IMG-LOGO

ք. Բեռլին, 2015թ.-ի ապրիլի 24-ին, ժամը՝18:00-ին. <<Բնաջնջումից հետո. ախտորոշում և համայնապատկեր>> աղոթքով հիշատակի միջոցառում

04-05-2015
IMG

Հիշում ենք և պահանջում   Ճիշտ 100 տարի առաջ, 1915թ.-ի ապրիլին սկսվեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։ Այդ օրը Երիտթուրքերը Կոնստանտինապոլսում ձերբակալեցին 2345 հայ մտավորականներ և որոշ ժամանակ հետո նրանց մեծամասնությանը սպանեցին։ Օսմանյան Կայսրությունում աղետալի չափեր ընդունեցին հայ ազգաբնակչության զանգվածային ձերբակալությունները, տեղահանությունները և ջարդերը։1,5 միլիոն հայեր դաժանաբար սպանվեցին։ Այս կոտորածներին զոհ գնացին նաև այնպիսի քրիստոնյա փոքրամասնություններ, ինչպիսին էին արամեացիները, ասորիները, խալդերը և հույները։

2015թ.-ի ապրիլի 24-ին Հայ և Եվրոպացի Մասնագետների Ասոցիացիա հ/կ-ն և Ցեղասպանության Ճանաչման Հանձնախումբ, ժողովուրդների փոխըմբռնման հ/կ-ն համատեղ կազմակերպեցին <<Բնաջնջումից հետո. ախտորոշում և համայնապատկեր>> խորագրով հուշ-միջոցառում Բեռլինի Սբ. Մարիամ Ավետարանական եկեղեցում և պահանջեցին 1915թ.-ի հայոց ցեղասպանության ճանաչում և դատապարտում համաշխարհային հասարակության կողմից։ Հիշատակի միջոցարմանը ներկա էին ավելի քան 500 հյուրեր։ <<1915/16թ.թ.-ի Հայոց ցեղասպանություն.  ախտորոշում և համայնապատկեր գերմանական տեսանկյունից>> թեմայով միջոցառմանը բանախոսեց տիկին դր. Թեսա Հոֆման-Սաֆիդիսը, իսկ նույն թեմայով հայկական տեսակետը ներկայացրեց պարոն դր. Ժիրայր Քոչարյանը։ Հուշ-միջոցառումը եզրափակվեց Բեռլինի Եկեղեցական և Մշակույթային Հայ Համայնքի ատենապետուհի տիկին Սոնա Այպերի և Բեռլինի Սբ. Մարիամ Ավետարանական եկեղեցու պատվելի պարոն Հաուսմանի համատեղ աղոտքով։ Միջոցառումը գեղարվեստորեն շրջանակվեց <<Երաժշտությունը մեղմում է ցավը>> Արատկ Կիրակոսյանի, Նելլի Շմալենբերգի, Շվեդիայից ժամանած դուդուկահար Հայկ Հակոբյանի երաժշտական կատարումներով։ 

Ողջույնի խոսքով և 1 րոպե լռությամբ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու կոչով հանդես եկավ ՀԵՄԱ հ/կ Առաջին Նախագահ պն. Միքայել Մինասյանը։

Ստորև ներկայացնում ենք տեքստն ամբողջությամբ.

 

Սբ․ Մարիամ Եկեղեցու պատվելի Հաուսման,

սիրելի քույրեր և եղբայրներ,

հարգելի հյուրեր,    

 

Թույլ տվեք ողջույնիս խսքը սկսել՝ մեկ րոպե լռությամբ հոտընկայս հարգանքի տուրք մատուցելով 1915թ․-ի Օսմայան Կայսրությունում թուրքերի կողմից իրագործված Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

-----

 

