահատակաց բարեխոսական աղոթք կատարեց։
 
 
Գայանե Առաքելյան