Այսօր չափազանց տխուր օր է․ տխուր է ոչ միայն այն պատճառով, որ ուղիղ հարյուր տարի առաջ հենց այս օրը Կոստանտինապոլսում ձերբակալվեցին թվով 2345 հայ ազգի մտավորականներ և ազգային գործիչներ, որոնցից մեծ մասին այնուհետև սպասվելու էր դաժան սպանություն, իսկ այդ օրը՝ ապրիլի 24-ն էլ խորհրդանշվելու էր որպես եղեռնական իրադարձությունների դատապարտման ու նրա մոտ 1,5մլն հայազգի և ընդհանուր առմամբ ևս 800.000 արամեացի, ասորի, հույն, խալդի ազգերի զոհերին հիշելու օր, այլև նրա համար, որ 100 տարի հետո էլ դեռ չեն սպիանում մեր վերքերը, 100 տարի հետո էլ դեռ սգում ենք մեր կորուստները և սգից չենք կարողանում դուրս գալ, 100 տարի հետո էլ դեռ ազգիս մեծամասնությունը օտարության դեգերումներում պայքարում է հայ մնալու համար, այսինքն՝ չմոռանալ մայրենի լեզուն, պահպանել սեփական ավանդույթները, մշակույթը, ընտանիքը, այսինքն այն ամենը, ինչը հատկանշում է ազգիս ինքնությունը, բայց և գտնվում է ուծացման եզրին:   100 տարի հետո էլ դեռ պայքարում ենք աշխարհին հայտնի այն մեկ ճշմարտությունը, որ կատարվել է մարդկության դեմ ոճրագործություն, ինչը ՄԱԿ-ի 1949թ․-ի կոնվենցիայով դատապարտվում է որպես Ցեղասպանություն, որպես այդպիսին ճանաչել տալու, պարտադրում են մեզ պատմաբանների հանձնախմբով ապացուցելու այն, ինչը վաղուց ապացուցված է բազմաթիվ գիտնականների բազում աշխատություններում, ազգիս ողբը շահարկվում է քաղաքական որոշակի արտաքին և ներքին խնդիրներ լուծելու համար, ցելասպանության ճանաչումը երկարաձգում, փորձում մոռացության մատնել այն, ընտրում մարտավարման նոր տեսակներ, ի դեմս հայի մարմնավորելով թշնամու կերպար, հայի կերպարում անցանկալի ժողովրդի հավաքական պատկերացում ձևավորելով սեփական թուրք ժոլովուրդի մոտ՝ զոհին սարքելով ոճրագործ, իսկ ոճրագործին՝ անմեղսունակ: 100 տարի հետո էլ դեռ ոչ միայն Թուրքիան, այլև բազմաթիվ քրիստոնեական երկրների խորհրդարաններ ու կառավարություններ խուսափում են պաշտոնապես եղելությունը որակել որպես Գենոցիդ՝ իրենց որոշումներում և պաշտոնական արձանագրություններում խուսափելով այդ բառից: Երեկ եւ այսօր Գերմանիայի Դաշնության Նախագահ Յոախիմ Գաուկի եւ Գերմանական Բուդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտի ելույթներում կիրառելով «Ցեղասպանություն» եզրույթը՝ մեկ և ընդմիշտ ազդարարեց, որ նմանատիպ հանցանքները երբեք չեն մոռացվում և չեն ժամկետացվում, իսկ ճանաչումն էլ մեկ քայլով եւս այդպիսով իմաստավորվեց: Սակայն նույքան հիասթափեցնող է Գերմանական կառավարության պահվածքը, որը կառչում է որոշման հայտագրի իր հին դրույթներից: 100 տարի հետո էլ դեռ հայ ժողովուրդը կանգնած է մի ճամփաբաժնի վրա, ուր փնտրում է իր կեսին կամ հայրենի Հայաստանում կամ էլ աշխարհասփյուռ հայերենակիցների մեջ և երկուստեք էլ չեն գտնում ելք առկա այսօրվա խնդիրները լուծելու, որոնք ածանցյալ մաս են կազմում պատմության այս դաժան իրադարձությունների հետևանքների: Այո', այսօր, ինչպես և ամեն տարի, մենք հիշում ենք ամեն ինչ և ամենքին, հիշում և պահանջում արդարադատության և արդարության հալթանակ: Արդարադատության հաղթանակն ինքնանպատակ չէ, այլ կոչված է ցեղասպանության հետևանքների ու բարդույթների վերացման համար լինելու առաջին քայլը: Սակայն այս քայլին հասնելու համար ևս անհրաժեշտ է վերլուծել  և տալ 100 տարի առաջ կատարվածի ախտորոշումը ու այսուհետ զարգացման ուղիները: Այս նպատակով գերմանական տեսակետն այս խնդրի կապակցությամբ այսօր և այստեղ կներկայացնի տիկին դր․ Տեսսա Հոֆմանը, իսկ հայկական տեսանկյունով կբանախոսի պարոն դր․ Ժիրայր Քոչարյանը:

Մեր հուշ-երեկոյի գեղարվեստական ձևավորմանը մասնակցում են Շվեդիայից ժամանած դուդուկահար պարոն Հայկ Հակոբյանը,  դաշնամուրային մենակատարմամբ Բեռլինից տիկին Նելլի Շմալենբերգը և երգեցողության մենակատարմամբ տենոր պարոն Արտակ Կիրակոսյանը: Հուշ երեկոն կեզրափակվի տիկին Սոնա Այպերի և Սբ․ Մարիամ եկեղեցու  պատվելի պարոն Հաուսմանի հետ համատեղ աղոթքի ընթերցմամբ:

Վերջում ցանկանում եմ իմ սրտագին շնորհակալությունը հայտնել Ավետարանական Սբ. Մարիամ եկեղեցու պատվելի պարոն Հաուսմանին, ով այսօրվա մեր երեկոյի անցկացման համար մեր տրամադրության տակ դրեց այս հոյակերտ եկեղեցու սրահը, Դաշնամուրի վարձակալման Ֆրիդրիխշտրասե Ընկերության տնօրեն պարոն Ֆոռնդրանին, ով անհատույց մեզ տրամադրեց այս դաշնամուրը ու բոլոր արվեստագետներին եւ հատկապես տիկին Սոնա Այպպերին, ովքեր իրենց կատարումներով եւ աղոթքով լիարժեքացնում են մեր այսօրվա երեկոն:

Շնորհակալություն...

Պատկերասրահ